Մոնտե Կարլո․ Նադալը շարունակում է պայքարը, Մարեյը և Վավրինկան՝ ոչ (տեսանյութ)

Մոնտե Կարլոյում շարունակվում են «Մասթերս 1000» շարքի մրցաշարի 1/8 եզրափակիչ փուլի հանդիպումները։

Աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյն անակնկալ պարտություն է կրել՝ 6։2, 2։6․ 5։7 հաշվով զիջելով իսպանացի Ալբերտ Ռամոսին։ 2 ժամ, 33 րոպե տևած հանդիպման երրորդ սեթում բրիտանացին հաշվի մեջ առաջ է եղել՝ 4։0, սակայն չի կարողացել պահպանել առավելությունը։ Մարեյը թույլ է տվել 2 կրկնակի սխալ, իրացրել է 12 հնարավոր բրեյք-փոյնթերից 6-ը, իսկ Ռամոսի ակտիվում գրանցվել է 3 կրկնակի սխալ, 7 բրեյք։ Կիսաեզրափակչի ուղեգրի համար Ռամոսը խաղալու է Խորվաթիայի ներկայացուցիչ Մարին Չիլիչի հետ։ 

Իսպանացի Ռաֆայել Նադալն այս փուլում 6։1, 6։1 հաշվով վստահ հաղթանակ է տոնել Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևի նկատմամբ։ 30-ամյա իսպանացին, ով զբաղեցնում է ATP վարկանիշային աղյուսակի 7-րդ հորիզոնականը, իրացրել է 12 հնարավոր բրեյք-փոյնթերից 5-ը և մրցակցին բրեյք անելու ոչ մի հնարավորություն չի տվել։ 1/4 եզրափակչում Նադալի մրցակիցը լինելու է Դիեգո Շվարցման (Արգենտինա) – Յան-Լեննարդ Շտրուֆֆ (Գերմանիա) զույգի հաղթողը։

Անակնկալ պարտություն է կրել նաև շվեյցարացի Ստանիսլաս Վավրինկան՝ 4։6, 4։6 հաշվով զիջելով ուրուգվայցի Պաբլո Կուևասին։ Հաջորդ փուլում Կուևասը մրցելու է ֆրանսիացի Լյուկա Պուի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում