Պաշտոնական. «Յուվենտուսը» նորեկ ունի (լուսանկար)

«Յուվենտուսն» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է «Բոկա Խունիորսի» կիսապաշտպան Ռոդրիգո Բենտակուրի տրանսֆերի մասին: Թուրինցիները 19-ամյա ֆուտբոլիստի հետ 5 տարվա պայմանագիր են ստորագրել:

Ուրուգվայցու տեղափոխության համար «Ծեր սինյորան» 9,5 միլիոն եվրո է վճարելու, որն արգենտինացիների հաշվին կփոխանցվի առաջիկա երկու տարվա ընթացքում:

Այդ գումարը կարող է ավելի մեծանալ, եթե կիսապաշտպանը հաջող ելույթներ ունենա Թուրինում: Բուենոս Այրեսը ներկայացնող ակումբը նաև կստանա իր սանի տրանսֆերի հետագա վաճառքից ստացած գումարի 50 տոկոսը: Գործարքն ուժի մեջ է մտնելու հուլիսի 1-ից:

Բենտակուրը «Բոկա Խունիորսի» կազմում 46 հանդիպման է մասնակցել, որոնցում 1 գոլ է խփել ու 2 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում