NBA-ի փլեյ-օֆֆ. Այսօր կայացած խաղերի արդյունքները (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) այսօր կայացել են 1/8 եզրափակչի երեք զույգերի երրորդ հանդիպումները:

«Օկլահոման» սեփական հարկի տակ 115:113 հաշվով հաղթել է «Հյուսթոնին»: Այդ հաղթանակի շնորհիվ ընդհանուր հաշիվը դարձել է 1:2: «Թանդերի» խաղարկող Ռասել Ուեսթբրուկը հիանալի հանդիպում է անցկացրել, որի արդյունքում վաստակել է 32 միավոր, տիրել 11 անդրադարձի ու կատարել 13 արդյունավետ փոխանցում: «Ռոքեթսի» առաջատար Ջեյմս Հարդենն իր հաշվին գրանցել է 44 միավոր:

Անչափ կարևոր հաղթանակ է տոնել Արևելյան կոնֆերենցիայի կանոնավոր առաջնությունը հաղթած «Բոսթոնը», որը հյուրընկալվելիս պարտության է մատնել «Չիկագոյին»` 104:87: Այս զույգում ընդհանուր հաշիվը դարձել է 1:2` հօգուտ «Բուլզին»:

«Լոս Անջելես Կլիպերսն» արտագնա խաղում 116:111 հաշվով հաղթել է «Յուտային»: «Ջազին» նույնիսկ չի փրկել Գորդոն Հեյվորդի վաստակած 40 միավորը: Կալիֆորնիացիների կազմում 34 միավոր է հավաքել Քրիս Փոլը, ով նաև 10 արդյունավետ փոխանցում է գրանցել: Այս զույգում «Կլիպերսը» հաշվի մեջ առաջ անցավ՝ 2։1։

Հետևեք մեզ նաև Telegram-ում