Անգլիայի գավաթ․ «Չելսին» հաղթեց «Տոտենհեմին» և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլում «Չելսին» հաղթեց «Տոտենհեմին»։

Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը 5-րդ րոպեին բացեց Վիլիանը՝ աչքի ընկնելով տուգանայինից կատարած հիանալի հարվածով։ 18-րդ րոպեին Քիստիան Էրիքսենի հաշվենկատ փոխանցումից հետո հավասարությունը վերականգնեց Հարի Քեյնը։ Խաղակեսի վերջնամասում «Չելսին» խփեց երկորդ գոլը․ 43-րդ րոպեին Վիլիանը դուբլ ձևակերպեց՝ այս անգամ դիպուկ իրացնելով 11-մետրանոց տուգանայինը։

52-րդ րոպեին «Տոտենհեմը» կրկին վերականգնեց հավասարությունը․ Էրիքսենի հերթական հիանալի փոխանցումից հետո աչքի ընկավ Դելե Ալին։ Հանդիպման վերջնամասում ավելի լավ հանդես եկան Անտոնիո Կոնտեի սաները, որոնց հաջողվեց ևս երկու գոլ խփել․ 75-րդ րոպեին աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Էդեն Ազարը, իսկ 5 րոպե անց հրաշալի հարվածով վերջնական հաշիվը ձևակերպեց Նեմանյա Մատիչը։

Եզրափակիչ խաղում «Չելսին» մրցելու է «Արսենալ» – «Մանչեսթեր Սիթի» (ապրիլի 23) զույգի հաղթողի հետ։

Անգլիայի գավաթ, կիսաեզրափակիչ

«Չելսի» – «Տոտենհեմ»՝ 4։2
Գոլերը՝ Վիլիան 5՛, 43՛ / 11-մետրանոց, Ազար 75՛, Մատիչ 80՛ – Քեյն 18՛, Ալի 52՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում