Ավարտվեց ջրացատկի Հայաստանի առաջնությունը

Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոցում ավարտվեց ջրացատկի Հայաստանի առաջնությունը:

Մեծահասակների 10 մետր աշտարակացատկում չեմպիոն դարձավ Վարդան Բայանդուրյանը: Լավագույն եռյակում նրան հաջորդեցին Վլադիմիր Հարությունյանն ու Լև Սարգսյանը:

Պատանիների աշտարակացատկում մրցանակակիրների եռյակը կազմեցին Մարատ Գրիգորյանը, Արման Ենոքյանը և Դավիթ Մովսիսյանը, իսկ աղջիկների պայքարում՝ Քրիստինե Հակոբյանը, Ալիսա Զաքարյանը և Աֆինա Գևորգյանը:

Սկսնակների 1 մետր ոստնակացատկում հաղթեցին Անի Խուրշուդյանն ու Մհեր Չիչոյանը:

Պարգևատրության ավարտին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանը միջազգային կարգի սպորտի վարպետի կրծքանշան հանձնեց Ազատ Հարությունյանին:

Աղբյուր՝ ՀԱՕԿ լրատվական

Հետևեք մեզ նաև Telegram-ում