«Յուվենտուսը» ջախջախել է «Ջենոային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 33-րդ տուրում կայացել է «Յուվենտուս» – «Ջենոա» մրցավեճը: Թուրինցիներն առաջին կեսում արագորեն լուծել են հանդիպան ելքը:

Հաշիվը բացվել է ճենովացիների պաշտպան Էսեկիել Մունյոսի ինքնագոլի շնորհիվ, ով Գոնսալո Իգուայինի փոխանցումից հետո պատահաբար գնդակն ուղարկել է սեփական դարպասը: Հաջորդ գրոհի ժամանակ Դիբալան ու Խեդիրան գեղեցիկ «պատ» են խաղարկել, ինչից հետո արգենտինացին շեշտակի հարվածով գրավել է դարպասը: Առաջին կեսի վերջնամասում Մարիո Մանջուկիչը պտտեցրած հարվածով գրավել է հեռավոր անկյունը:

Երկրորդ կեսում թուրինցիները մի փոքր թուլացրել են տեմպը և մեկ անգամ աչքի ընկել: Ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել Լեոնարդո Բոնուչին: Իտալացին սեփական կիսադաշտից գնդակով շարժվել է առաջ, շրջանցել է երկու խաղացողի և միջին տարածությունից կատարած փայլուն հարվածով վերջակետ է դրել խաղում (4:0):

Այդ հաղթանակի շնորհիվ «Յուվենտուսը» վաստակել է 83 միավոր և երկրորդ տեղում ընթացող «Ռոմայից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել, առաջ է 11 միավորով: «Ջենոան» 30 միավորով 16-րդ տեղում է:

Սերիա Ա, 33-րդ տուր
«Յուվենտուս» – «Ջենոա»` 4:0
Գոլերը՝ Մունյոս (17, ինքնագոլ), Դիբալա (18), Մանջուկիչ (41), Բոնուչի (64)

Հետևեք մեզ նաև Telegram-ում