Արտակ Օսեյան. Սա մեծ քայլ էր դեպի Եվրոպա

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը «Բանանցի» դեմ Հայաստանի գավաթի կիսաեզրափակչի պատասխան հանդիպմանը (1:0) հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփեց խաղը։ Ընդհանուր դիմակայությունում հաղթելով 3:1 հաշվով՝ «Փյունիկը» մտավ եզրափակիչ:

«Արարատի» հետ նախորդ հանդիպումից (0:0) հետո 29-ամյա մարզիչն ասել էր, որ թիմը կազմակերպված չէր գործում: 3 օրն անց հակառակ պատկերն էր:

«Զրույց ունեցանք ֆուտբոլիստների հետ, նրանք ճիշտ հետևություններ արեցին: Այսօր իրոք շատ լավ էին գործում: Խաղի կարևորությունը չափազանց մեծ էր: Սա մեծ քայլ էր դեպի Եվրոպա»,- ասաց մարզիչը։

Պետրոս Ավետիսյանը հայտացուցակում չէր: Օսեյանը հայտնեց, թե ինչու․

«Պետրոսը նախորդ խաղում մկանային վնասվածք էր ստացել, այդ պատճառով այսօր բացակայում էր»:

Բարձրագույն խմբում «Փյունիկն» առաջատարներից բավական հետ է մնացել: Այդ փաստի՝ Գավաթի խաղարկությունում լրացուցիչ մոտիվացիա առաջացնելու հնարավորության վերաբերյալ մարզիչը հետևյալ տեսակետն ունի.

«Առաջնությունն ու գավաթը մենք չենք տարանջատում: Ուրախ ենք, որ տիտղոս նվաճելու շանս ունեցանք, բայց Բարձրագույն խմբում նույնպես պետք է նույն տրամադրվածությամբ հանդես գանք»:

Այսօր «Բանանցի» մոտ կոմբիանցիոն ֆուտբոլ չստացվեց: Ի պատասխան Sport.Times.am-ի դիտարկմանը, Օսեյանը հայտնեց, թե ինչ հատուկ մոտեցմամբ էին նախապատրաստվել այսօրվա մրցակցին․

«Պաշտպանության շատ կոմպակտ խաղացինք: Մարզչի փոփոխությունից հետո «Բանանցի» խաղաոճը փոխվել է: Նրանք սկսել են միջին ու երկար փոխանցումներով ֆուտբոլ դավանել, անկյունագծերն են փոխում, փորձում են գնդակն արագորեն պաշտպանների հետևի գոտի ուղարկել: Այդ պատճառով մեր պաշտպանությունը կոմպակտ դասավորեցինք, որպեսզի նրանց այդ տարածություններից զրկենք»:

Անկախ հաղթանակից՝ «Փյունիկի» հարձակման գիծը կրկին արդյունավետ չէր…

«Եթե խոսքը Վարդան Պողոսյանի մասին է, ապա նա մեծ ծավալի աշխատանք կատարեց. անընդհատ ճնշում էր պաշտպաններին, ազատ տարածություններ փնտրում: Այդ առումով գոհ եմ, բայց հարձակվողի առաջին խնդիրը գոլ խփելն է: Խաղի կարևորությունն ավելորդ լարվածություն էր առաջացրել թիմում, այդ պատճառով խոտանը շատ էր: Ամեն դեպքում այսօր կարևորն արդյունքն էր և խաղի որակը երկրորդ պլան էր մղվել»,- ասաց մարզիչը։

«Փյունիկի» վերջին հանդիպումներում գոլերը պաշտպաններն են խփում: Այդ կապակցությամբ Օսեյանը հետևյալ կարծիքն ունի.

«Կարևորը, որ խփում ենք: Իհարկե, անհանգստացնում է հարձակվողների արդյունավետությունը, սակայն ֆուտբոլը թիմային խաղ է, որում առաջնայինը արդյունքն է»:

Այսօրվա խաղում «Փյունիկն» ընդամենը 0:1 հաշվով պարտվելու դեպքում դուրս կմնար մրցաշարից․ Sport.Times.am-ը երևանցիների մարզչին հարցրեց՝ գոլ խփելուն առաջնայինություն տրվե՞լ էր, թե ոչ:

«Իհարկե, տրվել էր: Ճիշտ է, մենք ավելի շատ երկրորդ համարով խաղացինք, հաշվի առնելով առաջին հանդիպման արդյունքը, բայց մեր նպատակն էր անպայման գոլ խփել»:

 

Միհրան Ալեքսանյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում