Հարդենն ու «Հյուսթոնը» վերջ դրեցին Ուեսթբրուկի փայլուն մրցաշրջանին (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 1/8 եզրափակչում այսօր կայացան երեք դիմակայությունների 5-րդ խաղերը:

«Հյուսթոնը» սեփական հարկի տակ 105:99 հաշվով հաղթել է «Օկլահոմային»: Այդ հաղթանակից հետո ընդհանուր հաշիվը դարձել է 4:1, ինչի արդյունքում «Ռոքեթսն» անցել է հաջորդ փուլ:

Մրցաշրջանի ամենաարժեքավոր խաղացողի մրցանակի գլխավոր հավակնորդներ Ջեյմս Հարդենն ու Ռասել Ուեսթբրուկը հերթական արդյունավետ մրցավեճն են անցկացրել: «Մորուքը» վաստակել է 34 միավոր, իսկ Ուեսթրուքն իր հաշվին գրանցել է 47 միավոր, 11 անդրադարձ ու 9 արդյունավետ փոխանցում: Այդ հանդիպումն ընթացիկ մրցաշրջանում վերջինը դարձավ 28-ամյա ամերիկացու համար:

«Սան Անտոնիո» – «Մեմֆիս» հակամարտությունում շարունակում են որոշիչ դեր ունենալ տնային խաղերը: «Սփըրսը» սեփական հարկի տակ 116:103 հաշվով պարտության է մատնել «Գրիզլիսին» ու ընհանուր հաշիվը դարձրել է 3:2:

Գրեգ Պոպովիչի թիմի կազմում կրկին առանձնացել է Կավայ Լենարդը, ով 28 միավոր է վաստակել: 26 միավոր է հավաքել «Մեմֆսի» խաղարկող Մայք Կոնլին:

Շարունակում է անկախատեսելի ընթացք ունենալ «Կլիպերս» – «Յուտա» դիմակայությունը: Նախորդ խաղում «Ջազին» հաջողվել էր հավասարացնել հաշիվը (2:2), իսկ այսօր նրանք արտագնա հաղթանակ են տոնել: Չորրորդ քառորդում հյուրերը միավորների որոշակի պաշար են ունեցել և արդյունքում կարողացել են պահպանել այն: Գրանցվել է 96:92 հաշիվը:

Կալիֆորնիացիների խաղարկող Քրիս Փոլը վաստակել է 28, իսկ «Յուտայի» թեթև հարձակվող Գորդոն Հեյվորդը` 27 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում