Մերդինյան. Աշխարհի առաջնությունում ավելի բարդ վարժություն կկատարեմ

Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճած Հարություն Մերդինյանը Երևանում մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ անդրադարձել է իր ելույթներին:

«Աշխարհի առաջնությունում ավելի բարդ վարժություն կկատարեմ, որ կարողանամ պայքարել մեդալների համար: Արեցի այն, ինչը միշտ անում եմ մարզումների ընթացքում: Կարևորը՝ ես ու մարզիչներս գոհ ենք: Դա ինձ ոգևորում է: Դաստակի վնասվածքս արդեն վերականգնվում է: Լրջորեն պատրաստվելու եմ աշխարհի առաջնությանը:

Յուրաքանչյուր մրցման պետք է առանձնահատուկ պատրաստվել: Դժվար էր իհարկե, բայց  եթե մտածեմ, որ Օլիմպիական խաղերում եզրափակիչ չեմ մտնի կամ աշխարհի գավաթում կատարումս կձախողեմ, երևի չկարողանամ մարզվել կամ լավ արդյունքի հասնել: Ինձ համար շատ ուրախալի էր, որ Եվրոպայի առաջնությունում տեղ զբաղեցրի լավագույն եռյակում: Հիմա ավելի վստահ եմ մասնակցելու առաջիկա մրցաշարերին»,- Մերդինյանի խոսքերն է մեջբերում ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հարությունը նշել է նաև, որ մրցակցությունը բավականին բարդ էր և բրիտանացի ուժեղ մարզիկների բացակայությունը չէր զգացվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում