Եվրոպայի առաջնություն. Արթուր Ալեքսանյանի մասնակցությունը հարցականի տակ է

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ապրիլի 19-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Ստայկիում (Բելառուս)։ Հայ ըմբիշները պատրաստվում են մայիսի 5-7-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը,- գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Աշխարհամասի գլխավոր ստուգատեսին մասնակցելու համար հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը թիմի կազմում ընդգրկել է Գեւորգ Ղարիբյանին (59 կգ քաշային կարգ), Կարեն Ասլանյանին (66 կգ), Ռաֆայել Ալեքսանյանին (71 կգ), Կարապետ Չալյանին (75 կգ), Սարգիս Քոչարյանին (80 կգ) և Մաքսիմ Մանուկյանին (85 կգ):

Ազգային թիմի հետ մարզվում են նաեւ Արթուր Ալեքսանյանը (98կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75կգ), Վարշամ Բորանյանը (71կգ), Արթուր Շահինյանը (85կգ): Ջուլֆալակյանն ու Բորանյանը մարզչական շտաբի որոշմամբ հանդես չեն գալու Եվրոպայի առաջնությունում, իսկ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մասնակցությունը հարցականի տակ է եւ վերջնականապես պարզ կդառնա մոտ օրերս։ Ալեքսանյանը մարզումների ժամանակ վնասել էր ծունկը։

Եվրոպայի առաջնության մրցավարական կազմում ընդգրկված է Հայաստանի մեկ ներկայացուցիչ՝ միջազգային բարձր կարգի մրցավար Ավետիք Վարդանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում