Մուայ թայի Հայաստանի հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը

Մուայ թայի Հայաստանի հավաքականը պատրաստվում է մայիսի 3-12-ը Մինսկում կայանալիք աշխարհի սիրողական առաջնությանը: Լրագրողների հետ զրույցում ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանը հայտնել է, որ Հայաստանն ունենալու է չորս ներկայացուցիչ,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

«Աշխարհի առաջնությանը կմասնակցեն Գոռ Նազարյանը, Ալբերտ Ամիրջանյանը ու եւս երկու մարզիկ Արցախից: Նրանք հանդես կգան A եւ B խմբերում: Տղաները շատ լավ պատրաստված են: Այժմ հավաք ենք անցկացնում Ռուսաստանի թիմի հետ միասին:
Այս օրերին Գոռ Գեւորգյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականի անդամ Արմեն Գրիգորյանը Բեյրութում մասնակցում է պրոֆեսիոնալ մրցաշարի: Մեծ ակնկալիքներ ունենք Գրիգորյանից»,- ասել է Բրուտյանը:

Ալբերտ Ամիրջանյանը Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն է: Մինչ այս նա ներկայացրել էր Ռուսաստանը.

«Ինձ համար մեծ պատիվ է այժմ ներկայացնել Հայաստանը: Հույս ունեմ` այս տարի աշխարհի չեմպիոն կդառնամ արդեն Հայաստանի դրոշի ներքո»,- նշել է Ամիրջանյանը:

Միջազգային օլիմպիական կոմիտեն եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ճանաչել են մուայ թայը: Սակայն, այն դեռեւս օլիմպիական մարզաձեւ չէ: 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերում մուայ թայի մարզիկներն ունենալու են ցուցադրական մրցելույթներ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում