Այն, ինչ չգիտեք Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստի մասին

Օրեր առաջ Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի (PFA) վարկածով «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն ճանաչվեց Պրեմիեր լիգայի 2016-17թթ․ առաջնության լավագույն խաղացող: Եթե PFA-ի վարկածով ԱՊԼ-ի խորհրդանշական հավաքականի վերաբերյալ հարցեր կան, ապա Կանտեի ստացած մրցանակին քչերը դեմ կարտահայտվեն։

Միակը, ով իսկապես կարող էր շրջանցել Կանտեին, Էդեն Ազարն էր, բայց ֆուտբոլիստների քվեարկությունն ամեն դեպքում հաստատեց ֆրանսիացու ֆավորիտի կարգավիճակը:

Անգլիայում երկու տարվա ընթացքում Կանտեի կենսագրությունը խորապես ուսումնասիրվել է: Թվում էր, թե նոր մանրամասներ պատմելուն կխանգարի Կանտեի համեստությունը, բայց ամեն դեպքում նոր ուշագրավ տվյալներ բացահայտվել են։

Միայն դուք չէ, որ մինչև վերջերս չգիտեիք, թե ով է Կանտեն

Ո՞վ կարող էր մտածել, որ երեխայի դեմքով և, ասես, մեղավոր ժպիտով տղան կարող էր ԱՊԼ-ի աստղը դառնալ: Հասարակ հագուստն ու համեստ պահվածքը զգացնել չէին տալիս, որ գործ ունենք Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստի հետ։

-Ներեցեք, ո՞վ եք դուք և ի՞նչ եք այստեղ անում:
-Ե՞ս։ Նգոլո Կանտեն եմ, «Լեսթերի» և Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը:

Այսպես Նգոլոյին չեն ճանաչել նախկին ակումբում՝ «Բուլոնում», որտեղ ֆրանսիացին այցելության էր գնացել։ Նույնը սպասվում էր նաև «Լեսթերին» միանալու առաջին օրերին: Ոտքը ոտքին գցած Նգոլոյին հարցնում են. «Որդիս, ո՞ւմ ես սպասում այստեղ: Մայրիկի՞դ»:

Կանտեի առաջին խաղում դարպասապահը գոլ է խփել

Պրոֆեսիոնալ կարիերան Կանտեն 2012-ին սկսեց: «Բուլոնը» տեղափոխվում էր երրորդ դիվիզիոն, և Նգոլոյին թույլատրեցին 11 րոպե խաղալ «Մոնակոյի» դեմ: Ոչնչով աչքի չընկնող սցենար թե՛ նրա, թե՛ ակումբի համար։ «Բուլոնն» արագ գոլ խփեց, բայց պարտվեց, առաձնահատուկ ոչինչ․․․ Մեկ րոպե․․․ Ամեն ինչ այդքան հեշտ չէր: Հակառակ դեպքում այդ խաղը «YouTube»-ի արխիվում չէր պահպանվի: 

Չեք հավատա, թե այդ ժամանակ ով «Մոնակոյի» համար հաղթանակ ապահովեց: Տուգանայինից ուղիղ հարվածով գոլի հեղինակ դարձավ դարպասապահ Դանիել Սուբաշիչը:

Կանտեի հաջողությունը միկրոավտոբուս բերեց հարազատ ակումբին

Սյուրենն ընդամենը 9 կմ է հեռու Փարիզից: Տեղի համանուն ակումբում 10-ամյա Կանտեն սկսեց կարիերան: Ավանդապաշտ թիմն արդեն 80 տարեկան է, թեև դեռ համեստ հաջողություններ (9-րդ դիվիզիոն) և հնարավորություններ ունի:

«Մեզանից պրոֆեսիոնալներ չեն ծնվում: Դա վիճակախաղի հաղթանակի պես է»,- ասում է Պետր Վոյտիգան՝ մանուկ Կանտեի մարզիչը: Նա և մինչև այսօր ակումբում աշխատող Թոմաշ Բժիմեկն են ֆուտբոլային աշխարհին նվիրել Կանտեին։

Սիրողական թիմի համեստ հանդերձարանում Կանտեի նկարներն են փակցված: նա «Սյուրենի» համար միայն հպարտության առիթ չէ: Նրա «Կան» տեղափոխությունը թիմին 8.000 եվրո բերեց, «Լեսթեր» տեղափոխությունը՝ 240.000: Ղեկավարությունը հատուկ ժողով հրավիրեց, քանի որ նախկինում այդքան մեծ գումարի հետ չէին առնչվել: Որոշվեց մի քանի միկրոավտոբուս գնել և լուրջ մասնագետների հրավիրել մարզչական շտաբում աշխատելու համար: «Չելսի» տեղափոխվելուց առաջ «Սյուրենում» հարց հնչեց՝ ինչի՞ վրա են ծախսելու նոր գումարը։

Փողի նկատմամբ Կանտեի վերաբերմունքի մասին որոշ բաներ է իր գրքում գրել Ջեյմի Վարդին: Ֆրանսիացին ուշացել էր մարզումից ու ակումբի կանոնների համաձայն պետք է 100 ֆունտ վճարեր: Կանտեի անգլերենն այդ ժամանակ հեռու էր կատարելությունից ու որոշ ժամանակ պահանջվեց, մինչև նա հասկացավ, թե ինչի համար պետք է շռայլեր: Նգոլոն մտքերը բարձրաձայնեց ու շրջապատող մարդկանց հարցրեց. «Ինչպե՞ս կարող եմ այդ գումարը վճարել, երբ Աֆրիկայում մարդիկ սովից մահանում են»:

Այդպես ֆուտբոլիստն առաջարկել է գումարը բարեգործական նպատակով օգտագործել:

Կանտեն և թանկարժեք մեքենաները

Վարդին հիշում է, որ Կանտեն երկար ժամանակ ոտքով էր մարզումների գնում և վստահեցնում, որ իրեն ավտոմեքենա անհրաժեշտ չէ: Նրան բացատրեցին, որ Պրեմիեր լիգայում այդպես ընդունված չէ: Արդյունքում Կանտեն «Mini» գնեց, ինչի համար չափազանց հպարտ էր։

Մինչ այդ Կանտեն ուսապարկն ուսին սկուտերով էր հասնում մարզումների, իսկ նրա խաղընկերները սպորտային մեքենաներով էին երթևեկում: Իրավիճակը փոխվեց մոր հետ զրույցից հետո: Նա պնդեց, որ որդին մեքենա գներ: Կանտե լսեց մոր խորհուրդն ու դարձավ «Renault»-ի վարորդ:

«Նա խաղից հետո կարող էր տուն գնալ, ճանապարհին մարաֆոն վազել ու հետո ընկերների հետ գնդակ խաղալ»

Կանտեի մայրը հավաքարար էր ու 9 երեխա է դաստիարակել: Հայրը մահացել է, երբ Կանտեն 11 տարեկան է եղել: Հնարավոր է, որ ջանասիրաբար աշխատելու էներգիան մայրն է որդուն փոխանցել: Մի անգամ նախկին խաղընկերներից մեկն ասաց. «Նա կարող էր խաղից հետո տուն գնալ, ճանապարհին մարաֆոն վազել, հետո ընկերների հետ գնդակ խաղալ»:

Վարդին համաձայնում է. «Մարզման ժամանակ գնդակը պահելու վարժություն ունեինք: 11 հոգի՝ երկուսի դեմ: Ես արդեն կասկածում էի, որ Կանտեն դիտմամբ է սխալվում փոխանցումներում, որ նորից խլի այն: Դա զվարճալի էր նրա համար»:

«Լեսթերում» Կանտեին չվերահսկվող ձգտման համար «խելագար» էին անվանում: Ամեն ինչ ծայրահեղության էր հասնում: Ռանյերին խնդրում էր հանդարտվել ու խնայել ուժերը․ Նգոլոն նույնն էր անում, մոռանում ամեն ինչի մասին, վազում իր նպատակի հետևից:

«Կանում» էլ նույն բանն էր անում, վստահեցնում է նախկին խաղընկերը. «Նա բոլորից շուտ՝ 08։00-ին գալիս էր մարզման ու շարունակում պարապել, երբ բոլորն արդեն գնում էին: Դա ուղղակի նրա արյան մեջ է: Նա չի փոխվել… Նա շատ չի խոսում, բայց բնավորությունը գրված է դեմքին: Անգլիայում թողած տպավորությունը չի տարբերվում իրականությունից: Նա իրականում լավ տղա է»:

Պրոֆեսիոնալիզմ, պատասխանատվություն։ Իսկ դուք կարո՞ղ եք այդպես։ Մի անգամ 2 շաբաթով նրա մոտ է հյուրընկալում ընկերը, ով մինչև հիմա էլ «Սյուրենում» է խաղում: Նա հետևեց Կանտեի կյանքին ու սարսափեց. աստղային կիսապաշտպանը մարզվում է, քնում… ու վերջ: Ոչ մի ակումբ կամ ժամանցի վայր:

Կանտեն կարծում էր, թե բավականաչափ լավը չէր Ֆրանսիայի հավաքականի համար

Կանտեն 2016-ի մարտի 29-ին՝ ծննդյան օրն առաջին անգամ խաղաց Ֆրանսիայի հավաքականում: Հիանալի նվեր էր․ ֆրանսիացիները 4:2 հաշվով հաղթեցին Ռուսաստանին, իսկ Նգոլոն գոլի հեղինակ դարձավ: Հետաքրքիր է, որ ֆուտբոլիստն ի սկզբանե մտադիր էր Մալիի կազմում խաղալ, քանի որ ծնողներն այնտեղից էին: Երբ «Լեսթերում» ակնարկեցին, որ հիմարություն է Ֆրանսիայի հավաքականից հրաժարվելը, Կանտեն մտավախություն ուներ. նրան թվում էր, թե չի համապատասխանում Դեշամի թիմի մակարդակին:

Կանտեի դեպքում երազանքներն իրականանալիս 100% են իրականանում: Միջազգային առաջին խաղում նա Լասանա Դիարային փոխարինեց․ ֆուտբոլիստի, ով միշտ հիացրել է Կանտեին ու օրինակ ծառայել: 

Կանտեին չէին վստահում, սակայն բոլորից շատ նա ինքն էր կասկածում իր ուժերին

Հնարավոր է, որ Կանտեն ինքն էլ չէր պատկերացնում՝ սովորելու ձգտումը որքան հեռու կտանի իրեն։ Էրիկ Վանդենեբելը՝ «Բուլոնի» նախկին խաղընկերը, պաշտում է հրապարակել անցյալի դրվագները․․․

Նա և Կանտեն հեռուստացույցով Եվրոպա լիգայի խաղերն էին դիտում: Էրիկը շրջվեց ու ասաց Նգոլոյին. «Կգա օրը, և դու էլ նման խաղի կմասնակցես»: Նգոլոն ժպտաց ու թափ տվեց ձեռքը. «Վերջացրու: Հնարավորություն չկա»:

Հաջորդ մրցաշրջանի ընթացքում Կանտեն մերժվեց ֆրանսիական 5 ակումբի կողմից: Մարդիկ կասկածում էին նրան ու հավաստիացնում, թե այդ հասակով մեծ ֆուտբոլում նա անելիք չուներ: Ինչի մասին է խոսքը, եթե անգամ Կլաուդիո Ռանյերին Կանտեին չէր տեսնում Պրեմիեր լիգայում․․․ Անգլիայի բախտը բերեց, որ սկաուտ Սթիվ Ուելշն առաջ տարավ իր տեսակետը: Մի քանի օր Կանտեի հետ աշխատելուց հետո Ռանյերին մոտեցավ Ուելշին ու ասաց. «Այլևս երբեք ինձ չլսես: Ինքս չգիտեմ, թե ինչի մասին եմ խոսում»:

Աղբյուր՝ Sports.ru

Հետևեք մեզ նաև Telegram-ում