NBA. «Կլիպերսը» դուրս է մնացել պայքարից. Սկսվել է քառորդ եզրափակիչը (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) կայացել են փլեյ-օֆֆի երկու հանդիպումներ:

1/8 եզրափակիչների ամենաերկար դիմակայությունը «Լոս Անջելես Կլիպերսի» ու «Յուտա Ջազի» միջև էր: Հաղթողը որոշվել է 7-րդ մրցավեճում, որը կայացել է Կալիֆորնիայում: Գրեթե ամբողջ հանդիպման ընթացքում «Յուտան» հաշվի մեջ առաջ է եղել և արդյունքում 104:91 հաշվով հաղթանակ տոնել:

Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է «Ջազի» թեթև հարձակվող Գորդոն Հեյվորդը, ով վաստակել է 26 միավոր: «Կլիպերսի» կենտրոնական Դեանդրե Ջորդանն իր հաշվին գրանցել է 24 միավոր ու 17 անդրադարձ:

Այսպիսով, «Յուտան» մտավ հաջորդ փուլ և դարձավ «Գոլդեն Սթեյթի» մրցակիցը:

Միաժամանակ մեկնարկել է քառորդ եզրափակիչը: Արևելյան կոնֆերենցիայում «Բոսթոնն» ընդունել է «Վաշինգտոնին», որին հաղթել է 123:111 հաշվով:

Հիանալի հանդիպում է անցկացրել «Սելթիկսի» խաղարկող Այզեա Թոմասը. նա հավաքել է 33 միավոր ու կատարել 9 արդյունավետ փոխանցում: «Վիզարդսի» կազմում առանձնացել է Բրեդլի Բիլը (27) միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում