ԵԱ․ Պայքարի մեջ կմտնեն Նարեկ Սիրունյանը և Գեորգի Կետոևը

Սերբական Նովի Սադում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը․ այսօր պայքարի մեջ կմտնեն 65 կգ և 97 կգ քաշային կարգերի ազատոճայինները։

65 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է Հայաստանի չեմպիոն Նարեկ Սիրունյանը, ով մարտին արծաթե մեդալ էր նվաճել Ստամբուլում կայացած Յաշար Դոգու մրցաշարում։ Այս քաշային կարգում հայտավորված է 19 ըմբիշ։ Վիճակահանության արդյունքում Նարեկ Սիրունյանը մրցաշարային ցանցի ստորին հատվածում է հայտնվել և պայքարը կսկսի որակավորման փուլից․ նրա մրցակիցը Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Սեմսորովն է։

Սիրունյանին բավականին բարդ վիճակահանություն է բաժին ընկել: Մրցաշարային ցանցի ստորին հատվածում են Օլիմպիական խաղերի մասնակից, վրացի Զուրաբի Յակոբաշվիլին, Եվրոպայի առաջնության մրցանակակիր, թուրք Մուստաֆա Կայան, ում Սիրունյանը 0։10 հաշվով պարտվել է Յաշար Դոգու մրցաշարի եզրափակչում, Եվրոպական խաղերի և Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, ռուս Իլյաս Բեկբուլտովը և Ադրբեջանը ներկայացնող, ազգությամբ դաղստանցի Գիտինոմագոմեդ Գաջիևը։

97 կգ քաշային կարգում մեդալների համար կպայքարի 21 ըմբիշ։ Հայաստանը ներկայացնող Գեորգի Կետոևը ևս հայտնվել է մրցաշարային ցանցի ստորին հատվածում և պայքարը կսկսի որակավորման փուլից․ նրա մրցակիցը կլինի բելգիացի Տարիկ Ազուզին։

Նախնական գոտեմարտերը սկսվելու են Երևանի ժամանակով 12։00-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում