ՉԼ․ Իգուայինի դուբլի շնորհիվ «Յուվենտուսը» հաղթեց «Մոնակոյին» կիսաեզրափակչի առաջին խաղում (տեսանյութ)

Թուրինի «Յուվենտուսը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում հաղթեց «Մոնակոյին»։ Մոնակոյի «Լուի II» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 0։2 հաշվով։

Հաշիվը բացվեց 29-րդ րոպեին․ թուրինցիների հիանալի կոմբինացիայի արդյունքում Դանի Ալվեսի փոխանցումից հետո Գոնսալո Իգուայինն առաջ մղեց հյուրերին։ Երկրորդ խաղակեսում՝ 59-րդ րոպեին, կրկին աշխատեց Ալվես-Իգուային համագործակցությունը․ բրազիլացին եզրից գնդակը հասցեագրեց տուգանային հրապարակում գտնվող արգենտինացուն, ով էլ երկրորդ անգամ գրավեց Դանիել Սուբաշիչի պաշտպանած դարպասը։

«Մոնակոյի» ֆուտբոլիստների՝ առջևի գծում վտանգավոր պահեր ստեղծելու ջանքեր ապարդյուն անցան, և Ջանլուիջի Բուֆֆոնը, ով Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում ընդամենը 2 գոլ է բաց թողել, մրցաշարի 6-րդ անընդմեջ խաղում անառիկ պահեց սեփական դարպասը։

«Յուվենտուս» – «Մոնակո» պատասխան հանդիպումը կայանալու է մայիսի 9-ին։ Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ փուլի մյուս զույգի՝ «Ռեալ» – «Ատլետիկո» առաջին խաղում Զինեդին Զիդանի թիմը 3։0 հաշվով հաղթանակ է տոնել։

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում

«Մոնակո» – «Յուվենտուս»՝ 0։2
Գոլերը՝ Իգուային 29՛, 59՛

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում