Ալեգրի. Բուֆֆոնը փրկեց, իսկ Պյանիչի վրա զայրացած եմ

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ամփոփել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Մոնակոյի» նկատմամբ տոնած արտագնա հաղթանակը (2:0):

«Հարկավոր է գովեստի խոսքեր ասել մեր թիմի հասցեին, որովհետև բարդ հանդիպում էր: «Մոնակոյի» ֆուտբոլիստները տեխնիկապես շատ լավ են պատրաստված:  0:0 հաշվի ժամանակ մի քանի սխալներ թույլ տվեցինք, բայց Բուֆֆոնը փրկեց մեզ: Երբ
խաղադաշտում ծանր իրավիճակ է, Ջանլուիջիի վրա կարելի է հույս դնել: Նա աշխարհի լավագույն դարպասապահն է և միշտ պատրաստ է մեծ խաղերին:

«Յուվենտուսը» վատ տեսք չուներ խաղասկզբում, բայց տեխնիկական տեսանկյունից կարող էինք ավելի լավ հանդիպում անցկացնել: Այնուամենայնիվ, գոլ խփեցինք հակագրոհի ժամանակ, ինչը «Մոնակոյի» գլխավոր զենքն է: Մենք իսկապես շատ բարդ մրցակից ունենք:
Խիստ զայրացած եմ Պյանիչի վրա: Նա կարող է աշխարհի լավագույն կիսապաշտպանների եռյակում լինել, բայց ամեն անգամ, երբ սխալ փոխանցում է կատարում, իրեն այնպես է պահում, կարծես դա աշխարհի վերջն է: Նրան հարկավոր է նման իրավիճակներում հանգիստ մնալ: Միրալեմը դեռ իր ներուժի մի մասն է ցուցադրել:

Մեր թիմը հիանալի մրցաշրջան է անցկացնում: Նույն կերպ շարունակելու համար հարկավոր է հանգիստ ու կենտրոնացված մնալ»,- 49-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում «Football Italia»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում