ԵԱ․ Հայաստանի հավաքականը կարող է նվաճել 3-րդ բրոնզե մեդալը

Այսօր ազատոճային ըմբիշները ավարտում են իրենց ելույթները ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում: Մրցումային չորրորդ օրը գորգ դուրս եկան 70 կգ և 125 կգ քաշային մարզիկները:

70 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Վալտեր Մարգարյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը ռուս Իսրաիլ Կասումովն էր. գոտեմարտն ավարտվեց ժամանակից շուտ` 11:0 հաշվով՝ հօգուտ Կասումովի: Ռուս ըմբիշը կիսաեզրափակչում զիջեց Լեհաստանը ներկայացնող Մագոմեդմուրադ Գաջիևին, ինչի հետևանքով Վալտերը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

125 կգ քաշային կարգում Լևան Բերիանիձեն նույնպես պայքարը սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ 5:0 հաշվով հաղթեց մոլդովացի Անդրեյ Ռոմանովին: 1/4 եզրափակչում նա հանդիպեց Ադրբեջանը ներկայացնող Ջամալադին Մագոմեդովին և զիջեց 1:3 հաշվով: Քանի որ ադրբեջանցին հասավ մինչև եզրափակիչ, Լևանը հնարավարություն ստացավ մասնակցելու սփոփիչ գոտեմարտին և 5:3 հաշվով առավելության հասավ Բելգիայի ներկայացուցիչ Հաջիմուրադ Իստապաևի նկատմամբ:

Երեկոյան մրցահերթում Բերիանիձեն կպայքարի բրոնզե մեդալի համար, իսկ նրա մրցակիցը կլինի Սոսլան Գոգաևը` Սլովենիայից:

Հիշեցնենք, որ երեկ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր են դարձել Վալոդյա Ֆրանգուլյանը և Գրիգոր Գրիգորյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում