ԱՊԼ․ Ովքե՞ր են հավակնում ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը

Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հավակնում են ապրիլ ամսվա լավագույն խաղացողի կոչմանը։

7 թեկնածուներն են Սերխիո Ագուերոն («Մանչեսթեր Սիթի»), Էրիկ Բային («Մանչեսթեր Յունայթեդ»), Քրիստիան Բենտեկեն («Քրիսթալ Փելաս»), Քրիստիան Էրիքսենը, Սոն Հին Մինը, Յան Վերտոնգենը (բոլորը՝ «Տոտենհեմ»), Էդեն Ազարը («Չելսի»)։

Ապրիլին Սերխիո Ագուերոն մասնակցել է 6 խաղի, խփել է 5 գոլ, կատարել է 1 գոլային փոխանցում։ Բային մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» 7 հանդիպումներին, որոնցում թիմը 3 հաղթանակ է տոնել և 4 ոչ-ոքի գրանցել։

Էդեն Ազարը նախորդ ամսվա ընթացքում անցկացրած 6 խաղում 4 գոլ է խփել, 1 արդյունավետ փոխանցում կատարել։ Բենտեկեն 7 խաղում 5 գոլ է խփել և 1 գոլային փոխանցում կատարել։

Ինչ վերաբերվում է «Տոտենհեմի» ֆուտբոլիստներին՝ Սոն Հին Մինը 6 խաղում խփել է 5 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում, Էրիքսենն իր ակտիվում 2 գոլ և 2 գոլային փոխանցում է գրանցել, իսկ Վերտոնգենն առանց փոխարինման մասնակցել է իր թիմի բոլոր խաղերին։

Հաղթողի անունը հրապարակվելու է մայիսի 12-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում