Իգուայինի գոլի շնորհիվ «Յուվենտուսը» խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 35-րդ տուրի շրջանակում կայացավ թուրինյան դերբին՝ «Յուվենտուսը» հյուրընկալեց «Տորինոյին»։

Հանդիպման հաշիվը բացվեց երկրորդ խաղակեսում՝ 52-րդ րոպեին աչքի ընկավ Ադեմ Լյայիչը։ 57-րդ րոպեից հյուրերը խաղացին 10 հոգով․ երկրորդ դեղին քարտը ստանալով՝ խաղադաշտից հեռացվեց Աֆրիյե Ակվան։ Չնայած թվային առավելությանը՝ Մասիմիլիանո Ալեգրիի թիմին միայն ավելացված ժամանակում հաջողվեց խուսափել պարտությունից․ 92-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Գոնսալո Իգուայինը։

Նշենք, որ 2015 թվականի սեպտեմբերի 23-ից հետո («Ֆրոզինոնեի» հետ ոչ-ոքիից (1:1) հետո) «Յուվենտուսն» Իտալիայի առաջնության շրջանակում սեփական հարկի տակ միավոր չէր կորցրել․ թիմը հաղթել էր տնային 33 անընդմեջ խաղում։

Այս ոչ-ոքիից հետո «Յուվենտուսն» ունի 85 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ տեղում գտնվող «Նապոլիին» գերազանցելով 8 միավորով։ «Տորինոն» 50 միավորով 9-րդ տեղում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում