«Ալաշկերտի» պաշտպան. Դանիացի սկաուտներին դուր էր եկել իմ խաղը

«Ալաշկերտի» կազմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում համալրած սերբ պաշտպան Դանիել Ստոյկովիչը ամրապնդվել է մեր թիմի մեկնարկային կազմում և վերջին հանդիպումներում աչքի է ընկնում վստահ և հաջող գործողություններով:

Երևանյան ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցի առաջին հատվածում 26-ամյա ֆուտբոլիստը պատմել է Սերբիայի առաջնությունում անցկացրած տարիների, տեղի տաքարյուն երկրպագուների, Դանիայի առաջնություն տեղափոխվելու առաջացած տարբերակի և «Շիրակի» նախկին հարձակվող Ֆոֆանա Բեկոյի հետ խաղերի մասին:

-Դանիել, Սերբիայում դու խաղացել ես Բարձրագույն խմբի «Բորցա», «Ռադնիկ», ՕՖԿ, «Վոզդովաց» ակումբներում և մեծ փորձ ես կուտակել: «Պարտիզանի» դեմ հանդիպումներում դու մրցակցել ես նաև «Շիրակի» նախկին հարձակվող Ֆոֆանա Բեկոյի հետ: Պատմիր մեզ Սերբիայի Սուպերլիգայում անցկացրած ժամանակահատվածի մասին:

-Սերբիայի Սուպերլիգան շատ ուժեղ և տեխնիկապես հագեցած մրցաշար է: Այնտեղ բավականին լուրջ մրցակցություն կա և որակյալ թիմեր են հանդես գալիս: Սերբիայում խաղալով, իրոք, մեծ փորձ եմ կուտակել: Երկու անգամ հանդիպել եմ Բեկոյի հետ խաղադաշտում, երբ մրցում էին «Պարտիզանն» ու «Վոզդովացը»: Մեկ խաղում մենք հաղթեցինք, իսկ մյուսում հաջողությունը մրցակցի կողմն էր:

-Նկարներից մեկում դու շրջապատված ես մառախուղով, որն առաջացել էր երկրպագուների նետած ճայթրուկների հետևանքով: Ո՞ր խաղում էր դա տեղի ունեցել և արդյո՞ք հաճախ են նման միջադեպեր տեղի ունենում Սերբիայում:

-Դա տեղի էր ունեցել «Պարտիզանի» դեմ խաղում: Սերբիայում ֆանատները, և հատկապես «Պարտիզանի» ուլտրասները, շատ տաքարյուն են: Մենք հաղթում էինք 1:0 հաշվով և դա, իհարկե, դուր չէր գալիս բելգրադցիների երկրպագուներին, որոնք սկսեցին ճայթրուկներ նետել խաղադաշտ: Հարկադրված ընդմիջումից հետո «Պարտիզանը» կարողացավ բեկել հանդիպման ընթացքը և հաղթանակ տանել:

-Անցյալ ամառ դու մոտ էիր Դանիայի Բարձրագույն խմբի «Հորսենս» ակումբ տեղափոխվելուն:

-Այո, «Հորսենսի» սկաուտները հետևել էին իմ խաղին «Պարտիզանի» և «Ցրվենա Զվեզդայի» դեմ հանդիպումներում ու հրավիրել էին փորձաշրջանի: Առաջին մարզումների ընթացքում ես լավ տպավորություն թողեցի և ակումբը պատրաստվում էր ինձ պայմանագիր առաջարկել: Ցավոք, հերթական մարզման ընթացքում վնասվածք ստացա, շարքից դուրս մնացի 1.5 ամսով և ստիպված էի վերադառնալ Սերբիա:

-Արդյո՞ք հրավիրվել ես Սերբիայի պատանեկան կամ երիտասարդական հավաքականներ:

-Ոչ, սակայն փոխարենը հանդես եմ եկել Բելգրադի հավաքական թիմում, որտեղ շատ ուժեղ ֆուտբոլիստներ էին հանդես գալիս:

Շարունակելի…

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում