Չեմպիոնների լիգա․ «Յուվենտուսը» դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա․ «Յուվենտուսը» դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

«Յուվենտուսը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 2016-17թթ․ խաղարկության եզրափակիչ՝ հաղթահարելով «Մոնակոյի» արգելքը։

Կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում թուրինյան թիմը 2։0 հաշվով էր առավելության հասել «Մոնակոյի» նկատմամբ, իսկ պատասխան խաղում հաղթեց 2։1 հաշվով։ Ինչպես առաջին խաղում, այնպես էլ այսօրվա հանդիպմանը «Յուվենտուսի» հաղթանակում մեծ ներդրում ունեցավ Դանի Ալվեսը։

Բրազիլացին առաջին խաղում երկու գոլային փոխանցում էր կատարել, իսկ պատասխան խաղում մասնակցություն ունեցավ առաջին գոլին և դարձավ գոլի հեղինակ։ 33-րդ րոպեին հաշիվը բացեց Մարիո Մանջուկիչը, իսկ 11 րոպե անց հրաշալի գոլի հեղինակ դարձավ Ալվեսը։

Երկրորդ խաղակեսում «Մոնակոյին» հաջողվեց միայն մեկ գոլ խփել․ 69-րդ րոպեին 18-ամյա Կիլիան Մբապեն ընդհատեց Ջանլուիջի Բուֆֆոնի՝ «չոր» հանդիպումների շարքը (6)։ 39-ամյա դարպասապահը Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում ընդամենը 3 գոլ է բաց թողել։

Հավելենք, որ հունիսի 3-ին, Քարդիֆում կայանալիք եզրափակիչ խաղում «Յուվենտուսը» խաղալու է «Ռեալ» – «Ատլետիկո» զույգի հաղթողի հետ։ Այս թիմերի առաջին խաղում «Ռեալը» 3։0 հաշվով հաղթանակ է տոնել, իսկ պատասխան հանդիպումը կայանալու է մայիսի 10-ին։ 

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Յուվենտուս» – «Մոնակո»՝ 2։1 (ընդհանուր՝ 4։1)
Գոլերը՝ Մանջուկիչ 33՛, Ալվես 44՛ – Մբապե 69՛ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում