Երբ հարևանները հանդիպում են եվրոպական արենայում

Երբ հարևանները հանդիպում են եվրոպական արենայում

Մադրիդի ուժեղագույն ակումբները՝ «Ռեալը» և «Ատլետիկոն» կրկին մրցում են Չեմպիոնների լիգայում: Առիթն օգտագործելով՝ հիշենք եվրոպական արենայում հարևան թիմերի հանդիպումները։

Սկսենք հենց այդ թիմերի դիմակայությունից.

Եվրոպական չեմպիոնների գավաթ, 1958-59թթ․ մրցաշրջան, կիսաեզրափակիչ
«Ռեալ» – «Ատլետիկո»՝ 2:1, «Ատլետիկո» – «Ռեալ»՝ 1:0 (ընդհանուր՝ 2:2, «Ռեալը» 2:1 հաշվով հաղթել է Սարագոսայի վերախաղարկման արդյունքում)

Քանի որ այդ տարիներին մրցաշարում դեռևս չէր գործում արտագնա խաղի կանոնը, ոչ-ոքի արդյունքից հետո մադրիդյան թիմերը ստիպված եղան հաղթողին լրացուցիչ խաղով վճռել: Սարագոսայում «Ռեալը» 16-րդ րոպեին առաջ անցավ Պակո Խենտոյի և Ալֆրեդո դի Ստեֆանոյի ջանքերով, բայց 2 րոպե անց Էնրիկե Կոլյարը հավասարեցրեց հաշիվը: Ընդմիջումից առաջ Ֆերենց Պուշկաշն օգտվեց «Ատլետիկոյի» պաշտպանության սխալներից ու իր պասիվ՝ աջ ոտքով վճռորոշ գնդակը խփեց: 

Չեմպիոնների լիգա, 2002-03թթ․ մրցաշրջան, կիսաեզրափակիչ
«Միլան» – «Ինտեր»՝ 0:0, «Ինտեր» – «Միլան»՝ 1:1 (ընդհանուր՝ 1:1, «Միլանը» հաղթեց արտագնա գոլի կանոնով)

Պաոլո Մալդինին 56 անգամ մասնակցել է միլանյան դերբիի՝ ռեկորդային ցուցանիշ: Նրա խոսքով, 2003 թվականը թիմի համար ամենալարվածն էր․ «Դա պարզապես լարվածության ու էմոցիաների համադրություն էր»։

Առաջին խաղի գոլազուրկ ոչ-ոքիից հետո «Միլանը» պատասխան խաղում առաջ անցավ Անդրեյ Շևչենկոյի գոլի շնորհիվ, բայց 83-րդ րոպեին Օբաֆեմի Մարտինսը հավասարեցրեց հաշիվը: Վերջնամասում Կրիստիան Աբյատին կասեցրեց Մոհամեդ Կալոնի վտանգավոր հարվածը, ու «Միլանն» արտագնա գոլի կանոնի համաձայն հաղթեց դերբիում: Արդեն եզրափակչում «Միլանը» եզրափակչում 11-մետրանոց հարվածաշարում «Յուվենտուսից» ուժեղ դուրս եկավ:

Չեմպիոնների լիգա, 2003-04թթ․ մրցաշրջան, 1/4 եզրափակիչ
«Չելսի» – «Արսենալ»՝ 1:1, «Արսենալ» – «Չելսի»՝ 1:2 (ընդհանուր՝ 3:2)

«Սթեմֆորդ Բրիջում» գրանցված 1:1 հաշիվը գերլարեց «Չելսիի» մարզիչ Կլաուդիո Ռանյերի նյարդերը, քանի որ նա այդ նույն մրցաշրջանում 3 անգամ հանդիպել էր «Արսենալին», բայց ոչ մի անգամ չէր կարողացել հաղթել Արսեն Վենգերի թիմին: Սկզբունքային հակառակորդի հետ «Չելսիի» առանց հաղթանակների ձգվող խաղերի շղթան հասավ 17-ի: Պատասխան խաղում Վենգերի թիմն առավելություն ուներ, բայց Ֆրենկ Լեմպարդը վերականգնեց հավասարությունը, հետո էլ Ուեյն Բրիջը հաղթանակ պարգևեց «Չելսիին»: «Ես ասես խելագարվեցի։ Դա պարզապես երջանկություն չէր»,- խաղից հետո հայտարարեց Ռանյերին։ 

ՈւԵՖԱ-ի 2005-06թթ․ գավաթ, 1/4 եզրափակիչ
«Ռապիդ» – «Ստյաուա»՝ 1:1, «Ստյաուա» – «Ռապիդ» 0:0 (ընդհանուր՝ 1:1, արտագնա գոլի կանոն)

ՈւԵՖԱ-ի 2005-06թթ․ գավաթում Ռումինիան գովասանքի արժանացավ: Բուխարեստի միանգամից 3 ակումբ՝ «Դինամոն», «Ստյաուան» և «Ռապիդը» խմբային փուլ անցան: «Դինամոն» այդքանով սահմանափակվեց, իսկ «Ստյաուան» և «Ռապիդը» դուրս եկան փլեյ-օֆֆ և հանդիպեցին 1/4 եզրափակչում: Բենել Նիկոլիցեն 5-րդ րոպեին կարմրա-կապույտներին առաջ մղեց, բայց Վիորել Մոլդովանը հավասարեցրեց հաշիվը, և «Ստյաուան» հաղթեց բացառապես արտագնա գոլի կանոնի համաձայն: 

ՈւԵՖԱ-ի 2008-09թթ․ գավաթ, կիսաեզրափակիչ
«Վերդեր» – «Համբուրգ»՝ 0:1, «Համբուրգ» – «Վերդեր»՝ 2:3 (ընդհանուր՝ 3:3, արտագնա գոլի կանոն)

Առաջին խաղից հետո «Համբուրգն» առաջատար էր ու պատասխան խաղի մինչև վերջին 10 րոպեն դեռ եզրափակիչ դուրս գալու հնարավորություն ուներ, թեև սեփական դաշտում պարտվում էր 1:2 հաշվով: Դերբիի ճակատագիրը երկրպագուների պատրաստած թղթե գնդակը որոշեց: Այն խանգարեց «Համբուրգի» պաշտպան Միկաել Գրավգորին, արդյունքում մրցակիցն անկյունային վաստակեց և երրորդ գնդակը խփեց: Խաղից հետո «Վերդերի» գլխավոր մենեջեր Կլաուս Ալոֆսը հայտարարեց. «Գնդակն ակումբի թանգարանում կդնեմ: Այնտեղ դրա համար ազատ տեղ կգտնվի»:

Եվրոպա լիգա, 2013-14թթ․ մրցաշրջան, 1/8 եզրափակիչ
«Սևիլյա» – «Բետիս»՝ 0:2, «Բետիս» – «Սևիլյա»՝ 0:2 (ընդհանուր՝ 2:2, «Սևիլյան» հաղթեց 11-մետրանոց հարվածաշարով՝ 4:3)

«Հոլիվուդի ոչ մի սցենարիստ նման բան չի գրի»,-  խաղից հետո ասաց Իվան Ռակիտիչը: Արտագնա խաղում տարած հաղթանակը «Բետիսին» ֆավորիտ դարձրեց, մեկ շաբաթ անց Խոսե Անտոնիո Ռեյեսն ու Կարլոս Բական գոլ խփեցին «Բենիտո Վիլյամարին» արենայում: «Սևիլյան» կարող էր դեռևս խաղային ժամանակի ընթացքում վճռել հարցը, բայց «Բետիսի» դարպասապահ Անտոնիո Ադանը փրկում էր թիմին: Նա սեյվով սկսեց նաև 11-մետրանոց հարվածաշարը, սակայն դիմակայությունում հաղթել չկարողացավ:

Չեմպիոնների լիգա, 2013-14թթ․ մրցաշրջան, եզրափակիչ
«Ռեալ» – «Ատլետիկո»՝ 4։1 (լրացուցիչ ժամանակ)

Այս պատմական խաղի մասին այնքան է խոսվել․․․ Եվ ո՞վ կմոռանա Սերխիո Ռամոսի՝ հիմնական ժամանակի ավարտն ազդարարող սուլիչի հնչելուց մի քանի վայրկյան առաջ խփած գոլը․․․

Չեմպիոնների լիգա, 2015-16թթ․ 1/4 եզրափակիչ
«Ատլետիկո» – «Ռեալ»՝ 0:0, «Ռեալ» – «Ատլետիկո»՝ 1:0 (ընդհանուր՝ 1:0)

Պատասխան խաղի 88-րդ րոպեին Խավիեր Էրնանդեսի (Չիչարիտո) խփած գնդակը ևս մեկ անգամ հիասթափեցրեց «Ատլետիկոյին»: «Մեզ համար յուրաքանչյուր խաղ քննություն է»,- խաղից հետո ասաց «Ռեալը» գլխավորող Կարլո Անչելոտին: Հաջորդ քննությունը «Ռեալը» ձախողեց. կիսաեզրափակչում պարտվեց «Յուվենտուսին», որի մարզիչը 1999-2001թթ. Անչելոտին էր եղել:

Եվրոպա լիգա, 2015-16թթ․ մրցաշրջան, 18 եզրափակիչ
«Լիվերպուլ» – «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2:0, «Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ»՝ 1:1:

«Հաճույք ստացա: Հիանալի երեկո էր «Լիվերպուլի» համար»,- 2:0 հաշվից հետո ասաց Յուրգեն Կլոպը: Շատերի կարծիքով մերսիսայդյան ակումբն այդ երեկո գերմանացու ղեկավարությամբ իր լավագույն խաղն անցկացրեց: Դենիել Սթարիջի ու Ռոբերտո Ֆիրմինյոյի գոլերը «Լիվերպուլին» պատասխան խաղից առաջ առավելություն տվեցին, իսկ պատասխան խաղում Կոուտինյոյի գնդակը «Մանչեսթեր Յունայթեդին» վերջնականապես հուսահատեցրեց: 11-մետրանոցից Անտոնի Մարսիալի խփած գնդակը դիմակայության արդյունքում միայն սփոփանք էր Լուի վան Գալի թիմի համար:

Չեմպիոնների լիգա, 2015-16թթ․ եզրափակիչ
«Ռեալ» – «Ատլետիկո»՝ 1:1 (11-մետրանոց հարվածաշար՝ 5:3)

2014 թվականին Սերխիո Ռամոսն «Ատլետիկոյի» դեմ խաղում «Ռեալին» փրկեց եզրափակչի պարտությունից: 2016-ին կենտրոնական պաշտպանը «Ռեալին» առաջ մղեց «Սան Սիրո» մարզադաշտում։ Թեև «Ատլետիկոն» Կարասկոյի շնորհիվ վերականգնեց հավասարությունը, բայց վերջնական արդյունքը կրկին «Ռեալի» օգտին էր: Եզրափակիչը կարող էր այլ ընթացք ունենալ, եթե Անտուան Գրիզմանը 47-րդ րոպեին իրացներ 11-մետրանոց հարվածը: «Նման խաղերը տարիների կյանք են խլում»,- հանդիպումից հետո ասաց հիասթափված Սիմեոնեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում