Հայտնի է՝ ովքեր են սպասարկելու Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի եզրափակիչները

Հայտնի է՝ ովքեր են սպասարկելու Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի եզրափակիչները

ՈւԵՖԱ-ն նշանակել է Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումների մրցավարական անձնակազմերին։

Հունիսի 3-ին, Քարդիֆում կայանալիք «Յուվենտուս» – «Ռեալ» հանդիպման գլխավոր մրցավարը լինելու է գերմանացի Ֆելիքս Բրիխը։ Բրիխը, ով մրցավարական միջազգային կարգ ստացել է 2007 թվականին, ընթացիկ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի 5 հանդիպում է սպասարկել, այդ թվում՝ 1/8 եզրափակիչ փուլի՝ «Պորտու» – «Յուվենտուս» խաղը։ 

41-ամյա Բրիխն աշխատել է նաև Եվրոպայի առաջնության ժամանակ․ նրան վստահել էին Շվեդիա – Բելգիա, Անգլիա – Ուելս և Լեհաստան – Պորտուգալիա հանդիպումները։ Բացի այդ, Բրիխը եզրափակիչ հանդիպում սպասարկելու փորձ ունի․ 2013-14թթ․ մրցաշրջանում նա սպասարկել է Եվրոպա լիգայի եզրափակիչ՝ «Սևիլյա» – «Բենֆիկա» հանդիպումը։

«Յուվենտուս» – «Ռեալ» եզրափակչի մրցավարական անձնակազմը

Գլխավոր մրցավար՝ Ֆելիքս Բրիխ (Գերմանիա)
Օգնականներ՝ Մարկ Բորշ, Շտեֆան Լուպ (երկուսն էլ՝ Գերմանիա)
Չորրորդ մրցավար՝ Միլորադ Մաժիչ (Սերբիա)
Հավելյալ օգնականներ՝ Բաստիան Դանկերտ, Մարկո Ֆրիտց (երկուսն էլ՝ Գերմանիա)
Պահեստային օգնական՝ Ռաֆայել Ֆոլիտին (Գերմանիա)

Մայիսի 24-ին, Ստոկհոլմում կայանալիք «Այաքս» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման գլխավոր մրցավարը լինելու է սլովենացի Դամիր Սկոմինան։ Սկոմինան, ով մրցավարական միջազգային կարգ ստացել է 2003 թվականին, աշխատել է Եվրո-2016-ի ժամանակ՝ սպասարկելով Իսլանդիա – Անգլիա և Ուելս – Բելգիա հանդիպումները։ Ընթացիկ մրցաշրջանում 40-ամյա մրցավարը Չեմպիոնների լիգայի 6 հանդիպում է սպասարկել։ Նախորդ 5 մրցաշրջանների ընթացքում նա եվրագավաթային 6 կիսաեզրափակիչ է սպասարկել, սակայն սա լինելու է նրա համար առաջին եզրափակիչը։

«Այաքս» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման մրցավարական անձնակազմը

Գլխավոր մրցավար՝ Դամիր Սկոմինա (Սլովենիա)
Օգնականներ՝ Յուրե Պրապրոտնիկ, Ռոբերտ Վուկան (Սլովենիա)
Չորրորդ մրցավար՝ Ջանլուկա Ռոկի (Իտալիա)
Մրցավարի հավելյալ օգնականներ՝ Մատեյ Յունգ, Սլավկո Վինչիչ (Սլովենիա)
Պահեստային օգնական՝ Տոմաժ Կլանչնիկ (Սլովենիա)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում