Դդում մշակելուց մինչև ֆուտբոլային էլիտա․ Ի՞նչ ճանապարհ է անցել Դանի Ալվեսը

Դդում մշակելուց մինչև ֆուտբոլային էլիտա․ Ի՞նչ ճանապարհ է անցել Դանի Ալվեսը

Դանի Ալվեսը սովորաբար առավոտյան 04։00-ին էր արթնանում, վերցնում բահն ու դաշտ գնում, որ աշխատեր հոր ու եղբայրների հետ: Նրանք Ժուազեյրուից 30 կմ հեռավորության վրա էին ապրում՝ բրազիլական տարօրինակ մարզում, որտեղ տարվա կեսն անձրևում է, իսկ մյուս կեսը երաշտն է տիրում: Եղանակային պայմանների պատճառով գյուղատնտեսությունն այնտեղ միշտ ռիսկային է եղել․ մի տարի կարելի է կլորիկ գումար վաստակել, մյուսում՝ դատարկ գրպանով մնալ: Դանի Ալվեսը դդմի ու սոխի բերքին էր հետևում, հայրը դրանք վաճառում էր շուկայում:

«Մենք ծանր, բայց երջանիկ կյանք ունեինք։ Տունը շատ հասարակ էր, անկողնուս հիմքը ցեմենտից էր, բայց մեզ մոտ ամեն ինչ կարգին էր: Ծնողներս հոգ էին տանում մեր մասին»,- հիշում է Ալվեսը:

Դաշտում աշխատանքը 10։00-ին ավարտվում էր. նախ ջերմաստիճանն էր հասնում 40-ի, ապա գալիս էր դպրոց գնալու ժամը: Նման օրակարգի մեջ ֆուտբոլի համար ժամանակ միայն դպրոցից հետո էր մնում։ Եղածն էլ լուրջ ակադեմիա չէր, դաշտն էլ խոտածածկ չուներ: Բայց այս ամենը երբեք չի խանգարել երազել:

«Վեց տարեկանից նա իր ինքնագիրն էր թողնում տան պատերին։ Վստահեցնում էր, որ այդպես է ստորագրելու, երբ հայտնի դառնա: Դանիելը միշտ ցանկանում էր դա»,-պատմում է Ալվեսի կրտսեր եղբայրը: 

Ֆիլմում նկարհանվել, ապա ֆուտբոլ է տեղափոխվել

Սկզբում ոչինչ չէր խոսում այն մասին, որ նա սպորտի միջոցով հայտնի կդառնար։ Անգամ արվեստում նրա հնարավորություններ ավելի շատ էին․ Դանիելը Կանուդուսի պատերազմի մասին ֆիլմում դեր էր ստացել, իսկ նկարհանման մեկ օրվա համար 1.5 դոլար էին վճարել։

Լուրջ ֆուտբոլն ավելի ուշ ասպարեզ եկավ: 30 տարեկանում Դանիի հայրը «Պալմեյրաս դե Սալիտրե» սիրողական փոքրիկ թիմը ստեղծեց: 10-ամյա Դանիելին հրավիրեցին։ Չնայած նա բոլոր խաղընկերներից ու մրցակիցներից փոքր էր, փայլեց մարզային առաջնությունում: Ալվեսը կա՛մ կիսապաշտպանի, կա՛մ հարձակվողի դիրքում էր խաղում։ Որոշ ժամանակ անց նա անձնական երկրպագուներ ձեռք բերեց, չէ՞ որ հետաքրքիր էր հետևել, թե փոքրիկ տղան ինչպես է առաջնորդում իրենից ավագներին:

13 տարեկանում Դանիելը «Բայիի» ակադեմիա տեղափոխվեց ու ակումբի հետ պայմանավորվեց նաև կրտսեր եղբոր համար: Ծնողները նրանց համար բնակարան վարձեցին պայմանով, որ երկուսն էլ կշարունակեին սովորել ու ամբողջությամբ ֆուտբոլով չէին տարվի: Դանին խոստացավ, որ ամեն ինչ կարգին կլիներ, բայց խոստումը չպահեց: Մայրը մայիսին քոլեջ գնաց ու պարզվեց, որ տղան փետրվարից դասերին չէր հաճախել: Դաստիարակչական զրույցը Դանին հիշեց ամբողջ կյանքում․․․ Մի քանի տարի անց Դանիելը մոր պատվին դաջվածք արեց:

Ինչպե՞ս դարձավ աջ պաշտպան

«Սևիլյան» 2003-ին 550.000 եվրոյի դիմաց «Բայիից» գնեց Ալվեսին: Նա դեռ 20 տարեկան էլ չկար: 5 տարի անց բրազիլացին 64.5 անգամ ավելի թանկ գնով «Բարսելոնա» տեղափոխվեց:

Այդ ժամանակ Դանիին կարելի էր եզրային արքա անվանել, բայց ոչինչ չէր ստացվի, եթե նա չվիճեր «Սևիլյայի» գլխավոր մարզիչ Կապարոսի հետ: Վերջինս ասում էր, թե եզրային պաշտպանը չի կարող կենտրոն տեղափոխվել:

«Իսկ ես պատասխանեցի. «Ինչո՞ւ չի կարող»: Ֆուտբոլը հարձակում և պաշտպանություն է, կամ պաշտպանություն և հարձակում: Ֆուտբոլում սահմանափակումներ չկան, կանոններ չկան: Կապարոսն ինձ կիսապաշտպանությունում էր նշանակել, քանի դեռ չէր հասկացել, որ թեև հարձակողական հմտություններ էլ ունեմ, բայց իրականում կարող եմ երկուսն էլ կատարել: Ի՞նչ է նշանակում «պաշտպանողական»: Այսինքն՝ առանց գրոհներին միջամտելո՞ւ և առանց դրիբլինգի՞: Գրողը տանի, ֆուտբոլն այդպես շատ ձանձրալի կլիներ, այնպես չէ՞»,- ասում է Ալվեսը: 

Բրազիլական այս փիլիսոփայությունը ժամանակի հետ չի փոխվել: Անգամ ընթացիկ մրցաշրջանում, 34 տարեկանում էլ Ալվեսը փայլում է Չեմպիոնների լիգայում, իսկ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին երբեմն նկատողություն է անում նրան գրոհներով չափազանց շատ տարված լինելու համար:

Այս ամենի հետ մեկտեղ որևէ մեկը չի կարող ասել, որ Դանին թույլ է պաշտպանությունում։ Օրինակ՝ 2014-15թթ․ մրցաշրջանում նա ավելի շատ գնդակ է խլել, քան Բուսկետսը կամ Մասկերանոն (մեկ խաղում միջինում 4.3՝ 3.7-ի և 3.6-ի դիմաց):

«Բարսելոնայում» Դանի Ալվեսը շատ էր մտերմացել Լեո Մեսսիի հետ: 

«Մեսսիին գոլեր խփելիս ավելի շատ եմ օգնել, քան ուրիշ որևէ մեկը «Բարսելոնայում», դա փաստ է։ Երբ թոշակի գնամ, մարդիկ կհարցնեն. «Իսկ ո՞վ էր հանճարեղ ֆուտբոլիստ» ու կստանան Մեսսի պատասխանը։ Իսկ ո՞վ էր նրան փոխանցումներ կատարում։ Դանի Ալվեսը»,- ասում է բրազիլացին։

Լեոն ու Դանին մարզաբազայից դուրս էլ էին ընկերներ: «Հանդերձարանում բոլորը հավասար են, բայց ավելի շատ Ալվեսի հետ եմ շփվում։ Երբ նա նոր էր եկել ակումբ, հաճախ միասին աջից էինք խաղում: Դա դաշտում իսկական ընկերության հանգեցրեց»,-պատմում է Մեսսին:

Նախկին կինը դարձավ գործակալ

«Մոնակոյի» հետ հանդիպմանը Դանի Ալվեսի խաղին հետևելով (2:0, գոլային երկու փոխանցում)՝ բոլորը նորից զարմացան, թե «Բարսելոնան» ինչպես էր անվճար բաժանվել այդպիսի վարպետից: Առաջին տարբերակն Ալվեսը միանգամից հեռանալուց հետո ներկայացրեց. «Լավ բաներից պետք է ժամանակին ու գեղեցիկ բաժանվել»: Հուզիչ հնչեց, բայց ճշմարիտ: 

Երկրորդ տարբերակն ամիսներ առաջ հնչեցրեց. «Ցանկանում եմ, որ գնահատեն ինձ ու հետաքրքվեն ինձանով, եթե դա չկա՝ հեռանում եմ: Վերջին երեք տարվա ընթացքում հեռանալուս մասին լուրեր էի շրջանառվում, բայց ակումբի ղեկավարներից ոչ մեկն ինձ անձամբ ոչինչ չէր ասել: Դա անհարգալից վերաբերմունք է: Նոր պայմանագիրն ինձ ՖԻՖԱ-ի տրանսֆերային արգելքից հետո առաջարկեցին, դրա համար էլ կարողացա վերահսկել բանակցային գործընթացը: Այդպես ես կնքեցի պայմանագիր՝ անվճար հեռանալու կետով»:

Երրորդ պատճառի մասին քիչ են խոսում: Դանի Ալվեսի գործակալը նրա նախկին կինն է՝ Դինորան, ում հետ 2011-ին է բաժանվել: Միասին 10 տարի են ապրել, 2 երեխա ունեն, իսկ ֆուտբոլիստի աջ ուսին մինչև հիմա նախկին կնոջ նկարն է դաջված: Դինորան ու Դանին չդադարեցին գործընկերներ լինել ու մինչև հիմա հիանալի ընկերներ են: «Ամուսնալուծությունը ոչ մի կերպ չի ազդել փոխադարձ հարգանքին և աշխատելու ցանկությանը»,- ասում է Դինորան:

Կատալոնական որոշ լրատվամիջոցներ գրում են, թե Դինորան տարբեր սադրանքներով ազդել էր ֆուտբոլիստի ու «Բարսելոնայի» հարաբերություններին։ Նա նոր պայմանագրի համար տարվող բանակցությունների մանրամասները հայտնել է մամուլին, հետաձգել է «Բարսելոնայի» ղեկավարության հետ հանդիպումները և բանակցել այլ ակումբների հետ:

Ոճը և երաժշտական ճաշակը

Դանի Ալվեսն օրինակ է, թե ինչպես կարելի է համատեղել պրոֆեսիոնալ կարիերան կյանքի հաճույքների հետ: Մի քանի տարի է, ինչ նրա ոճը կարելի է առանձնացնել ֆուտբոլիստների շրջանում: Նրա համար միևնույն է, թե ինչ կմտածեն իր հագուստի մասին:

«Իմ ոճն անհատական ու համարձակ եմ համարում։ Ինձ որևէ մեկը խորհրդատվություն չի տալիս, ինքս եմ ընտրում հագուստս: Ֆուտբոլիստներից ոչ ոք ինձ չի ծաղրում: Բոլորը հարգում են մյուսի ընտրությունը»,- նշում է բրազիլացին

Ալվեսը նաև սիրում է երգել ու ասել է, որ կարիերան ավարտելուց հետո անպայման երաժշտությամբ է զբաղվելու.

«Նախորդ կյանքում հաստատ երգիչ եմ եղել: Նախկինում անգամ խումբ ունեի, երեխաներով էինք պատրաստել գործիքները: Հիմա «Compongo» անունով ընկերություն ունեմ․ Բրազիլիայում օգնում է տարբեր խմբերի առաջ գնալ: Կարիերաս ավարտելուց հետո այդ գործին կանցնեմ»: 

Դանին արդեն երգ է թողարկել բրազիլացի Տիագո Մատեուշի հետ: Տեսահոլովակը 6 մլն դիտում ունի:

«Այսպիսի արտահայտություն կա՝ ով երգում է, իր խնդիրներն է երգում: Ես էլ եմ երգում․․․Չեմ սիրում, երբ կեղտով եմ շրջապատված: Մարդիկ կարծում են, թե այսպիսին եմ, որովհետև լավ են վճարում: Ո՛չ: Երբ հորս հետ գյուղում էի ապրում, ավելի երջանիկ էի, քան հիմա: Ինչո՞ւ: Որովհետև չգիտեի, թե աշխարհն ինչքան շահամոլ է»,- անկեղծանում է Ալվեսը։

6 տարեկանում Դանին երազում էր ինքնագիր բաժանել, իսկ հիմա համարում է, որ հայտնի լինելը երջանկություն չի բերում․

«Մանկության տարիներին պարզապես չէի հասկանում, թե դա ինչ էր: Ֆուտբոլն իր հետ նախանձ է բերում, սուտ, կեղծ ընկերներ: Հայտնիությունը կեղտ է․․․»

Խորհուրդ ենք տալիս ընթերցել՝

 

Աղբյուրներ՝ ElMundo.es, Globallookpress.com, Sports.ru

Հետևեք մեզ նաև Telegram-ում