Մադրիդ․ Նադալն ու Ջոկովիչը կպայքարեն եզրափակչի ուղեգրի համար

Մադրիդ․ Նադալն ու Ջոկովիչը կպայքարեն եզրափակչի ուղեգրի համար

Մադրիդում ընթացող «Մասթերս 1000» կարգի մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչ փուլի մասնակիցների երեքը։

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչն առանց պայքարի դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Սերբ թենիսիստը պետք է մրցեր ճապոնացի Կեի Նիսիկորիի հետ, սակայն վերջինս վնասվածքի պատճառով հրաժարվել է խաղից։

Եզրափակչի ուղեգրի համար Ջոկովիչը պայքարելու է գլխավոր ֆավորիտ Ռաֆայել Նադալի հետ։ «Գրունտի արքան» քառորդ եզրափակչում 7:6 (7:3), 6:2 հաշվով հաղթել է բելգիացի Դավիդ Գոֆենին։ 2 ժամ տևած հանդիպման ընթացքում Նադալն իրացրել է 14 հնարավոր բրեյք-փոյնթից 2-ը։ Գոֆենի ակտիվում գրանցվել է 2 էյս, 3 կրկնակի սխալ։

Պաբլո Կուևասը 3:6, 6:0, 6:4 հաշվով առավելության է հասել Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևի նկատմամբ։ 31-ամյա ուրուգվայցին, ով ATP վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 27-րդ հորիզոնականը, իրացրել է 9 բրեյք-փոյնթից 4-ը, թույլ  է տվել 3 կրկնակի սխալ։ 20-ամյա Զվերևի ակտիվում գրանցվել է 11 էյս, 4 սխալ սեփական մատուցման ժամանակ և 1 բրեյք։ Եզրափակչի ուղեգրի համար Կուևասը մրցելու է Բորնա Չորիչ – Դոմինիկ Տիմ զույգի հաղթողի հետ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում