«Ռոման» թույլ չտվեց «Յուվենտուսին» չեմպիոնության հասնել Հռոմում (տեսանյութ)

«Ռոման» թույլ չտվեց «Յուվենտուսին» չեմպիոնության հասնել Հռոմում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 36-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում․ մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Ռոման» հյուրընկալեց առաջատար «Յուվենտուսին»։ Թուրինյան թիմին առաջնության ավարտից երկու տուր առաջ չեմպիոնություն ձևակերպելու համար բավարար էր ոչ-ոքի խաղալ, ինչը չհաջողվեց։

Հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը․ 21-րդ րոպեին Մարիո Լեմինան առաջ մղեց «Յուվենտուսին»։ «Գայլերին» 4 րոպե պահանջվեց հաշվի հավասարությունը վերականգնելու համար․ պատասխան գոլը խփեց Դանիելե դե Ռոսսին։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում դաշտի տերերը երկրորդ գոլը խփեցին․ 56-րդ րոպեին Ստեֆան Էլ-Շարավիի հարվածից հետո գնդակը հետաքրքիր հետագծով ընթացավ և հայտնվեց Ջանլուիջի Բուֆֆոնի պաշտպանած դարպասում։ 65-րդ րոպեին թուրինցիները երրորդ գոլը բաց թողեցին․ վերջնական հաշիվը ձևակերպեց Ռաջա Նայնգոլանը։

Այս հաղթանակից հետո «Ռոման» ունի 81 միավոր և առաջնության ավարտից երկու տուր առաջ 4 միավորով է զիջում առաջատար «Յուվենտուսին»։

Իտալիայի առաջնություն, 36-րդ տուր

«Ռոմա» – «Յուվենտուս»՝ 3։1
Գոլերը՝ դե Ռոսսի 25՛, Էլ-Շարավի 56՛, Նայնգոլան 65՛ – Լեմինա 21՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում