Եթե պաշտպանները «Ոսկե գնդակ» ստանային․․․

Եթե պաշտպանները «Ոսկե գնդակ» ստանային․․․

Վերջին անգամ 2006 թվականին է «Ոսկե գնդակը» պաշտպանի բաժին հասել: Կրիշտիանու Ռոնալդուի ու Լիոնել Մեսսիի մրցավազքից առաջ Կանավարոն էր, որ պաշտպանությունում խաղալով արժանացավ պատվավոր մրցանակին: Ֆիլիպ Լամը ճիշտ է նկատել՝ ասելով, որ ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ բացառապես հարձակվողներն են պարգևատրվում: Գերմանացի ֆուտբոլիստը վստահեցնում է, որ ոչ թե նախանձն է խոսում իր մեջ, այլ արդարության պահանջը:

Քանի որ Լամը հայտարարել է կարիերան ավարտելու մասին, արժե նրա պատվին կազմել պաշտպանության գծի այն խաղացողների ցուցակը, ովքեր վերջին տարիներին կարող էին «Ոսկե գնդակի» մրցանակակիր դառնալ: Ներկայացնում ենք Կանավարոյի՝ Մունդիալ-2006-ում հաղթելուց հետո մրցանակին արժանի պաշտպաններին։

2007թ. Ալեսանդրո Նեստա («Միլան»/Իտալիա)

Այդ տարի ոչ Աշխարհի, ոչ էլ Եվրոպայի առաջնություն կար, սակայն եվրագավաթներն ուժի մեջ էին: Քվեարկության արդյունքում ընդամենը 2 պաշտպան ձայն ստացավ՝ «Սևիլյայից» Դանի Ալվեսն ու «Ռեալից» Ֆաբիո Կանավարոն: Տարբերությունը նկատելու համար անդրադառնանք թվերին․ 2006-ին Կանավարոն 173 միավոր ուներ, իսկ մեկ տարի անց՝ 5: Կական մրցանակը ստացավ 444 միավորով, Ալվեսն ընդամենը 15 միավոր ուներ: Իսկ պաշտպան ունենք, ով պակաս արժանի չէր մրցանակին․ «Միլանի» հետ հաղթանակ Չեմպիոնների լիգայում, ռևանշ «Լիվերպուլի» դեմ: Թիմակից Մալդինին ևս արժանի էր մրցանակին, բայց ոչ 39 տարեկանում և 2007 թվականին: Նեստան մինչև եզրափակիչն ու եզրափակչից առաջ աջակցել էր թիմին և հիասքանչ էր բոլոր խաղերում:

2008թ. Նեմանյա Վիդիչ («Մանչեսթեր Յունայթեդ»/Սերբիա)

Այդ տարի «Ոսկե գնդակի» համար պայքարողների ցուցակում Արշավինը 6-րդն էր, իսկ Տորրեսը՝ 3-րդը, իսկ մրցանակը ստացավ Ռոնալդուն: Պաշտպանների շարքում երկու ներկայացուցիչ կար՝ Ռամոսն ու Վիդիչը: Ռոնալդուն 446 միավոր ստացավ, նրանք՝ 3-ական: Սա ևս մեկ անգամ ապացուցում է Լամի խոսքերի իրավացիությունը: Ֆիլիպը Եվրո-2008-ի վճռորոշ խաղում զիջեց Տորրեսին։ Նրան ընտրել չենք կարող: Իսպանիայի պաշտպանությունում Պույոլն էր, բայց նրա ժամանակը դեռ կգա: Արագոնեսի թիմը պաշտպանությունից չէր կազմավորվում, դրա համար էլ պաշտպանների համար կարևոր պահը «Մանչեսթեր Յունայթեդ» – «Չելսի» եզրափակիչն էր։ Վիդիչը, Ֆերդինանդն ու Էվրան Ֆերգյուսոնի երազանքի պաշտպանությունն էին․․․ Այդ տարի ամենաշատն աչքի ընկավ Նեմանյան՝ մեր «Ոսկե գնդակի» մրցանակակիրը:

2009թ. Կառլես Պույոլ («Բարսելոնա»/Իսպանիա)

Տարի, երբ առաջին անգամ «Ոսկե գնդակին» Արգենտինայի քաղաքացիություն ունեցող ֆուտբոլիստ արժանացավ: Մեսսիի 473 միավորը չի կարող մրցակցել Վիդիչի 8-ի հետ, ոչ էլ Մայկոնի 4 կամ Թերրիի 2 միավորի հետ: Ստացվում է, որ 2009-ին պաշտպանությունում ոչ ոք չի՞ խաղացել․․․ Խաղացել են։ Օրինակ՝ Պույոլն ու Պիկեն հիանալի մրցաշրջան ունեցան, ու կատալոնական թիմը Լա լիգայում 35 գնդակ բաց թողեց, գնդակների տարբերությունը +70 էր, Գվարդիոլան երազած բոլոր գավաթները նվաճեց: Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ եզրափակչում Պույոլն աջից էր խաղում, քանի որ Տուրեն կենտրոնում էր: Ռոնալդուն և Ռունին մրցակցի պաշտպաններին չկարողացան ծնկի բերել, ու «Բարսելոնան» համաշխարհային ֆուտբոլում երևույթ դարձավ: Նրա պաշտպանն արժանի էր գնահատանքի: Պույոլն ուներ բնավորություն, վարպետություն և հաղթելու ցանկություն:

2010թ. Լուսիո դե Սիլվա («Ինտեր»/Բրազիլիա)

Բարդ տարի էր, որում ՖԻՖԱ-ն գնեց «Ոսկե գնդակի» անցկացման իրավունքը: Մրցանակը Մեսսիին տվեցին ու հաշվի չառան ՀԱՀ-ում Իսպանիայի չեմպիոնությունն ու Չեմպիոնների լիգայում «Ինտերի» հաղթանակը: Պույոլը 1.43% ձայն հավաքեց, Մայկոնը՝ 0.57%, իսկ Լամն ու Ալվեսը՝ 0.05-ական: Ավելի պակաս, քան Ինյեստան, Չավին կամ Սնեյդերը։ Ուրուգվայցի Ֆորլանի աֆրիկյան հաջողությունն էլ նկատեցին, ինչն էլ նախորդ տարի առաջին հորիզոնականում հայտնված Ռոնալդուին իջեցրեց 6-րդ տեղ: Պաշտպանությունում ո՞վ էր արժանի լավագույնի կոչմանը: Պետք է Ժոզե Մոուրինյուի «Ինտերից» ընտրել: Իսպանացիները վարպետություն ցուցադրեցին, իսկ միլանցիները պաշտպանվեցին ամբողջ թիմով: Թեև Մայկոնը Չեմպիոնների լիգայում կարևոր գնդակ խփեց «Բարսելոնային», մենք Լուսիոյին կառանձնացնենք: 2002-ին բրազիլացին եզրափակչում պարտվեց Զիդանի ու Ռաուլի «Ռեալին», բայց 2010-ին «Բավարիայի» աստղերը նրան չկարողացան շրջանցել:

2011թ․ Դանի Ալվես («Բարսելոնա»/Բրազիլիա)

Մեսսիի համար հաղթական հերթական տարում պաշտպանական գծում աչքի ընկան միայն «Բարսելոնայի» ներկայացուցիչները՝ Էրիկ Աբիդալը, Դանի Ալվեսն ու Պիկեն: Նրանցից բացի որևէ ֆուտբոլիստ չարժանացավ մարզիչների ու ավագների ուշադրությանը: ՖԻՖԱ-ի տարվա թիմում էին Ալվեսը, Պիկեն, Ռամոսն ու Վիդիչը: ՈւԵՖԱ-ի կայքի այցելուները լավագույնների իրենց ցուցակում տեղ գտան նաև Տյագո Սիլվայի ու Մարսելոյի համար: Այդ տարվա բոլոր լավագույն թիմերի ընդհանրությունը Դանի Ալվեսն էր: Մի փոքր շռայլ չէ՞ «Ոսկե գնդակը» տալ մեկին, ով Չեմպիոնների լիգայում ու Լա Լիգայում 18 գոլային փոխանցում էր կատարել։ Ո՛չ, Դանիի համար շռայլություն չէ: 

Առաջարկում ենք ընթերցել՝

2012թ. Ֆիլիպ Լամ («Բավարիա»/Գերմանիա)

Իսպանիայի համար հաղթական Եվրոպայի առաջնության տարում միավորներ ստացան Բալոտելին, Նեյմարը, Օզիլն ու Յայա Տուրեն․․․ Պաշտպաններից ընդգրկված էին Ռամոսը՝ 0.22% և Պիկեն 0.11% ձայներով: ՈւԵՖԱ-ի տարվա լավագույն հավաքականում էին «Միլանից» ՊՍԺ տեղափոխված Տյագո Սիլվան ու Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Չելսիին» 11-մետրանոց հարվածաշարում պարտված Ֆիլիպ Լամը, Իտալիայի հավաքականի հետ Եվրո-2012-ի կիսաեզրափակիչ հասած Բալոտելին: Ինչպես հիշում եք, Դի Մատեոն «ավտոբուս» օգտագործեց, որպեսզի Թերրին ու թիմակիցները հաղթեին Չեմպիոնների լիգայում: Ջոնն ինքը ներկա չէր եզրափակչին, տարին էլ իդեալական չէր նրա համար: Իսկ ահա «Բավարիայի» կազմում աչքի ընկավ աջից խաղացող Լամը: Այո՛, նա պարտվեց եզրափակիչներում, բայց արժանի էր առաջին հորիզոնականին:

2013թ. Տյագո Սիլվա («Պարի Սեն Ժերմեն»/Բրազիլիա)

Ամեն տարվա հետ էլ ավելի է դժվարանում «Ոսկե գնդակի» համար անցկացված հարցման ընթացքում միավորներ ստացած պաշտպանի ընտրությունը: 2013-ին Տյագո Սիլվան 0.24% ձայն էր հավաքել, իսկ Լամը՝ 0.82%: Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի տարվա հավաքականում էին Լամը, Ռամոսը, Տյագո Սիլվան, Դանի Ալվեսը: Անգամ եզրափակչում «Բավարիայի» հաղթանակը «Բորուսսիայի» դեմ մեզ թույլ չի տալիս անտեսել Սիլվայի խաղը: Հյումմելսն ու Լամն էլ են հերոսներ, բայց բրազիլացին կարևոր էր թե՛ ակումբի ու թե՛ հավաքականի համար:

2014թ. Սերխիո Ռամոս («Ռեալ»/Իսպանիա)

Բարդ ընտրություն է: Լամը հավաքականում կարողացավ հույս դնել Հյումմելսի ու Բոատենգի վրա, իսկ «Բավարիայում» խաղաց կիսապաշտպանությունում: «Ոսկե գնդակի» այդ տարվա քվեարկությունում գերմանացին 2.9% ձայն հավաքեց. վերջին 10 տարում լավագույն ցուցանիշը պաշտպանության գծի խաղացողի համար: Ռամոսը գոլի հեղինակ դարձավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում և եզրափակչում, բայց Իսպանիան ձախողեց բրազիլական Մունդիալը։ «Ատլետիկոն» էլ Գոդինի օգնությամբ առաջինն էր Լա Լիգայում:

ՈւԵՖԱ-ի տարվա հավաքականում Ռամոսին ու Լամին էին միացել Ալբան ու Գոդինը: Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներն ընտրել էին Տյագո Սիլվային ու Դավիդ Լուիսին: Երկրորդին երևի թե Գերմանիայի դեմ կիսաեզրափակչի համար․․․ Կոմպանին ու Գարայն էլ են լավ հանդես եկել ու բարդ է լավագույն պաշտպանին ընտրել, բայց ամբողջ աշխարհի երկրպագուների հետ համաձայնելով՝ նախապատվությունը տանք Ռամոսին:

2015թ. Ջորջո Կյելինի («Յուվենտուս»/Իտալիա)

Լևանդովսկին 2015-ի 4-րդ ֆուտբոլիստն էր, Սուարեսը 5-րդ հորիզոնականում էր, իսկ Մասկերանոն՝ «Ոսկե գնդակի» ցուցակում ամենագնահատված պաշտպանը: Կրկին տեսնում եք, պաշտպաններին բացահայտ արհամարում են, դրա համար էլ ՖԻՖԱ-ի տարվա հավաքականում ամեն ինչ նույնն էր՝ Սիլվա, Ռամոս, Ալվես և Մարսելո, թեև 2015-ին բոլորը չէ, որ լավ խաղացին:

Այո՛, «Բարսելոնան» վերադարձավ Չեմպիոնների լիգայի բարձունքին: Լամը Գվարդիոլայի թիմում նորից կիսապաշտպանությունում էր: Գոդինի մասին չենք մոռանում, թեև 2014-ին նա ավելի լավ էր հանդես եկել: Այս ամենը հաշվի առնելով, մեր ձայնը, այդուհանդերձ, Կյելինիին ենք տալիս: Եթե նա բաց չթողներ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, ով գիտի․․․ Կիսաեզրափակչում «Ռեալին» կանգնեցնելու գործում մեծ ներդրում ունեցած և հիանալի մրցաշրջան անցկացրած Կյելինին արժանի է հիշատակման։

2016թ. Սերխիո Ռամոս («Ռեալ»/Իսպանիա)

Ցուցակն ուղղակի չէր կարող չընդգրկել մեր ժամանակների ամենաարդյունավետ պաշտպաններից մեկին: Չնայած Եվրոպայի առաջնությունում Պորտուգալիայի հաղթանակին, «Ռեալում» թույլ տված սխալներին, նա արժանի է լինել այստեղ: Ռամոսը միավոր չէր ստացել, բայց Պիկեի, Մարսելոյի ու Ալվեսի հետ ընդգրկվեց տարվա խորհրդանշական հավաքականում: Անցյալ տարի կարելի էր նշել Ֆիլիպե Լուիսի անունը. հիանալի պաշտպան, ով լավ խաղաց ամբողջ տարվա ընթացքում, բայց Ռամոսն իր գոլերով ամեն դեպքում ավելի շատ աչքի ընկավ։

***

Տեսնում եք՝ եթե անգամ փոխենք մրցանակի գաղափարախոսությունն ու առաջնահերթությունը պաշտպաններին տանք, թեկնածուների պակաս չի զգացվի: Տաք վեճն այդ դեպքում էլ չի դադարի: Մի բան անվիճելի է՝ այս ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր ֆուտբոլիստ հստակ տարում արժանի էր «Ոսկե գնդակի»: Թերին, Գոդինը, Բոնուչին, Պիկեն ու էլի շատերն էլ են ուղղակի հիանալի խաղացել:

Գուցե Ֆիլիպ Լամն ակնարկում է հատուկ մրցանակ սահմանել լավագույն պաշտպանի համար: Եթե ժյուրիի կազմում հեղինակավոր մասնագետներ, մարզական տնօրեններ, լեգենդար պաշտպաններ, գործող մարզիչներ ու լրագրողներ ընդգրկվեն, հնարավոր է, որ կարողանան ավելի հեղինակավոր մրցանակ սահմանել, քան «Ոսկե գնդակն» է: Գրեթե 10 տարի ընդամենը 2 ֆուտբոլիստի անուն է շոշափվում։ Որքան էլ Ռոնալդուն ու Մեսսին լավ են խաղում, անգամ նրանց երկրպագուներն են համաձայն, որ անհրաժեշտ է նաև պաշտպաններին նկատել, քանի որ այդ գծում էլ լեգենդներ կան:

Պաշտպանության գծում լավագույնին առանձնացնելը թերևս ավելի դժվար է, քան հարձակվողին, քանի որ երկրորդ դեպքում քաշ են ավելացնում խփած գնդակները: Պաշտպաններին գնահատելու չափանիշ ընտրելն ավելի բարդ է: Այստեղ խոսքն այն մասին չէ, թե ներկայացված ֆուտբոլիստներն են միայն մրցանակին արժանի: Ցուցակն ինքնին խոսուն է ու նկատելի է, որ հիանալի խաղացողների մի մեծ խումբ ուղղակի դուրս է գնահատման համակարգից: Այնպես որ՝ «Բավարիայի» ու Գերմանիայի հավաքականի լեգենդը՝ Ֆիլիպ Լամը գիտի, թե ինչի մասին է խոսում․․․

Հետևեք մեզ նաև Telegram-ում