Արամ Ոսկանյան. Կորոշենք, թե լուրջ խնդիրներ լուծելու համար ովքեր են անհրաժեշտ մեզ

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրում «Բանանցը» սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտվեց գործող չեմպիոն «Ալաշկերտին»: Հանդիպումից հետո տանտերերի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանն իր մեկնաբանությունը տվեց։

«Շնորհավորում եմ «Ալաշկերտին», երկրորդ կեսում նրանք արժանի էին հաղթանակին: Առաջին կեսում մեզ մոտ շատ լավ ստացվեց, ինչպես թիմային խաղի առումով, այնպես էլ մեր ընտրած մարտավարության տեսանկյունից: Առաջին կեսում մեր կենտրոնական կիսապաշտպաններ Նաիրի Մինասյանը, Հակոբ Հակոբյանը և Արամ Լոռեցյանը մեծ ծավալի աշխատանք էին կատարել, ուստի ընդմիջումից հետո նրանց հոգնածությունն իրեն զգացնել տվեց: Արամի մոտ նկատելի էր այն պակասը, որն առաջացել էր վնասվածքի պատճառով բաց թողած մարզումներից:

Այնուհետև նրանք փոխարինման դուրս բերեցին փորձառու խաղացողների, և մեր վիճակն ավելի բարդացավ: Որքան գոլային պահեր նրանք ունեին, նույնքան էլ մենք ստեղծեցինք, սակայն կատարողական վարպետության տարբերությունը զգացնել տվեց: Մեր թիմում լավ պահեր ունեին Նորայր Գյոզալյանն ու Հայկ Ոսկանյանը»,- ասաց Ոսկանյանը։

Հաշվի առնելով թիմերի նախապես ընտրած խաղաոճերը (4-3-3 և 3-5-2)` «Բանանցը» դաշտի կենտրոնում պետք է մեկ ֆուտբոլիստ ավելի ունենար և փորձեր առավելություն ստանալ, սակայն դա տեղի չունեցավ: Ի պատասխան Sport.Times.am-ի այդ դիտարկմանը, 41-ամյա մասնագետը նշեց.

«Հաշվի առնելով, որ Զավեն Բադոյանը հարձակման գծից հաճախ նահանջում էր դաշտի կենտրոն, կարելի ասել, որ նրանք էլ էին երեք ֆուտբոլիստով գործում: Առաջին կեսում նրանց որևէ հնարավորություն չէինք տալիս, և հարձակվողները ստիպված էին գնդակ ստանալու համար շատ նահանջել: Նրանց հենակետային կիսապաշտպանը մինչև պաշտպանողական գիծ էր իջնում. դա լավ կյանքից չէր: Ազատ գոտիներ ընդհանրապես չունեին: Առավելություն միգուցե չունեինք, սակայն նույն Լոռեցյանը տեսաք` ինչպիսի փոխանցումով Գյոզալյանին մեն-մենակ դուրս բերեց: Մեզ մոտ կան անփորձ ֆուտբոլիստներ, իսկ փորձառուները դեռ այն մակարդակին չեն, որ թիմակիցներին իրենց հետևից տանեն»:

Վահագն Այվազյանն այսօր կրկին այլ դիրքում էր խաղում (աջ հարձակվող): Նրա օպտիմալ խաղային դիրքի փնտրտուքների մասին Sport.Times.am-ը հարցրեց Արամ Ոսկանյանին․

«Այսօր առաջին անգամ 4-3-3 խաղային համակարգով գործեցինք: Վահագն ունիվերսալ ֆուտբոլիստ է, որովհետև մի քանի դիրքերում կարող է խաղալ: Չեմ կարող ասել, թե որն է նրա օպտիմալ դիրքը, որում նա իրեն լավագույնս կդրսևորի, սակայն ակնհայտ է, որ պետք է սկսի ավելի սուր գործել: Նա բնածին ուժ և արագություն ունի»:

Չորրորդ անընդմեջ խաղում «Բանանցն» առաջին կեսում հաջող է հանդես գալիս, սակայն երկրորդում թույլ ֆուտբոլ է ցուցադրում: Երևանցիների մարզիչը գիտի դրա պատճառը․

«Մեր խաղացողները փորձ չունեն: Մի քանի ֆուտբոլիստներ էլ ֆունկցիոնալ առումով լավ պատրաստ չեն: Նաև ստիպված ենք անընդհատ փոփոխություններ կատարել կազմում՝ վնասվածքներ, դեղին քարտեր: Այսօր պետք է Լայոնել Ադամս խաղար, սակայն դեռ ամբողջությամբ չի ապաքինվել, նա որոշեց ռիսկի չդիմել: Արամ Բարեղամյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն: Կորուստներ ունենք, սակայն դա լավ շանս է երիտասարդ ֆուտբոլիստների համար: Հետագայում կորոշենք, թե լուրջ խնդիրներ լուծելու համար ովքեր են անհրաժեշտ մեզ»:

Մոտ ապագայում կազմի շուրջ որոշում կայացնելու վերաբերյալ Ոսկանյանն ասաց հետևյալը․

«Դեռ ժամանակ կա, չեմ ուզում շտապել: Մոտավոր պատկերացում ունեմ, սակայն դեռ երկու խաղ կա, պետք է սպասենք: Ֆուտբոլիստեր կան, որ մի քանի շաբաթ առաջ այնքան էլ չէին տպավորում, սակայն հիմա ավելացնում են: Այս տեսանկյունից մենք երևի Հայաստանում բոլորից առաջ ենք, որովհետև արդեն հիմա սկսել ենք նախապատրաստվել հաջորդ մրցաշրջանին»:

Հայկ Հովհաննիսյան 

Հետևեք մեզ նաև Telegram-ում