Լիգա 1․ Առաջնությանը հրաժեշտ տված թիմերը, «Մոնակոյի» ռեկորդը և «Մարսելի» ուղեգիրը (տեսանյութ)

Կայացան Ֆրանսիայի 2016-17թթ․ առաջնության վերջին՝ 38-րդ տուրի հանդիպումները։

Օրեր առաջ չեմպիոնական կոչումը նվաճած «Մոնակոն» առաջնությունը հաղթանակով ավարտեց՝ 3։2 հաշվով առավելության հասնելով «Ռենի» նկատմամբ։ Չեմպիոնների կազմում գոլեր խփեցին Ֆաբինյոն, Ժեմերսոնը և Ժորժեն, իսկ «Ռենից» դուբլ ձևակերպեց Ադամ Դյակաբին։

«Մոնակոն» Ֆրանսիայի առաջնությունում 12-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ 

«Մարսելը» Բաֆետիմբի Գոմիսի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթեց «Բաստիային»։ Այս հաղթանակի շնորհիվ «Մարսելը» վաստակած միավորների քանակը հասցրեց 62-ի, զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը և Եվրոպա լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր նվաճեց։ Ավելի վաղ Եվրոպա լիգայի ուղեգիր էր ապահովել «Լիոնը», որը եզրափակում է լավագույն քառյակը։ 5-րդ տեղին հավակնում էր նաև «Բորդոն» (59 միավոր), որը վերջին տուրում ոչ-ոքի խաղաց «Լորյանի» հետ։

Վերջին տուրի արդյունքներով պարզ դարձավ, որ հաջորդ մրցաշրջանում Լիգա 1-ում չեն խաղա «Բաստիան» և «Նանսին»։ «Բաստիան» 34 միավորով մնաց վերջին տեղում, իսկ «Նանսին» 35 միավորով 19-րդն է։ «Լորյանը», որն այս տուրում ոչ-ոքի խաղաց «Բորդոյի» հետ, Լիգա 1-ում մնալու համար կմասնակցի անցումային խաղի, մրցակիցը «Տրուան» է։

«Պարի Սեն Ժերմենը» վերջին տուրում ոչ-ոքի խաղաց «Կանի» հետ՝ 1։1։ ՊՍԺ-ից աչքի ընկավ Ադրիեն Ռաբիոն, «Կանից»՝ Ռոնի Ռոդլենը։ Փարիզյան թիմը 87 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում