Գերիշխանությունը շարունակվում է․ «Յուվենտուսը» 6-րդ անգամ անընդմեջ դարձավ Իտալիայի չեմպիոն (տեսանյութ)

«Յուվենտուսն» Իտալիայի 2016-17թթ․ առաջնության ավարտից մեկ տուր առաջ նվաճեց չեմպիոնական կոչումը։

37-րդ տուրում Մասիմիլիանո Ալեգրիի թիմը սեփական հարկի տակ 3։0 հաշվով առավելության հասավ «Կրոտոնեի» նկատմամբ․ մեկական գոլ խփեցին Մարիո Մանջուկիչը, Պաուլո Դիբալան և Ալեքս Սանդրոն։

Այժմ «Յուվենտուսն» ունի 88 միավոր և վերջին տուրից առաջ 4 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող «Ռոմային»։ «Կրոտենեն» մնաց 31 միավորով՝ հետնապահների շարքում՝ 18-րդ տեղում։

«Յուվենտուսի» համար այս չեմպիոնությունը 6-րդ անընդմեջ է (35 ընդհանրապես), ինչը ռեկորդային ցուցանիշն է։ Բացի այդ, թուրինցիները երրորդ մրցաշրջան անընդմեջ «ոսկե դուբլ» են ձևակերպում՝ հաղթելով և՛ առաջնությունում, և՛ Գավաթի խաղարկությունում։ Այս մրցաշրջանում «Յուվենտուսը» կարող է «ոսկե հեթ-տրիկ» ձևակերպել, եթե Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Ռեալի» հետ հունիսի 3-ին կայանալիք խաղում հաղթանակ տոնի։

Իտալիայի առաջնություն, 37-րդ տուր

«Յուվենտուս» – «Կրոտենե»՝ 3։0
Գոլերը՝ Մանջուկիչ 12՛, Դիբալա 39՛, Սանդրո 83՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում