ԱՊԼ․ Վերջին տուրի արդյունքները (տեսանյութ)

Ավարտվեց Անգլիայի Պրեմիեր լիգայի 2016-17թթ․ խաղարկությունը։ Եթե չեմպիոնի և փոխչեմպիոնի հարցում ամեն ինչ պարզ էր, ապա «Մանչեսթեր Սիթիի», «Լիվերպուլի» և «Արսենալի» զբաղեցրած դիրքերը և Չեմպիոնների լիգայի ուղեգիր ստանալը կախված էր այս տուրի արդյունքներից։

«Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Ուոտֆորդի» դարպասը։ Խոսեպ Գվարդիոլայի թիմն այս առաջնությունում վաստակեց 78 միավոր և զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։

«Արսենալը» Չեմպիոնների լիգայի ուղեգիր ձեռք բերելու համար պետք է հաղթեր «Էվերթոնին» և սպասեր «Լիվերպուլի» սայթաքմանը։ Արսեն Վենգերը սաները, գրեթե ամբողջ հանդիպումն անցկացնելով 10 հոգով (Լորյան Կոսյելինի հեռացում 14-րդ րոպեին), 3:1 հաշվով հաղթեցին «Էվերթոնին», սակայն «Լիվերպուլը» չսայթաքեց։ Կլոպի թիմը 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Միդլսբրոյի» դարպասը։ Այսպիսով, «Լիվերպուլը» 76 միավորով զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը, իսկ «Արսենալը» 75 միավորով մնաց 5-րդ տեղում և հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Եվրոպա լիգայում։

«Մանչեսթեր Յունայթեդն» առաջնությունը հաղթանակով ավարտեց՝ 2 անպատասխան գնդակ ուղարկելով «Քրիսթալ Փելասի» դարպասը։ Ժոզե Մոուրինյուն Եվրոպա լիգայի եզրափակիչ՝ «Այաքսի» հետ մայիսի 24-ին կայանալիք հանդիպումից առաջ հանգստի հնարավորություն էր տվել մի շարք ֆուտբոլիստների, այդ թվում՝ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին։ «Կարմիր սատանաները» 69 միավորով զբաղեցրեցին 6-րդ տեղը, և Չեմպիոնների լիգայում հանդես գալու հնարավորություն կունենան, եթե Եվրոպա լիգայի եզրափակչում հաղթեն «Այաքսին»։

Չեմպիոն «Չելսին» վերջին տուրում 5։1 հաշվով հաղթեց «Սանդերլենդին», երկրորդ հորիզոնականը զբաղեցրած «Տոտենհեմը» 7։1 հաշվով առավելության հասավ «Հալ Սիթիի» նկատմամբ, իսկ նախորդ խաղարկության չեմպիոն «Լեսթերն» առաջնությունն ավարտեց «Բորնմուտի» հետ ոչ-ոքիով՝ 1։1։ Այսօր «Տոտենհեմի» կազմում հեթ-տրիկ ձևակերպեց Հարի Քեյնը, ով առաջնությունում խփած գոլերի քանակը հասցրեց 29-ի և ճանաչվեց լավագույն ռմբարկու։

Անհաջողակների եռյակը կազմեցին «Հալ Սիթին», «Միդլսբրոն» և «Սանդերլենդը»։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 38-րդ տուր

«Լիվերպուլ» – «Միդլսբրո»՝ 3։0
Գոլերը՝ Վեյնալդում 45+1՛, Կոուտինյո 51՛, Լալանա 56՛

«Ուոտֆորդ» – «Մանչեսթեր Սիթի»՝ 0։5
Գոլերը՝ Կոմպանի 5՛, Ագուերո 23՛, 36՛, Ֆերնանդինյո 41՛, Գաբրիել եզուս 58՛

«Արսենալ» – «Էվերթոն»՝ 3։1
Գոլերը՝ Բելյերին 8՛, Սանչես 27՛, Ռեմսի 90+1՛ – Լուկակու 58՛ / 11-մետրանոց
Հեռացում՝ Կոսյելինի 14՛

«Չելսի» – «Սանդերլենդ»՝ 5։1
Գոլերը՝ Վիլիան 8՛, Ազար 61՛, Պեդրո 77՛, Բատշուայի 90՛, 90+2՛ – Մանկիլյո 3՛

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Քրիսթալ Փելաս»՝ 2։0
Գոլերը՝ Հարոպ 15՛, Պոգբա 19՛

«Լեսթեր» – «Բորնմուտ»՝ 1։1
Գոլերը՝ Վարդի 51՛ – Ստանիսլաս 1՛

«Հալ Սիթի» – «Տոտենհեմ»՝ 1։7
Գոլերը՝ Կլուկաս 66՛ – Քեյն 11՛, 13՛, 72՛, Ալի 45՛, Վանյամա 69՛, Դևիս 84՛, Ալդերվեյրելդ 87՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում