Գալուստյան. Օլիմպիական խաղերի երկար ճանապարհը պետք է Հայաստանից անցնեմ

Հայաստանի կանանց գեղասահքի առաջատար Անաստասիա Գալուստյանը դարձավ Հայաստանի չեմպիոն: Պարգևատրությունից հետո 17-ամյա մարզուհին պատմել է ելույթների ու ապագա ծրագրերի մասին:

«Միշտ ուրախությամբ եմ Հայաստան այցելում: Կցանկանայի ավելի հաճախ դա անել, բայց առայժմ չկա նման հնարավորություն: Ապրում ու մարզվում եմ Մոսկվայում, մինչդեռ այստեղ ես հայրական կողմի բարեկամներ ունեմ:

«Աշխարհի առաջնությունում լավ հանդես գալուն խանգարեց ուժեղ հոգեբանական լարվածությունը: Շատ էի ցանկանում օլիմպիական ուղեգիր նվաճել. արդարացնել իմ և ուրիշների հույսերը: Կարծում եմ, որ իմ գնահատականները մի փոքր իջեցված էին: Արդյունքում ինձ ընդամենը մեկ տեղ չբավականացրեց:

Վերջին հնարավորությունն է մնում՝ սեպտեմբերին Գերմանիայում կայանալիք վարկանիշային մրցաշարը: Ճանապարհս դեպի օլիմպիական խաղեր երկար էր և պետք է այնտեղ հանդես գամ: Գերմանիայում անհրաժեշտ է տեղ զբաղեցնել լավագույն վեցյակում: Այդ մրցաշարին կավելանան գեղասահորդներ այն երկրներից, որոնք աշխարհի առաջնությանը չեն մասնակցել:

Երևանի սահադաշտն ինձ շատ է դուր գալիս, այստեղ բոլոր պայմանները կան: Մարզվում եմ Ծաղկաձորի մարզաբազայում: Ցանկանում ենք ամռանը հավաք կազմակերպել Երևանում:

Հիմա Հայաստանում մի փոքր կհանգստանամ, հետո հավաք ենք նախատեսում Ռուսաստանում: Ամենայն հավանականությամբ, աշնան սկզբին Իտալիայում կմասնակցեմ միջազգային մրցաշարի: Դա Գերմանիայի վարկանիշային մրցաշարից առաջ գլխավոր փորձը կլինի»,- ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է Գալուստյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում