Օսեյան. Ամենակարևոր խաղն ամենավատը ստացվեց

Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում «Շիրակից» 0:3 հաշվով կրած պարտության պատճառով Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը դժգոհ էր իր թիմի խաղից:

«Ամենակարևոր խաղն էր, բայց ամենավատը ստացվեց»,- հանդիպումից հետո ասաց մարզիչը։

Sport.Times.amը երիտասարդ մասնագետին խնդրեց մանրամասնել անհաջողության պատճառները.

«Կարծում եմ՝ պատճառը հոգեբանության մեջ էր: Էմոցիոնալ այդքան սառը չեմ, որ ճիշտ վերլուծեմ կատարվածը, բայց ըստ իս, պատճառը դա էր: Երևի դեռ այդքան չենք հասունացել նման կարևոր խաղում ավելի սառնասիրտ լինելու համար»:

Առաջին երկու գոլերը երևանցիները բաց թողեցին հեռահար փոխանցումներից հետո: Sport.Тimes.amն Օսեյանին հարցրեց արդյո՞ք մրցակցի նման խաղն անակնկալ էր նրանց համար.

«Անսպասելի չէր: Լավ գիտեինք նրանց խաղը, առաջին անգամ չէինք խաղում: Մարզումների ժամանակ ու խաղից առաջ դրա վրա ուշադրություն դարձրել էինք: Պարզապես ստացվեց այնպես, ինչպես ստացվեց…»

Հարց հնչեց, թե արդյո՞ք անհատական սխալները նույնպես հոգեբանության հետ էին կապված.

«Ոչ միայն հոգեբանության: Վերջիվերջո նա (Արթուր Քարտաշյանը-խմբ.) սայթաքեց, բոլորի հետ էլ պատահում է: Դրան մի փոքր դժվար է գնահատական տալ»:

Բարձրագույն խմբի նախորդ տուրում «Փյունիկը» մեկնարկային կազմով խաղաց «Գանձասար-Կապանի» հետ, սակայն 30-ամյա մասնագետը խնդիրը հոգնածության հետ չկապեց.

«Եթե գոլեր ընդունեինք խաղի վերջում, կասեի, որ այդպես է, բայց 35-րդ րոպեին 3 գոլ էինք բաց թողել, դա հոգնածության հետ չեմ կապում»:

Առաջին կեսից հետո հաշիվն արդեն 0:3 էր: Օսեյանն ասեց, թե որքան դժվար էր ընդմիջման ժամանակ ոգևորել իր սաներին․

«Շատ դժվար էր: Թիմին ընդամենը կարճ բան ասացի՝ դուրս ենք գալիս հանձնված կամ պայքարելու մեր անվան համար»:

Երկրորդ կեսի վերաբերյալ գնահատականի վերաբերյալ մարզիչը միայն ասաց.

«Այսօր ընդհանրապես ոչնչից գոհ չեմ»:

 

Հայկ Հովհաննիսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում