Վարդան Բիչախչյան. Հնարավոր չէր սպասել, որ նման արդյունք կգրանցվի

Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում «Փյունիկի» նկատմամբ տոնած հաղթանակից «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը շատ գոհ է: Խաղից հետո 39-մասնագետը նշեց, թե ակումբի համար պատմության ընթացքում նվաճած երկրորդ Գավաթն ինչպիսի նշանակություն ունի։

«Ցանկանում եմ շնորհավորել Գյումրի քաղաքին, Շիրակի մարզին ու մեր թիմի երկրպագուներին: Շնորհակալություն եմ հայտնում ֆուտբոլիստներին անմնացորդ նվիրվածության համար: Կարողացանք երկրորդ անգամ նվաճել Գավաթը: Առաջին խաղակեսում լուծեցինք հարցը, օգտագործեցինք մեր գոլային պահերը, երկրորդում արդեն ամրության մեծ պաշար ունեինք: Ընդմիջումից հետո թիմն աչքի ընկավ կարգապահությամբ, կարողացանք հաջող գործել պաշտպանությունում ու պահպանեցինք առաջին կեսի առավելությունը»:

«Շիրակը» երկրորդ անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր: Գյումրեցի մարզիչը համեմատական անցկացրեց այդ հաղթանակների միջև․

«Նախորդը պատմության մեջ առաջինն էր: Մինչև 2012 թվականը թիմը երեք անգամ դուրս էր եկել եզրափակիչ, բայց ոչ մի անգամ չէր հաջողվել նվաճել Գավաթը: Այն ժամանակ դա իմ մարզչական կարիերայի առաջին տիտղոսն էր, որը թույլ տվեց մեզ մասնակցել Եվրոպայի լիգայի խաղարկությանը: Ամեն դեպքում, տիտղոսները սպորտում երբեք շատ չեն լինում: Պետք է կարողանանք պայքարել մինչև վերջ: Հնարավորություն էինք ստացել խաղալ եզրափակչում: Նպատակը մեկն էր՝ երկրորդ անգամ նվաճել գավաթը»:

Մրցաշրջանի երկրորդ կեսում Բիչախչյանը դժգոհ էր իր թիմի գոլային պահերի իրացման տոկոսից: Վերջին երկու խաղերում գյումրեցիները 3-ական գոլ են խփել: Ցածր արդյունավետության խնդիրը լուծված համարելու վերաբերյալ նա ասաց.

«Դեռ չեմ կարող ասել: Եթե հաջորդ երկու հանդիպումներում նույնպես կարողանանք երեքական գոլ խփել, միգուցե այդ խնդիրը լուծված կհամարվի»:

«Փյունիկի» հետ մրցավեճում «Շիրակը» զարմանալիորեն հեշտ հաղթեց: Նորընծա գավաթակրի մարզիչը նույնպես նման արդյունք չէր սպասում.

«Հնարավոր չէր սպասել կամ կանխագուշակել, որ նման արդյունք կգրանցվի: Դժվար խաղի էինք պատրաստվել: Առաջին կեսում կարողացանք օգտագործել գոլային պահերը: Առաջին գոլի դրվագում «Փյունիկի» պաշտպանը ընկավ, մեր հարձակվողը կարողացավ մեն-մենակ դուրս գալ ու օգտագործել իր պահը: Ինձ թվում է՝ հաղթանակը հեշտ չտրվեց, արագ գոլեր նպաստեցին այս հաշվին: Չեմ կարծում, թե խոշոր հաշիվը բախտի գործոն էր, ավելի շուտ լավ խաղի հետևանքն էր»

Առաջին երկու գոլերը «հովազները» խփեցին հեռահար փոխանցումներից հետո: Դա շատ նման էր նախապես ծրագրված քայլի: Բիչախչյանը հաստատեց Sport.Times.am-ի դիտարկումը.

«Առաջին երկու գնդակը առաջադրանքի արդյունքն էր: Մրցակցին ուսումնասիրել էինք, գիտեինք, որ բարձր պաշտպանությամբ է խաղում: Քանի որ մեր առջևի գծում ունեինք արագ հարձակվող, կարողացանք օգտագործել ազատ տարածությունները»:

Առաջնության ձմեռային ընդմիջումից առաջ «Շիրակը» գլխավորում էր Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը: Այնուամենայնիվ, գյուրմրեցիները գրեթե զրկվել են չեմպիոն դառնալու հնարավորությունից: Մրցաշրջանի վերաբերյալ անվանի նախկին հարձակվողը հետևյալ գնատականը տվեց.

«Եթե ոչ ստացված, ապա կարելի է այն գնահատել լավ: Աշնանային հատվածում կարողացանք առաջատարի դերը ստանձնել, 4 միավորի առավելություն ունեինք: Գարնանային հատվածը լավ չսկսեցինք ու 4 պարտություն կրեցինք: Առավելագույն նպատակը չեմպիոն դառնալն էր, նվազագույնը՝ եվրագավաթների ուղեգիր նվաճելը: Քանի դեռ առաջնությունն ավարտված չէ, «Ալաշկերտը» կամ «Գանձասարը» չեմպիոն չեն հռչակվել ու դեռ տեսական հնարավորություն ունենք չեմպիոնության համար, պայքարելու ենք»:

Հայկ Հովհաննիսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում