Հայաստանի 10 ըմբիշ մեկնել է Բելառուս

Դորտմունդում կայանալիք ըմբշամարտի 2017 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության նախապատրաստության շրջանակում ազատ ոճի Հայաստանի երիտասարդական հավաքականը գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանի և նրա օգնական Արմեն Մալխասյանի ղեկավարությամբ այսօր՝ մայիսի 25-ին մեկնեց Բելառուս:

Այդ երկրում վերոհիշյալ կարևոր ստուգատեսից առաջ հայ մարզիկներն ուժերը կփորձարկեն միջազգային երիտասարդական ներկայացուցչական մրցաշարում,- հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Վարդանյանի տեղեկացմամբ` Բելառուս են մեկնել Հայաստանի չեմպիոններ Կարեն Զուրաբյանը, Արսեն Հարությունյանը, Վարդգես Կարապետյանը, Գևորգ Մխեյանը, Արման Ավագյանը, Հովհաննես Մաղաքյանը, Սարգիս Հովսեփյանը, Հովհաննես Մխիթարյանը, ՀՀ առաջնության 2 մրցանակակիրներ` Գեղամ Գալստյանն ու Արման Անդրեասյանը:

Այդ 10 ըմբիշները մայիսի 26-27-ին հանդես են գալու Բելառուսի Գրոդնո քաղաքում անցկացվելիք ԽՍՀՄ հերոս Դմիտրի Կարբիշևի միջազգային երիտասարդական հուշամրցաշարում: Հավաքականի գլխավոր մարզիչը տեղեկացրել է, որ այս հուշամրցաշարի ավարտից անմիջապես հետո՝ մայիսի 28-ից մինչև հունիս 10-ը, ազգային ընտրանին Վլադիկավկազում Հարավային Օսեթիայի մեծահասակների հավաքականի հետ համատեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի:

Հավելենք, որ ազատ ոճի ըմբշամարտի 2017 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, ըստ ստուգատեսի ժամանակացույցի, ընթանալու է հունիսի 27-28-ին:

Լուսանկարը` ՀԱՕԿ-ի

Հետևեք մեզ նաև Telegram-ում