Աբրահամ Խաշմանյան. Ավելի շուտ չեմպիոն կդառնայինք, եթե…

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 29-րդ տուրում «Շիրակին» հաղթելու (3:1) շնորհիվ «Ալաշկերտը» երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը: Երևանցիների գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն ամփոփել է այդ հանդիպումը, ընդհանուր մրցաշրջանը և խոսել հետագա ծրագրերի մասին:

«Կարծում եմ` շատ լավ խաղացինք և օրինաչափ հաղթանակ տարանք: Երկրորդ տարին անըդնմեջ չեմպիոն դառնալու կապակցությամբ շնորհավորում եմ մեր բոլոր երկրպագուներին, ֆուտբոլիստներին ու ակումբին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Խաշմանյանը։

Նախորդ առաջնությունում նմանատիպ իրավիճակում «Ալաշկերտը» նույնպես ընդունել էր «Շիրակին», սակայն վերջին րոպեին բաց թողած գոլի պատճառով պարտվեց և հաղթողի հարցը տեղափոխվեց վերջին տուր: 49-ամյա մասնագետին հարց տրվեց՝ արդյո՞ք նա իր սաներին հիշեցրել է այդ խաղը:

«Անպայման, բայց ոչ միայն այդ խաղը: Պետք է սխալներից դասեր քաղենք, որ դրանք հետագայում չկրկնվեն: Չէի ասի, թե սխալներ կային, բայց ֆուտբոլում պետք է հարյուրտոկոսանոց կենտրոնացվածություն ունենանք: Հարկավոր էր այսօր լուծել չեմպիոնի հարցը, ինչը մենք արեցինք»:

Ընթացիկ մրցաշրջանը երևանցիների համար հախուռն ստացվեց: Եղան կոնֆլիկտներ, սկանդալային հրաժարական: Թիմն ընդհանուր 4 մարզիչ է գլխավորել (մեկը ժ.պ.): Հնարավոր է, որ այլ ակումբում նման իրավիճակում անկում սկսվեր… Խաշմանյանն ասաց, թե դա ինչպես ազդեց թիմի վրա:

«Մենք դրանից էլ ենք դասեր քաղում: Դա որոշակիորեն ազդեց թիմի վրա: Եթե այդ գործոնները չլինեին, միգուցե մենք ավելի շուտ ապահովեինք չեմպիոնի կոչումը: Ֆուտբոլում նման բաներից հնարավոր չէ խուսափել: Կարևորն այն է, որ մենք իսկական պրոֆեսիոնալներ ենք՝ իմ ֆուտբոլիստները, մարզչական շտաբը, ղեկավարը… Ակումբի նախագահ Բագրատ Նավոյանն այսօրվա դրությամբ ավելի ճկուն է մտածում, շատ ավելի օգտակար է, քան նախորդ տարիներին: Դա գալիս է նրանից, որ փորձ է կուտակվում»,- ասաց մարզիչը։

Մոտ մեկ ամսից Հայաստանի ուժեղագույն թիմը ելույթ է ունենալու Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում: Թիմի մարզիչն արդեն մտածում է այդ ուղղությամբ․

«Պետք է նախապատրաստվենք: Նախատեսված է հավաք արտերկրում: Մեր նպատակն առաջին փուլն անցնելն է, իսկ հետո արդեն կմտածենք անելիքների մասին»:

Ի պատասխան Sport.Times.am-ի` թիմի կազմում սպասվող փոփոխությունների մասին հարցերին` նշվեց, որ թարմացում լինելու է, բայց ոչ շատ․

«Չեմ կարծում, թե նորեկներ կլինեն, որովհետև ժամանակը քիչ է: Եթե հնարավոր լինի հրավիրել 1-2 որակյալ լեգիոներների, կանենք դա: Թիմից հեռացողներ արդեն կան: Անպայման թիմը կուժեղացնենք, թուլացում չի լինի»:

Հարց տրվեց նաև այն մասին, որ մի շարք մասնագետներ կարծում են, թե երևանցիների հաջողության գործոնը կազմի խորությունն է: Խաշմանյանը հետևյալ կերպ պատասխանեց այդ պնդմանը․

«Շատ մասնագետները» սխալվում են: «Ալաշկերտի» հաջողության գործոնը դա չէ: Ջերմ բարևում եմ այդ մարդկանց: Կցանկանայի հիմա տեսնել նրանց»:

Երկար տարիներ շարունակ Հայաստանի առաջնությունից ազգային հավաքականում ամենաշատ ներկայացուցիչները «Փյունիկն» ուներ, սակայն հիմա «Ալաշկերտն» է: Հավաքականի առաջիկա խաղերին հրավիրված Բարձրագույն խմբի 7 խաղացողներից 4-ը ներկայացնում են հին ու նոր չեմպիոնին…

«Կարծում եմ` այդ 4 ֆուտբոլիստը քիչ են, պետք է շատ լինեն: Ձգտելու ենք, որ այդ թիվը էլ ավելի մեծացնել: Կյանքը խոսալով չէ, պետք է միշտ ապացուցեց գործով, ինչը մենք անում ենք»,- ասաց Աբրահամ Խաշմանյանը։

Հայկ Հովհաննիսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում