Բագրատ Նավոյան. Չպետք է «խեցգետնի, կարապի ու գայլաձուկի» պես լինենք

Երևանի «Ալաշկերտն» իր պատմության ընթացքում երկրորդ անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն: Ակումբի նախագահ Բագրատ Նավոյանն այդ կապակցությամբ կիսվեց տպավորություններով: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, թե ինչն է նման լուրջ արդյունքի գրավականը:

«Ամեն ինչ անում էինք, որ «Ալաշկերտը» պահպանի տիտղոսը: Չեմպիոն դառնալը հեշտ է, իսկ պահպանելը` շատ ավելի դժվար: Ինքս զգացի դա: Այժմ մեր միակ նպատակը Չեմպիոնների լիգայում երկրորդ փուլը հաղթահարելն է: Թիմի կազմում անպայման կլինեն նորեկներ: Գաղտնիք է, բայց կասեմ` հունիսի 11-ին թիմը մեկնելու է Բելառուս` ուսումնամարզական հավաքի: 10 օր այնտեղ ենք լինելու: Ընկերական խաղեր կկայանան «Ժալգիրիսի» ու Մինսկի «Դինամոյի» հետ: Դա շատ օգուտ կտա թիմիբ: Արտասահմանից մեզ կմիանան 2-3 խաղացողներ, որպեսզի թիմն ավելի ուժեղացնեն»:

Այսօր միայն «Ալաշկերտը» հնարավորություն ուներ չեմպիոնի կոչումը նվաճելու, ուստի զարմանալի էր, որ գավաթը նախապես բերված չէր մարզադաշտ և չհանձնվեց թիմին: Sport.Times.am-ը հարցրեց, թե երևանցիները երբ են այն ստանալու․

«Պատրաստվում ենք խնդրել ֆեդերացիային, որ վերջին տուրի մեր ու «Արարատի» միջև հանդիպումը կայանա «Հանրապետական» մարզադաշտում, որտեղ և հանձնվի գավաթը: Եթե իհարկե ֆեդերացիան ու «Արարատը» համաձայնեն»:

Ընթացիկ մրցաշրջանում «Ալաշկերտը» 4 մարզիչ է գլխավորել (Աբրահամ Խաշմանյան, Սերգեյ Էրզրումյան, Կարեն Բարսեղյան, Արամ Ոսկանյան): Sport.Times.am-ը երևանյան ակումբի ղեկավարից հետաքրքրվեց՝ արդյո՞ք բոլոր մասնագետներին մեդալներ շնորհվելու են:

«Յուրաքանչյուր մարզիչ իր ներդրումն ունի: Մեծ աշխատանք է կատարել մեր նախորդ մարզիչը` Արամ Ոսկանյանը: Աշխատանք է կատարել նաև Կարեն Բարսեղյանը, բայց հիմնական գործն արել է մեր «կոմանդիրը»` Աբրահամ Խաշմանյանը: Կարելի է այդ մարզիչներին մեդալ ուղարկել: Չգիտեմ՝ ի՞նչն էր Արամ Ոսկանյանին գայթակղել, «Բանանցի» շքեղությո՞ւնը․․․ Կարծում եմ, որ չի կարելի չեմպիոնին թողնել և սկսել մարզել 5-րդ տեղի թիմը: Նա ինձ խնդրել է, ես էլ ընդառաջել եմ, որ հեռանա: Նա մեծ աշխատանք է կատարել «Ալաշկերտում» և այն, որ մենք այսօր չեմպիոն ենք, դրանում նա նույնպես մեծ լումա ունի»:

Ազգային հավաքականում «Ալաշկերտի» 4 ֆուտբոլիստ է հրավիրված: Նորընծա չեմպիոնի նախագահն ավելին է ակնկալում․

«Շատ լավ է «Ալաշկերտի» համար, որ 4 ֆուտբոլիստ հավաքականում են: Կարծում եմ, որ կան այլ խաղացողներ, ովքեր ևս արժանի են հրավերքին: Դա արդեն հավաքականի մարզիչներն են որոշում: Ես գոհ եմ ներկայիս թվից, բայց հույս ունեմ, որ մյուս տարի այն ավելի մեծ կլինի»:

Աբրահամ Խաշմանյանն իր խոսքում նշել էր, որ Նավոյանն արդեն ավելի ճկուն աշխատանք է վարում: Վերջինիս հարց տրվեց, թե իր գործելաոճում ի՞նչ փոփոխություններ է տեսնում․

«Իմ աշխատանքում հարկավոր է մաքսիմալիստ լինել՝ պետք է չեմպիոն դառնալ կամ հանդես գալ Առաջին խմբում: Չեմ անտեսում մյուս թիմերին: «Փյունիկն» ապացուցեց, որ հզոր թիմ է, «Բանանցը» կարող է ամեն խաղում դրական արդյունքի հասնել, «Արարատն» արդեն լավ վիճակում է: Եթե առաջնությունում ևս 2 թիմ ավելանա, մրցաշարն ավելի կուժեղանա: Բայց մենք չեմպիոնությունից բացի այլ տարբերակ չենք դիտարկում: Դրան կարող ենք հասնել միայն իմ, մարզչի ու ֆուտբոլիստների համատեղ աշխատանքով: Չպետք է իրար խանգարենք, «խեցգետնի, կարապի ու գայլաձուկի» պես լինենք: Ունենք միջին ու մեծ տարիքի խաղացողներ, ովքեր իրենց փորձով օգնում են մյուսներին: Հրավիրեցինք նաև սերբ լեգիոներների, ովքեր արդարացրեցին հույսերը»:

Երևանյան ակումբի տիտղոսային հավաքածուում բացակայում է միայն Հայաստանի գավաթը: «Դեղինների» նախագահը հաջորդ մրցաշրջանում այդ տիտղոսը գլխավոր նպատակ է դարձնելու․

«Գավաթի այս տարվա խաղարկությունում զիջեցինք «Փյունիկին»: Այդ ժամանակ մարզչի հարցում խնդիրներ կային: Լավ չխաղացինք: 2017-18թթ․ մրցաշրջանում թիմի առջև նպատակ է դրվելու նվաճել չեմպիոնի կոչումը և գավաթը»,- խոսքը եզրափակեց Բագրատ Նավոյանը։

                                                                         Հայկ Հովհաննիսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում