Մեսսին` «Ոսկե խաղակոշիկի» մրցանակակիր

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հաղթեց եվրոպական ազգային առաջնությունների ռմբարկուների պայքարում և դարձավ «Ոսկե խաղակոշիկի» մրցանակակիր։

Արգենտինացին Պրիմերայի ավարտված խաղարկությունում 37 գոլ է խփել: Հաշվի առնելով մրցաշարի բարդությունը` Լա լիգայում խփած գոլերը բազմապատկվում են 2 գործակցով, ինչի արդյունքում 29-ամյա ֆուտբոլիստի հաշվին գրանցված է 74 միավոր:

Մեսսին դեռ նախորդ շաբաթ գրեթե ապահովել էր հաղթողի կոչումը, սակայն տեսական հնարավորություն կար, որ նրան կարող են շրջանցել Իտալիայի առաջնության ֆուտբոլիստները: Ա Սերիայի լավագույն ռմբարկու դարձած Էդին Ջեկոն մրցաշարն ավարտեց 29 գնդակով:

«Ոսկե խաղակոշիկի» համար պայքարում Մեսսիի հիմնական մրցակիցներն էին Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Բաս Դոստը (34 գոլ, 68 միավոր) ու Դորտմունդի «Բորուսսիայի» ռմբարկու Պյեր-Էմերիկ Օբամեյանգը (31 գոլ, 62 միավոր):

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Էդինսոն Կավանին 35 գնդակ էր հեղինակ, սակայն վաստակել է 52,5 միավոր, քանի որ Լիգա 1-ի համար սահմանված է 1,5 գործակից:

Մեսսին չորրորդ անգամ կստանա «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը: Նախկինում նա լավագույնն էր դարձել 2009-10թթ․, 2011-12թթ․ և 2012-13թթ․ մրցաշրջաններում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում