Վարդան Բիչախչյան. Չեմպիոնության հավատ չտեսա

Հայաստանի առաջնության 29-րդ տուրում «Շիրակը» 1:3 հաշվով պարտվեց «Ալաշկերտին», ինչի արդյունքում վերջնականապես հայտնի դարձավ, որ առաջնությունը կավարտի երրորդ տեղում: Sport.times.am-ը հարցազրույց ունեցավ գյումրեցի մասնագետի հետ, ով խոսեց այդ խաղի և ընդհանուր առաջնության մասին:

– Ո՞րն էր պարտության պատճառը:

– Լավ չխաղացինք: Առաջին պատճառը հոգնածությունն էր: Վերջին 8 օրվա ընթացքում երեք ծանր հանդիպում ենք անցկացրել: Դա զգացնել տվեց, դժվար էր 90 րոպե պայքարել: Չեմպիոնի կոչման համար պայքարելու տեսական հնարավորություններ կային, բայց տղաների մոտ հավատ չտեսա: Գավաթի եզրափակչից հետո չկարողացանք վերականգնվել:

– Մեկնարկային կազմում կատարված փոփոխությունները միայն հոգնածության հե՞տ էին կապված:

– Փոփոխություններ կատարելով փորձեցինք թարմություն ապահովել, բայց միևնույն է տղաները ծանր էին տեղաշարժվում:

– Վահան Բիչախչյանը փոխարինման մտնելուց հետո ակտիվացրեց թիմի խաղը: Նա ինչո՞ւ էր բացակայում մեկնարկային կազմում:

– Վահանը 17-18 տարեկան երեխա է: Կարծում եմ` ճիշտ չէ 4 օրվա ընթացքում նրան երկու անգամ մեկնարկային կազմում ընդգրկել:

– Առաջնության ավարտից մեկ տուր առաջ թիմերի զբաղեցրած վերջնական դիրքներն արդեն հայտնի է: Այդ տեղերն արտացոլո՞ւմ են թիմերի ցուցադրած խաղը:

– Կարող էին այլ լինել: Կարծում եմ` կայունության հարց է: Մենք մրցաշրջանի առաջին կեսում կայուն հանդես եկանք, իսկ երկրորդում չափազանց շատ միավորներ կորցրեցինք:

– Աշնանը «Շիրակը» կազմն այդքան խորը չէր, որքան ձմեռային ընդմիջումից հետո, բայց թիմն առաջին տեղում էր: Նոր համալրումները խանգարեցի՞ն թիմին:

– Ռիսկային գործոնը մեծ է: Երբ դեկտեմբերին հետհայացք գցեցինք առաջնության առաջին կեսին, տեսանք, որ ամենաքիչ գնդակներն ենք բաց թողել, բայց առաջատարների խմբում նաև ամենաքիչը խփել: Բնականաբար առջևի գծի խաղը չէր բավարարում: Հասկանալով, որ գարնանը պայքարն ավելի թեժ է լինելու, որոշեցինք ռիսկի գնալ և նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել: Կարճ ժամանակում պատշաճ համագործակցությունն ապահովելը բարդ խնդիր էր: Տղաներն էլ չկարողացան իրենց լավագույն կողմերով դրսևորել: Արտասահմանյան հավաքից վերադառնալուց հետո մի շարք խաղացողներ վնասվածք ստացան, հետո ֆունցիոնալ վիճակը երկար վերականգնեցին: Այդ ամենը ժամանակ խլեց:

– Թիմի կազմում փոփոխություններ լինելո՞ւ են:

– Շատ քիչ: Այս պահին ոչինչ չենք որոշել: Ցանկալի է առջևի գիծն ուժեղացնել, որովհետև մենք կրկին այդ հարցում խնդիրներ ունենք: Եթե կարողանանք որակյալ 1-2 խաղացողներ գտնել, անպայման կհրավիրենք նրանց:

Վահան Բիչախչյանի ապագայի մասին խոսակցություններն ամենաքննարկվողներից են հայկական ֆուտբոլում: Շուտով կլրանա նրա 18 ամյակը և նա իրավունք կստանա տեղափոխվել արտասահման: Արդեն որևէ հստակություն կա՞:

– Դեռ ոչինչ չկա, ամեն ինչ իր հունով է ընթանում:

– Դուք կնախընտրեիք, որ նա շարունակի ելույթները Հայաստանում, թե՞ արդեն պատրաստ է արտասահման մեկնել:

– Չեմ կարող կարծիք հայտնել: Տեսնենք, թե ինչ կստացվի:

Հայկ Հովհաննիսյան

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում