Աշխարհի 10 ամենաթանկ դարպասապահները

Լուրեր են շրջանառվում, որ «Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է ձեռք բերել «Բենֆիկայի» դարպասապահ Էդերսոնի տրանսֆերը՝ նրան դարձնելով աշխարհի ամենաթանկ դարպասապահը։ Քանի դեռ տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել, առաջարկում ենք ծանոթանալ աշխարհի ամենաթանկ դարպասապահների տասնյակին։

9-10. Մարկ-Անդրե տեր Շտեգեն (Գերմանիա)
Որտեղից՝ «Բորուսսիա Մյոնխենգլադբախ» 
Որտեղ՝ «Բարսելոնա»
Երբ՝ 2014 թվական
Որքան գումարի դիմաց՝ 12 միլիոն եվրո

Տասնյակը բացող դարապասապահը 3 տարի առաջ Մյոնխենգլադբախի «Բորուսսիայից» տեղափոխվեց «Բարսելոնա», իսկ երեկ նոր պայմանագիր կնքեց կատալոնական ակումբի հետ։ Տեր Շտեգենը 2 մրցաշրջան միայն գավաթային խաղերին էր մասնակցում, իսկ Լա Լիգայում թիմի դարպասը վստահում էին Կլաուդիո Բրավոյին, սակայն ընթացիկ մրցաշրջանը փոփոխություն առաջ բերեց, և հիմա գերմանացին «Բարսելոնայի» առաջին դարպասապահն է։ Իսկ եթե որևէ մեկը ցանկանում է տեր Շտեգենին տեսնել իր թիմում, պետք է վճարի աստղաբաշխական հրաժարագին՝ 180 միլիոն եվրո․․․

9-10. Կլաուդիո Բրավո (Չիլի)
Որտեղից՝ «Ռեալ Սոսյեդադ»
Որտեղ՝ «Բարսելոնա»
Երբ՝ 2014 թվական
Որքան գումարի դիմաց՝ 12 միլիոն եվրո

Նույն տարին, նույն նշանակետն ու նույն գումարը: Կլաուդիոն Սան-Սեբաստյանում ձևավորվել էր որպես լուրջ դարպասապահ ու արժանի էր այն մեծ հրավերին, որ ստացավ կատալոնացիներից: Բրավոն հուսալի էր ու երկու տարվա ընթացքում տաղանդավոր տեր Շտեգենին չթողեց երևալ Լա Լիգայում: «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուց հետո չիլիացին սկսեց պարբերաբար «հրաշքներ» գործել, բայց սա այլ պատմություն է, որին ավելի ուշ կանդրադառնանք:

8. Ֆրեյզեր Ֆորսթեր (Անգլիա)
Որտեղից՝ «Սելտիկ»
Որտեղ՝ «Սաութհեմփթոն»
Երբ՝ 2014 թվական
Որքան գումարի դիմաց՝ 12.5 միլիոն եվրո

Կրկին 2014 թվական։ «Սաութհեմփթոնը» սովորաբար կարողանում է բարձր գնով վաճառել իր ֆուտբոլիստներին, բայց այս անգամ դրամապանակը լայն բացեց ու 12.5 մլն եվրո վճարեց դարպասապահի համար: Ֆրեյզերը կարողացավ գլուխ հանել իր առաջ դրված խնդրից, դարձավ առաջին համարը և համալրեց Պրեմիեր լիգայի լավագույն դարպասապահների շարքը:

7. Պետեր Չեխ (Չեխիա)
Որտեղից՝ «Չելսի»
Որտեղ՝ «Արսենալ»
Երբ՝ 2015 թվական
Որքան գումարի դիմաց՝ 13.9 միլիոն եվրո

11 տարի «Չելսիում» հանդես գալուց հետո Չեխը Տիբո Կուրտուայի հետ մրցակցությունում զիջեց դիրքերը և տեղափոխություն խնդրեց: Քանի որ չեխ դարպասապահը Պրեմիեր լիգայից հեռանալ չէր ցանկանում, «Չելսիի» ղեկավարությունը հաստատեց «Արսենալ» տեղափոխությունը: Չեխը, անխոս, անհրաժեշտ որակ մտցրեց նոր թիմի խաղում, թեև անուշադրության համախտանիշը երբեմն նրան զերծ չի պահում վրիպակներից:

6. Յան Օբլակ (Սլովենիա)
Որտեղից՝ «Բենֆիկա»
Որտեղ՝ «Ատլետիկո»
Երբ՝ 2014 թվական
Որքան գումարի դիմաց՝ 16 միլիոն եվրո

Զարմանալու առիթ ստեղծվեց, երբ «Ատլետիկոն» հայտարարեց այս տրանսֆերի մասին: Բանն այն է, որ Օբլակը «Բենֆիկայի» կազմում մեկ ամբողջ մրցաշրջանի ընթացքում բոլոր մրցաշարերում միասին ընդամենը 25 խաղի էր մասնակցել: Մինչ այդ Յանը վարձավճարով էր հանդես գալիս և ոչ բոլոր ակումբներում էր հաջողության հասել: Ամեն դեպքում, «Ատլետիկոն» չվարանեց 16 մլն եվրո վճարել Օբլակի համար, և ինչպես կյանքը ցույց տվեց, չզղջաց։ 

5. Անջելո Պերուցի (Իտալիա)
Որտեղից՝ «Ինտեր»
Որտեղ՝ «Լացիո»
Երբ՝ 2000 թվական
Որքան գումարի դիմաց՝ 17.8 միլիոն եվրո

Տարիներ առաջ Պրեմիեր լիգայում պարզապես երազում էին Ա Սերիայի միլիոնների ու փառքի մասին, քանի որ այդ ժամանակ գլխավոր տեղափոխություններն Իտալիայում էին կատավում: 2000-ին դարպասապահի արժեքի ռեկորդ գրանցվեց, թեև Պերուցին այդ ժամանակ չգիտեր, որ ռեկորդային գումարը, որ «Լացիոն» վճարել էր իր տրանսֆերի համար, մեկ տարի անց երեք անգամ կգերազանցվեր: Տրանսֆերը ստացվեց. Անջելոն 7 տարի խաղաց «Լացիոյում», իսկ 2006-ին Իտալիայի հավաքականի կազմում հաղթեց Աշխարհի առաջնությունում:

4. Կլաուդիո Բրավո (Չիլի)
Որտեղից՝ «Բարսելոնա»
Որտեղ՝ «Մանչեսթեր Սիթի»
Երբ՝ 2016 թվական
Որքան գումարի դիմաց՝ 18 միլիոն եվրո

Բրավոն երկու անգամ է տասնյակում հայտնվում։ «Մանչեսթեր Սիթի» համար նրա տեղափոխությունն ավելին արժեցավ՝ չհաշված, որ տրանսֆերի պահին Կլաուդիոն 33 տարեկան էր: Ինչ խոսք, այս տասնյակում Բրավոյի համար վճարված գումարն ամենաանհաջող ներդրումն է, քանի որ Անգլիայում չիլիացին մեղմ ասած իրեն չի արդարացնում:

3. Դավիդ դե Խեա (Իսպանիա)
Որտեղից՝ «Ատլետիկո»
Որտեղ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»
Երբ՝ 2011 թվական
Որքան գումարի դիմաց՝ 22 միլիոն եվրո

Միայն այս մրցաշրջանում Դավիդ դե Խեան «կարմիր սատանաներին» այնպիսի դժվարին պահերի է օգնել, որ Ժոզե Մոուրինյուն ասում է, թե նախընտրում է իր թիմի հերոսների շարքում դարպասապահի չտեսնել։ Եթե ամռանը «Ռեալը» որոշի գնել Դավիդի տրանսֆերը, ապա իսպանացին հնարավորություն կունենա դառնալու աշխարհի ամենաթանկարժեք դարպասապահը կամ պարզապես առաջադիմելու այս տասնյակում։

2. Մանուել Նոյեր (Գերմանիա)
Որտեղից՝ «Շալկե»
Որտեղ՝ «Բավարիա»
Երբ՝ 2011 թվական
Որքան գումարի դիմաց՝ 24 միլիոն եվրո

Նոյերի «Բավարիա» տեղափոխությունը թեժ էր. Գելզենկիրխենում այրում էին նրա մարզահագուստը և անգամ խրտվիլակ կախեցին, բայց Մանուելը հայտնի է իր երկաթե նյարդերով: «Բավարիայում» Նոյերն ավելացրեց տիտղոսների քանակն ու հասավ մինչև աշխարհի լավագույն դարպասապահի կարգավիճակին: Չենք մոռանում, որ նա ընդգրկվել է «Ոսկե գնդակի» երեք թեկնածուների շարքում: 

1. Ջանլուիջի Բուֆֆոն
Որտեղից՝ «Պարմա»
Որտեղ՝ «Յուվենտուս»
Երբ՝ 2001 թվական
Որքան գումարի դիմաց՝ 52 միլիոն եվրո

52 միլիոն եվրո դարպասապահի համար, բայց մի՞թե սա հսկայական գումար է: «Յուվենտուսը» բացարձակ չի սխալվել։ Եթե հաշվի առնենք 16 տարիները, որ Ջիջին անց է կացրել Թուրինում, ստացվում է 3.25 մլն եվրո յուրաքանչյուր տարվա համար: Մի՞թե սա մեծ գումար է բոլոր ժամանակների լավագույն դարպասպահներից մեկի համար: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում