«Միլանը» համաձայնեցրել է Բիգլիայի տրանսֆերը

«Միլանը» գրեթե ձևակերպել է «Լացիոյի» կիսապաշտպան Լուկաս Բիգլիայի տրանսֆերը,- գրում է «Football Italia»-ն։

Գործարքը գնահատվում է 18 միլիոն եվրո, ևս 4 միլիոն նախատեսված է որպես հնարավոր պարգևավճար: Արգենտինացին «ռոսոներիի» հետ կնքելու է 3 տարվա պայմանագիր: Նրա աշխատավարձը կազմելու է տարեկան 2,5 միլիոն եվրո: 500 հազար եվրո նախատեսված է բոնուսի տեսքով:

Հռոմեացիների հետ Բիգլիայի պայմանագրի ժամկետը լրանում է մեկ տարուց` 2018 թվականի ամռանը: Նա հրաժարվել է «արծիվների» հետ նոր համաձայնագիր կնքել: 31-ամյա ֆուտբոլիստը «Լացիոյի» կազմում է հանդես գալիս 2013 թվականից:

«Միլանն» արդեն հայտարարել է կենտրոնական պաշտպան Մատեո Մուսակիոյի տրանսֆերի մասին, իսկ հենակետային կիսապաշտպան Ֆրանկ Կեսսիեի առաջին բուժզննումն անհաջող է անցել: Սպասվում է ևս մեկ հետազոտություն: Այսպիսով, Բիգլիան կարող է դառնալ իտալական ակումբի չինացի սեփականատերերի երրորդ ձեռքբերումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում