«Յուվենտուս» – «Ռեալ». տակտիկական անոնս՝ եզրափակչին ընդառաջ

Ժամեր անց Քարդիֆի «Միլենիում» մարզադաշտում տեղի կունենա Չեմպիոնների լիգայի 2016-17թթ. խաղարկության եզրափակիչը․ չեմպիոնական բաղձալի գավաթը կվիճարկեն Թուրինի «Յուվենտուսն» ու Մադրիդի «Ռեալը»: Խաղին ընդառաջ՝ Sport․Times․am-ը հիշեցնում է թիմերի նախընտրած սխեմայի և մարտավարության մասին։

«Յուվենտուս»

Հավանական մեկնարկային կազմը

Սխեման և մարտավարությունը

Եվրոպական թիմերի մեջ դժվար գտնվի մեկը, որ կարողանա ավելի լավ սխեմատիկ փոփոխություններ կատարել մրցաշրջանի ընթացքում այնպես, ինչպես «Յուվենտուսը»: Թուրինցիները հիանալի են խաղում թե՛ երեք, թե՛ չորս պաշտպանով: Այս մրցաշրջանի միջնամասում Մասիմիլիանո Ալեգրին էլ ավելի կատարելագործեց իր թիմի խաղը՝ անցնելով 4-2-3-1 տակտիկական դասավորությանը: Այն թույլ է տալիս մեկնարկային կազմում ընդգրկել ավելի շատ հարձակողական որակներով ֆուտբոլիստների, իսկ պաշտպանությունը դառնում է ավելի կայուն: Բացի այդ, այս սխեման ցանկացած պահի կարող է վերածվել 3-4-1-2-ի, ընդ որում՝ առանց փոխարինում կատարելու:

Առանց որևէ փոխարինման՝ հանդիպման ցանկացած պահի, Ալեգրիի թիմը կարող է անցնել այսպիսի դասավորության, որը թույլ կտա օգտագործել դաշտի ամբողջ երկայնքը: Հնարավոր է՝ Կուադրադոյի փոխարեն խաղա Անդրեա Բարձալին, իսկ Դանի Ալվեշը փակի ամբողջ աջ եզրը: Պետք չէ մոռանալ նաև 4-3-3-ի մասին: 

Ալեգրին պարզապես շեղված է տակտիկայի վրա: Նա անընդհատ փորձում է նոր մտքեր և գաղափարներ հաղորդել իր թիմին: Նա հիանալի թիմ է կառուցել, որտեղ յուրաքանչյուր ֆուտբոլիստ հստակ գիտի իր պարտականությունները: Ընտրել այնպիսի դասավորություն, որտեղ միաժամանակ խաղադաշտ դուրս կգան Դիբալան, Մանջուկիչը, Իգուաինն ու Կուադրադոն, այդքան էլ հեշտ գործ չէ, բայց Ալեգրին կարողացավ իրագործել այն: Մանջուկիչը՝ որպես ձախ կիսապաշտպան, որը մրցակցի յուրաքանչյուր գրոհի ժամանակ մինչև վերջ նահանջում է, Ալեգրիի պահանջկոտության արդյունքն է: Իգուաինին ու Դիբալային խաղադաշտում օգտագործել այնպես, որ միմյանց չխանգարեն և հաճույք ստանան խաղից, Ալեգրիի փայլուն մարզչական գաղափարների արտացոլումն է:

Թույլ կողմերը

Այս «Յուվենտուսում» թույլ կողմեր գտնելը գրեթե անհնար է, բայց կա մի բան, որը կարող է չար կատակ խաղալ թուրինցիների հետ՝ սեփական ուժերը գերագնահատումը: Ճիշտ է՝ մադրիդցիներն ունեն կադրային խնդիրներ, սակայն միայն դա չի կարող կշեռքի նժարը թեքել թուրինցիների կողմը:

«Ռեալ»

Հավանական մեկնարկային կազմը

Սխեման և մարտավարությունը

Այստեղ երկու կարծիք լինել չի կարող: «Ռեալը» կխաղա 4-3-1-2 տակտիկական դասավորությամբ: Ինչպես միշտ, երեք կենտրոնական կիսապաշտպաններով՝ Կրոս, Կազեմիրո, Մոդրիչ: Իսկոն խաղալու է տրեկվարտիստայի կամ որ նույնն է՝ խաղարկողի դիրքում: Ռոնալդուն ու Բենզեման էլ հարձակման կենտրոնում: Այս սխեմայի առավելությունները շատ են: Այն թույլ է տալիս ֆուտբոլիստներին անընդհատ փոխվել դիրքերով: Ռոնալդուն կարող է նահանջել կիսապաշտպանության ձախ եզր, ստանալ գնդակն ու դրիբլինգի շնորհիվ ներխուժել մրցակցի տուգանային հրապարակ: Բենզեման ապակողմնորոշում է մրցակցի պաշտպաններին, ինչի հաշվին էլ Իսկոն կարողանում է ազատ տարածություն ստանալ: Կիսապաշտպանության եռյակի համաձայնեցված գործողությունների շնորհիվ էլ թիմի խաղը կայունություն է ստանում:

Իսկ հիմա այն մասին, թե ինչու մեկնարկային կազմում պետք է խաղա Իսկոն, այլ ոչ թե Բեյլը։ Այստեղ ամբողջ հարցը մարտավարության մեջ է: «Յուվենտուսի» պես թիմի դեմ պետք է գործել հավասարակշռված: Պետք է ավելի շատ կենտրոնանալ սեփական խաղի, այլ ոչ թե մրցակցի հավանական սխալի վրա: Այս դեպքում ավելի նպատակահարմար է խաղալ ստեղծագործ ֆուտբոլ՝ 4-3-1-2 սխեմայով, որտեղ Իսկոն կլինի խաղի դիրիժորը, քան կենտրոնանալ հակագրոհների վրա՝ ընտրելով 4-3-3-ը՝ եզրում Բեյլին օգտագործելով: Իսկ Բեյլին պահեստայինների նստարանին ունենալը կարող է դառնալ Զինեդին Զիդանի թիմի հաղթաթուղթը: Օրինակ՝ հանդիպման 60-րդ րոպեին «Ռեալը» պարտվում է և թարմություն է պետք հարձակման գծում: Իհարկե, Բեյլին խաղադաշտ դուրս բերելով, «Ռեալն» առնվազն հոգեբանական, իսկ առավելագույնը՝ խաղային առավելություն կունենա մրցակցի նկատմամբ: Արագավազ Բեյլի խաղադաշտ դուրս գալով՝ սխեման կփոխվի 4-3-3-ի, որտեղ ուելսցին կճախրի իրեն հարազատ աջ եզրում: 

Երկրորդ հավանական սցենարը. «Ռեալը» հանդիպման 60-րդ րոպեին հաշվի մեջ առաջ է, պետք է պահել հաղթական հաշիվը: Էլ ով, եթե ոչ Գարեթ Բեյլը պետք է դուրս գա խաղադաշտ: Նա ժամանակին խաղացել է ձախ պաշտպանի դիրքում, ունի պաշտպանվելու ունակություն և որ ամենակարևորն է՝ հակագրոհելու կարողություն:

Թույլ կողմերը

«Ռեալի» թույլ կողմը պաշտպանությունն է: Չնայած նրան, որ թիմում հավաքված են համաշխարհային մակարդակի պաշտպաններ, միևնույնն է, այս մրցաշրջանում մադրիդցիների պաշտպանության խաղը չի գոհացնում: Թե՛ Սերխիո Ռամոսը, թե՛ Մարսելոն երբեմն կորցնում են զգոնությունը, իսկ այսօրվա «Յուվենտուսի» դեմ այդպես խաղալը պարզապես չի խրախուսվում: Բացի այդ, չմոռանանք, որ Դանի Կարվախալը նոր է ապաքինվել վնասվածքից և գուցե հեռու լինի լավագույն մարզավիճակից:

 

Միհրան Ալեքսանյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում