Ալեգրի. 2015 թվականին չէինք հավատում հաղթանակին, հիմա ամեն ինչ այլ է

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Չենպիոների լիգայի եզրափակչում «Ռեալի» դեմ հանդիպման նախախաղյա ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իր թիմը զգալիորեն փոխվել է 2015 թվականի եզրափակչից հետո, որում պարտվել էին «Բարսելոնային» (1:3): Իտալացու խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

«Մենք հանգիստ ու անվրդով ենք խաղալու: Ամբողջ տարին աշխատել ենք այս հանդիպման համար: Հեշտ չի լինելու, չէ՞ որ «Ռեալը» գործող չեմպիոնն է, բայց մենք մրցաշրջանի ընթացքում շատ բաներ ենք սովորել, որոնք կփորձենք խաղի ժամանակ ի ցույց դնել:

Բոլոր այն տիտղոսները, որոնք հաղթել ենք, բոլոր հաղթանակները, որոնց հասել ենք, ընդամենը պատրաստություն էին այս եզրափակչի համար: Մենք պետք է հաղթենք: Կարող ենք դա անել, ունակ ենք դրան:

2015 թվականին արժանիորեն էինք հասել եզրափակիչ, սակայն, միգուցե, այդքան վստահ չէիք սեփական ուժերին: Եզրափակչում պատահականորեն չէինք հայտնվել, բայց հաղթանակի չէինք հավատում: Այս անգամ ամեն ինչ այլ է: Նախորդ մրցաշրջանում շատ լավ տեսք ունեինք, սակայն վերջին րոպեներին պարտվեցինք «Բավարիային»: Մենք հետզհետե ենք զարգանում: Այժմ ամեն ինչ բացարձակապես այլ է:

Մարդիկ խոսում են Բեյլի ու Իսկոյի մասին, բայց ինձ համար «Ռեալի» ամենակարևոր ֆուտբոլիստը Կազեմիրոն է, որովհետև առանց նրա մադրիդցիները չեն կարող իրենց նախընտրած ֆուտբոլը խաղալ: Կազեմիրոն հավասարակշռություն է հաղորդում «Ռեալին»: Բրազիլացին տեխնիկայի տեսանկյունից ամենատաղանդավորներից չէ, սակայն նրա ելույթն առանցքային նշանակություն ունի»,- ասել է 49-ամյա մասնագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում