Զիդան. Ֆուտբոլի բոլոր սիրահարները տպավորիչ եզրափակիչ են ակնկալում

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Յուվենտուսի» հետ կայանալիք հանդիպումից առաջ խոսել է իր ակնկալիքների մասին:

«Ընթացիկ մրցաշրջանում ահռելի աշխատանք ենք կատարել. հաղթել ենք Իսպանիայի առաջնությունն ու հասել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Ֆուտբոլում հարկավոր է ուժ չխնայել, և մենք պատրաստ ենք դրան: Շատ հանդիպումներ ենք պարտվել, այնպես որ՝ ես ծանոթ եմ պարտություններին: Նույնը վերաբերվում է նաև «Յուվենտուսին»: Կփորձենք ցուցադրել մեր խաղը: Գիտենք, որ մեզ հիանալի թիմ է դիմակայելու: Ֆուտբոլի բոլոր սիրահարները տպավորիչ եզրափակիչ են ակնկալում:

Լավ ենք ծանոթ ճնշման տակ խաղալուն: Միշտ ֆավորիտ ենք՝ չնայած եզրափակիչներում ֆավորիտներ չեն լինում: Երկու թիմերից էլ բաց խաղ եմ ակնկալում: Խաղացել եմ «Յուվենտուսում», ծանոթ եմ կատենաչոյին, բայց դա մեր առաջիկա մրցակցին չի վերաբերվում:

Ռոնալդուն լավ մարդ է, հոգատար ու մյուսների մասին մտածող: Նա չի հոգնում հաղթելուց, հաղթանակները նրան միշտ քիչ են թվում: Նա միշտ ցանկանում է հաղթել, նույնիսկ մարզումների ժամանակ: Դա Կրիշտիանուի արյան մեջ է: Ռոնալդուն բնածին առաջատար է, հատկապես խաղադաշտում:

Մտադիր չեմ մեր խաղում որևէ բան փոխել: Ոչինչ փոխելու իմաստ չկա: Գործելու ենք այնպես, ինչ միշտ, իսկ հետո կտեսնենք»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում