Ռոնալդու. Սա մեր նպատակն է, մեր խնդիրը և մեր երազանքը

Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է մրցակից «Յուվենտուսի», գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի և մրցաշարում իր 100-րդ գոլի նշանակության մասին:

-Ինչպե՞ս կգնահատեք Չեմպիոնների լիգայում ձեր 14-րդ խաղարկությունը: Որքա՞ն ուժգին եք սպասում չորս տարվա ընթացքում երրորդ եզրափակչին:

-Չեմպիոնների լիգայի եզրափակչին մասնակցելը միշտ հատուկ զգացողություն է հաղորդում: Դա 4 անգամ անելու հնարավորություն եմ ունեցել ու այսօրվա եզրափակիչը 5-րդն է լինելու. հատուկ պահ է լինելու: Մեզ մեծ թիմ է դիմակայելու: Հասկանում ենք, որ առջևում ծանրագույն խաղ է, բայց մենք «Ռեալն» ենք ու հաղթելու լավ հնարավորություն ունենք: Բնականաբար, հույս ունեմ, որ կհաղթենք:

-«Յուվենտուսի» խաղում ի՞նչ առանցքային պահեր կնշեիք:

-Փայլուն թիմ է: «Յուվենտուսը» պատահաբար չէ, որ խաղում է եզրափակչում: Շատ լուրջ մրցակից է: Գիտենք, որ շատ բարդ խաղ է լինելու, իսկ հաղթելու հնարավորությունները 50-50 են։ Նրանք խիստ վերահսկողություն են սահմանում կարճ տարածության վրա, նախընտրում են մրցակցի հետ խաղալ այնպես, ինչպես «Ատլետիկոն»: Իհարկե, «Յուվեն» հիասքանչ պաշտպանություն ունի, բայց պաշտպանները որքան էլ լավը լինեն, ցանկացած դեպքում կարելի է թույլ տեղ գտնել: Պետք է գտնենք այդ թույլ տեղը, օգտվենք տարծությունից, որ կտա մեզ մրցակիցը։

Այս խաղը շատ նման է լինելու «Ատլետիկոյի» դեմ մեր վերջին 2 եզրափակչիներին: Երկու թիմերն էլ փորձում են օգտագործել մրցակցի սխալները: Ով քիչ է սխալվում, նա էլ, հավանական է, որ հաղթում է: Հույս ունեմ, որ «Ռեալը» քիչ սխալներ թույլ կտա:

-Կարիերայի այս փուլում շարունակո՞ւմ եք հաճույք ստանալ ֆուտբոլից:

-Փորձում եմ առավելագույն հաճույք ստանալ ու հիասքանչ մարզավիճակում եմ: Իհարկե, թիմը հիանալի օգնում է: Ես սիրում եմ ֆուտբոլ խաղալ: Ամենաշատն ուզում եմ գործողությունների լիակատար ազատությամբ հարձակման գծում խաղալ։ Զիդանն ինձ տվել է այդ հնարավորությունը: Նրա ղեկավարությամբ դասական «9» համարի կարգավիճակում եմ: Ազատ գործողություններ հարձակման գծում՝ կենտրոնում և եզրերում: Խաղում եմ այնտեղ, որտեղ պետք է լինում: Վերջին մրցաշրջանների ավարտին հոգնածություն էի զգում, դրա համար էլ ինձ մի քանի խաղով հանգիստ տվեցին: Այդուհանդերձ, թիմում առաջին տեղում եմ դաշտում անցկացրած րոպեների քանակով: Շատ խաղերի եմ մասնակցել, բայց նախորդ տարիների համեմատ մրցաշրջանի ավարտին ինձ ավելի լավ եմ զգում:

-Այս մրցաշրջանում 20 ֆուտբոլիստ է «Ռեալի» մեկնարկային կազմում եղել: Ռոտացիայի՞ շնորհիվ է թիմն այսքան հեռու գնացել:

-Կարծում եմ՝ այո: Իմ կարծիքով Զիդանը շատ գրագետ է ղեկավարում թիմը: Հեշտ չէ, քանի որ մեզ մոտ բոլորն են ուզում խաղալ: Նա կարող է հանգիստ տալ առանցքային ֆուտբոլիստներին, ովքեր միշտ մեկնարկայինում են լինում:

Երբ անցյալ տարի Զիդանը գլխավորեց մեր թիմը, որևէ մեկը նրա վրա ճնշում չէր գործադրում, քանի որ արդեն իսկ զիջում էինք առաջատարներին: Այս մրցաշրջանը նա մաքուր էջից սկսեց ու ցույց տվեց, թե որքան ուժեղ մարզիչ է: Նա շատ հաճելի մարդ է: Նա աշխատասեր է և մեծագույն հարգանքով է վերաբերում խաղացողներին: Կասկած չունեմ, որ թիմն իր հաջողություններով Զիդանին է պարտական: Բոլոր ֆուտբոլիստներն ուրախ են աշխատել նրա հետ:

-Դուք առաջինը հատեցիք 100 գոլի սահմանը: Ի՞նչ է այն նշանակում ձեզ համար:

-Ես ձգտել եմ այդ ռեկորդին: Միշտ հավատացել եմ, որ Չեմպիոնների լիգայում 100 գոլ խփած առաջին ֆուտբոլիստն եմ լինելու: Ես արեցի դա: Այդ նպատակն իմ առաջ մրցաշրջանի մեկնարկին եմ դրել ու Աստծո շնորհիվ հասել եմ դրան: Հասկանում եմ, որ իմ նախորդ ու ապագա ձեռքբերումները երկար ժամանակ կմնան պատմության էջերին: Պատահական չեմ այդ ռեկորդները սահմանել: Ես ռեկորդների գերի չեմ, բայց ինձ դուր է գալիս բարելավել դրանք: Դրանք հենց գերազանցվելու համար էլ գոյություն ունեն: Դա խթան է մարզվելու և լավ խաղալու համար: Անընդհատ աշխատանք, առավելագույն մակարդակում խաղալու համար. սա է իմ փիլիսոփայությունը: 

-Ձեզ գայթակղո՞ւմ է «Ռեալին» Չեմպիոնների լիգայում 2 անգամ անընդմեջ հաղթած առաջին թիմը դարձնելու միտքը: 

-Դա նպատակ է, որին ցանկանում են հասնել «Ռեալի» բոլոր ֆուտբոլիստները: Ցանկանում ենք պատմություն կերտել ու հասկանում ենք, որ այս եզրափակչում հաղթելով՝ կդառնանք չեմպիոնական տիտղոսը պաշտպանած առաջին թիմը: Դա մեր նպատակն է, մեր խնդիրը և մեր երազանքը: Եկեք խաչենք մատները:

 

Աղբյուր՝ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայք

Հետևեք մեզ նաև Telegram-ում