Մեկ քայլ «Յուվենտուսի» ոսկե հեթ-տրիկի համար (տեսանյութեր)

«Յուվենտուսը» նվաճել է սկուդետոն և Իտալիայի գավաթը: Եթե այսօր քարդիֆյան եզրափակչում կարողանա «Ռեալին» հաղթել ու բարձրացնել Չեմպիոնների գավաթը, ապա ոսկե հեթ-տրիկի 9-րդ հեղինակը կդառնա: Հիշենք նախորդ դեպքերը։

«Սելտիկ» (1966-67թթ․)

Չեմպիոնների գավաթն առաջին անգամ Մեծ Բրիտանիա տանող թիմը «Սելտիկն» էր։ Ի դեպ, ակումբի կազմում խաղում էին բացառապես նրանք, ովքեր «Սելտիկ Պարկից» 50 կմ շառավղի վրա էին ծնվել: Այս մասին հիշում ենք ամեն անգամ, երբ առիթ է լինում խոսելու «Ինտերի» դեմ լիսաբոնյան եզրափակչից, բայց այդուհանդերձ Ջոկ Սթեյնի թիմի շատ հաջողություններ անտեսվում են: «Սելտիկը» պատմության մեջ առաջին թիմն է, ով ներքին առաջնության ու ազգային գավաթի հետ նաև Չեմպիոնների գավաթին արժանացավ:

«Այաքս» (1971-72թթ․)

5 տարի անց «Ինտերը» նորից եզրափակչում էր, բայց «Այաքսին» ոչինչ չկարողացավ կանգնեցնել: Յոհան Կրուիֆի 2 գոլը հաղթանակ պարգևեց ամստերդամյան ակումբին:

«ՊՍՎ» (1987-88թթ․)

«ՊՍՎ»-ի հետ աշխատելու հենց առաջին մրցաշրջանում Գուս Հիդիկը թիմին Նիդեռլանդների առաջնության չեմպիոն ու գավաթակիր դարձրեց, նվաճեց նաև Չեմպիոնների գավաթը: Դրանից հետո «ՊՍՎ»-ի 5 ֆուտբոլիստ Եվրոպայի չեմպիոն դարձավ Նիդեռլանդների կազմում:

«Մանչեսթեր Յունայթեդ» (1998-99թթ․)

Անգլիայի առաջնության եզրափակիչ տուրում պարտվելու դեպքում Ալեքս Ֆերգյուսոնի թիմը առանց չեմպիոնական տիտղոսի կմնար: Թիմը կարող էր զրկվել նաև Անգլիայի գավաթի եզրափակչին մասնակցելուց, բայց ավելի հուզիչ էր «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․․․ Արդյո՞ք արժե հիշեցնել այդ պատմական խաղն ու այն, որ դրամատիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդն» ի վերջո հաղթեց բոլոր 3 մրցաշարերում:

«Բարսելոնա» (2008-09թթ․)

Իսպանիայի գավաթի եզրափակչում Պեպ Գվարդիոլայի թիմը 4:1 հաշվով հաղթեց «Ատլետիկին», չեմպիոնական տիտղոսի ճանապարհին 6:2 տարբերությամբ առաջ անցավ «Ռեալից», իսկ Չեմպիոնների լիգայի եզրափակչում հեշտությամբ հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»: «Մենք պատմության լավագույն թիմը չենք, բայց պատմության մեջ լավագույն մրցաշրջանն ենք ունեցել ու 3 գավաթ նվաճել»,- համեստորեն հայտարարել է Գվարդիոլան:

«Ինտեր» (2009-10թթ․)

Առաջին երկու փորձի ժամանակ «Ինտերը» չկարողացավ առաջ անցնել «Սելտիկից» ու «Այաքսից», բայց երրորդ փորձը հաջողվեց: Ժոզե Մոուրինյուի թիմի գլխավոր աստղը Դիեգո Միլիտոն էր, ով Ա Սերիայի եզրափակիչ տուրում վճռորոշ գոլ խփեց, ապա միակ գնդակի հեղինակը դարձավ Իտալիայի գավաթի երափակչում, իսկ հետո 2 գոլ խփեց «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակչում:

«Բավարիա» (2012-13թթ․)

Յուպ Հայնկեսն ավելի քան հաջող ավարտեց «Բավարիայի» հետ աշխատանքն ու մարզչական կարիերան: Չեմպիոնների լիգայի լոնդոնյան եզրափակչից ոչ շատ ուշ նրա «Բավարիան» Բունդեսլիգայում 25 միավորի տարբերությամբ առաջ անցավ Դորտմունդի «Բորուսսիայից», վերջինիս դուրս թողեց Գերմանիայի գավաթի 1/4 եզրափակչից, ապա դարձավ գավաթակիր: «Բորուսսիան» մյունխենցիներից ամենածանր պարտությունը կրեց եվրագավաթի «Ուեմբլիի» եզրափակչում, որտեղ վերջին րոպեին գոլ բաց թողնելով՝ լուսատախտակին 1:2 հաշիվը թողեց:

«Բարսելոնա» (2014-15թթ․)

Լեո Մեսսիի, Նեյմարի ու Լուիս Սուարեսի հետ առաջին իսկ մրցաշրջանում «Բարսելոնան» դարձավ պատմության մեջ առաջին ակումբը, ում հաջողվեց կրկնել ոսկե հեթ-տրիկը: 2008-09թթ. մրցաշրջանի պես կատալոնացիներն Իսպանիայի առաջնությունում առաջ անցան «Ռեալից», գավաթի պայքարում հաղթեցին «Ատլետիկին», իսկ Չեմպիոնների լիգայի եզրափակչում 3:1 հաշվով առավելության հասան «Յուվենտուսի» նկատմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում