Արթուր Սողոմոնյան. «Փյունիկի» մարզադպրոցի համար 1-2 միլիոն դոլարի ներդրում կկատարեմ

Այսօր տեղի ունեցավ «Փյունիկի» նոր սեփականատեր Արթուր Սողոմոնյանի մամուլի ասուլիսը: Նա ներկայացրեց երևանյան ակումբի նոր ծրագրերը, խոսեց զարգացման ճանապարհների մասին:

Նախ մոկվայաբնակ գործարարը շնորհակալություն հայտնեց ակումբի ղեկավարությանը՝ նշելով, որ «Փյունիկը» միշտ լավ ֆուտբոլիստների դարբնոց է եղել՝ Էդգար Մանուչարյան, Հենրիխ Մխիթարյան, Գևորգ Ղազարյան: Այնուհետև շեշտեց, որ ակումբը իրեն է փոխանցվել անհատույց:

«Իհարկե, Հայաստանում ծախսերը շատ են այս ոլորտում, բայց լիահույս եմ, որ ամեն ինչ կփոխվի և բացի ինձանից այլ հայ ներդրողներ էլ կլինեն: Ակումբը ձեռք եմ բերել նաև այն պատճառով, որ հավանություն եմ տալիս այն քաղաքականությանը, որին նա դավանում է: Ցանկություն կա առաջանհերթ գումարներ ներդնելու մանկապատանեկան դպրոցում: Հստակ թիվ չեմ կարող ասել՝ մոտավորապես 1-2մլն եվրո: Պորֆեսիոնալ ֆուտբոլում ես դեռ նորեկ եմ, և շատ մանրուքներ պարզ կլինեն հետագայում»,- ասաց Սողոմանյանը։

Արթուր Սողոմոնյանը նշեց, որ ակումբի մարզաբազան շարունակում է մնալ Հայրապետյան ընտանիքի սեփականությունը, իսկ ակումբը երկարաժամկետ անհատույց վարճակալության է վերցնում այն:

Հնարավոր է՝ «Փյունիկը» վերանվանվի․

«Այս պահին կան որոշակի իրավաբանական հարցեր, բայց 4-5 տարբերակ ունենք, որոնցից մեկը «Արագածն» է»,- նշեց նոր սեփականատերը։

Արթուր Սողոմոնյանն ասաց, որ ակումբի ներքին հարցերին Ռուբեն Հայրապետյանը չի խառնվի, իսկ սպորտային հարցերով կզբաղվի Արմեն Գյուլբուդաղյանցը:

«Ես՝ որպես ֆուտբոլասեր, տեսնում եմ, թե ինչ է կատարվում հայկական ակումբային ֆուտբոլում: Շատ հետխորհրդային երկրների թիմեր խաղում են Եվրոպայի լիգայում, մենք՝ դեռ ոչ: Իրավիճակը փոխելու ցանկություն ունեմ, և սա առաջին փորձս է: Սիրողական և բարեգործական խաղեր եմ կազմակերպել, ձևավորել եմ ֆուտբոլային շրջապատ: Ցանկացա այդ «ակտիվը» բերել Հայաստան»:

Արթուր Սողոմոնյանը համոզված է, որ արդյունքը տեսանելի կլինի նվազագույնը երեք տարվա ընթացքում: Սկզբի համար նախատեսում է 3-4 լեգիոներներ հրավիրել թիմ․

«Հուսով ենք՝ հետագայում սեփական դպրոցի սաները կհամալրեն թիմը»:

Հարցին, թե արդյոք պատրաստվում են մանկապատանեկան մարզադպրոց հրավիրել արտասահմանցի մարզիչների, Արթուր Սողոմոնյանը պատասխանեց, որ դա իր դրական ու բացասական կողմերն ունի․

«Ճիշտ է, նրանք ծանոթ են եվրոպական ֆուտբոլի նորույթներին, բայց ոչ միշտ են հարմարվում տեղի մտածելակերպին: Կապի մեջ կլինենք նաև արտասահմանցի մասնագետների հետ»:

Հավելենք, որ Արթուր Սողոմոնյանը նավթաքիմիական բիզնեսով է զբաղվում մի շարք երկրներում՝ Ռուսաստանում, Սերբիայում, Լիտվայում, Ղազախստանում և այլն:

Հասմիկ Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում