Վիճակագրական թվեր, որոնք ավելի սպասելի են դարձնում եզրափակիչը

Չեմպիոնների լիգայի 2016-17թթ. խաղարկության «Յուվենտուս» – «Ռեալ» սպասվող եզրափակչի մասին խոսենք թվերով:

  • Եվս մեկ գոլ, և «Ռեալը» կդառնա Չեմպիոնների լիգայում (խմբային փուլից մինչև եզրափակիչ խաղը) 500 գոլ խփած առաջին ակումբը: 
  • Դանի Ալվեսը Չեմպիոնների լիգայում 99 խաղի է մասնակցել: Քարդիֆյան հանդիպմանը մասնակցելու դեպքում նա կդառնա 100-ի սահմանը հատած 31-րդ ֆուտբոլիստը: 
  • Կիսաեզրափակչի փուլի պատասխան խաղում «Ռեալը» պարտվեց «Ատլետիկոյին», և հիմա «Յուվենտուսը» միակ թիմն է, որ շարունակում էր առանց պարտության առաջ գնալ: Եթե թուրինցիներն առանց պարտության ավարտեն խաղարկությունը, կդառնան «Մանչեսթեր Յունայթեդից» հետո (2008) այս ցուցանիշին հասած առաջին թիմը։
  • «Ռեալն» ու «Յուվենտուսը» 6-րդ անգամ են խաղալու Չեմպիոնների լիգայի (նորագույն պատմություն) եզրափակչում և կրկնելու են «Միլանի» ռեկորդը: Թուրինցիները 5 եզրափակչից 4-ում պարտվել են և «առաջատար» են այդ ցուցանիշով: Չեմպիոնների լիգայում նրանց միակ հաղթանակը գրանցվել է 1996-ին, երբ 11-մետրանոց հարվածաշարով թուրինցիներն առաջ են անցել «Այաքսից»: «Ռեալն» իր 5 եզրափակիչն էլ հաղթանակով է ավարտել: 
  • «Ռեալից» բացի Չեմպիոնների լիգայի (մրցաշարի նորագույն պատմություն) եզրափակիչներում 100% արդյունք ունեցող թիմերն են՝ «Օլիմպիկ» (1993), «Պորտու» (2004) և «Ինտեր» (2010): 
  • Որևէ ակումբ չի կարողացել պաշտպանել Չեմպիոնների լիգայի տիտղոսը: «Միլանը» (1994, 1995), «Այաքսը» (1995, 1996), «Յուվենտուսը» (1996, 1997) և «Մանչեսթեր Յունայթեդը» (2008, 2009) մոտ են եղել կրկնակի չեմպիոնությանը: 

  • Եթե Եվրոպական չեմպիոնների գավաթը ևս հաշվի առնենք, ապա եզրափակիչներում Իսպանիայի և Իտալիայի ներկայացուցիչներն են ամենաշատը հանդես եկել՝ 27 անգամ: Իտալացիները 12 հաղթանակ են տոնել, իսկ իսպանացիները գավաթով 16 անգամ են դաշտը լքել:
  • Քարդիֆում «Ռեալի» հաղթանակի դեպքում իսպանական թիմերի հաղթանակը Չեմպիոնների լիգայում (նորագույն պատմության) կհատի 10-ի սահմանը (երկրորդն Իտալիան է՝ 5): Գավաթն այդ դեպքում 4-րդ անգամ անընդմեջ կտրվի Իսպանիայի առաջնությունը ներկայացնող թիմի: Մյուս երկրների ասոցիացիաները ներկայացնող թիմերը նույնիսկ 2 անընդմեջ հաղթանակ չեն կարողացել գրանցել: 
  • Սա իսպանական և իտալական ակումբների մասնակցությամբ Չեմպիոնների լիգայի 4-րդ եզրափակիչն է: Երեքական անգամ գավաթը վիճարկել են Անգլիայի ու Իսպանիայի թիմերը, 3 անգամ եզրափակչի երկու մասնակիցն էլ Ա Սերիայի ներկայացուցիչ է եղել: 

  • Չեմպիոնների լիգայի նախորդ 24 եզրափակիչներից 17-ում լրացուցիչ ժամանակի անհրաժեշտություն է եղել, 7 անգամ հաղթողը 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում է վճռվել: Ընդհանուր հաշվով եզրափակիչ խաղերում 65 գոլ է գրանցվել: Ամենատարածվածը 2:1 կամ 1:1 հաշիվն է (5-ական անգամ), 3 անգամ 1:0 է գրանցվել:
  • Եվրոպական չեմպիոնների գավաթում 17 անգամ (ընդհանուր պատմություն, ներառյալ 2016-ի եզրափակիչը), խաղը լրացուցիչ ժամանակ է տեղափոխվել: 1958, 1968, 1970, 1992 և 2014 թվականներին եզրափակչի ճակատագիրը որոշվել է լրացուցիչ ժամանակում: 1974-ին «Բավարիա» – «Ատլետիկո» խաղը 1:1 հաշվով է ավարտվել, որից հետո մյունխենցիները հաղթել են վերախաղարկման ժամանակ: Մյուս դեպքերում՝ 1984, 1986, 1988, 1991, 1996, 2001, 2003, 2005, 2008, 2012 և 2016 թվականներին գավաթակիրը 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում է վճռվել: Դրանցից վերջինում «Ռեալը» 5:3 հաշվով հաղթել է «Ատլետիկոյին»: 
  • Եզրափակչում ամենախոշոր հաշվով հաղթանակ տարած ակումբը «Միլանն» է: 1994-ին իտալական թիմը 4:0 հաշվով հաղթեց «Բարսելոնային»: «Միլանը» մասնակից է նաև ամենաարդյունավետ եզրափակչին, որը տեղի է ունեցել 2005-ին: «Միլանն» ու «Լիվերպուլը» 6 գոլից հետո հաղթողին 11-մետրանոց հարվածաշարի միջոցով պարզեցին: 
  • Եթե խոսենք ընդհանուր Եվրոպական չեմպիոնների գավաթի մասին, ապա հաշվի տարբերությունը 3 անգամ 4 գնդակով է եղել: «Ռեալը» 1960-ին 7:3 հաշվով հաղթել է «Այնտրախտին», իսկ «Բավարիան» (1974-ին «Ատլետիկոյի» դեմ) և «Միլանը» (1989-ին ընդդեմ «Ստյաուայի») 4:0 հաշվով են խաղացել:
  • Չեմպիոնների լիգայի եզրափակչում 3 գոլ խփած ֆուտբոլիստ չկա: Դանիելե Մասարոն («Միլան», 1994), Կառլ-Հայնց Ռիդլեն («Բորուսսիա Դորտմունդ»,1997), Էրնան Կրեսպոն («Միլան», 2005), Ֆիլիպո Ինձագին («Միլան», 2007) և Դիեգո Միլիտոն («Ինտեր», 2010) դուբլի հեղինակ են դարձել:
  • Ինչ վերաբերում է Եվրոպական Չեմպիոնների գավաթին, հեթ-տրիկի հեղինակ միայն Ֆերենց Պուշկաշն («Ռեալ», 1962) ու Պյերինո Պրատին («Միլան», 1969) են դարձել:
  • Միայն Ռաուլ Գոնսալեսը («Ռեալ», 2000 և 2002), Սամուել Էտոն («Բարսելոնա», 2006 և 2009), Լիոնել Մեսսին («Բարսելոնա», 2009 և 2011), Կրիշտիանու Ռոնալդուն («Մանչեսթեր Յւոնայթեդ», 2008, «Ռեալ», 2014) և Սերխիո Ռամոսը («Ռեալ», 2014 և 2016) են գոլ խփել Չեմպիոնների լիգայի երկու եզրափակիչներում: Ռոնալդուն և Ռամոսը կարող են դառնալ 3 եզրափակիչներում գոլ խփած առաջին ֆուտբոլիստները։
  • 18 ֆուտբոլիստ մեկից ավելի գոլ է խփել եզրափակիչներում: Քարդիֆում գոլերի քանակն ավելացնել կարող են «Յուվենտուսի» կազմում 2015-ին գոլ խփած Ալվարո Մորատան, 2014-ին «Ռեալի» կազմում աչքի ընկած Մարսելոն և Գարեթ Բեյլը: Առաջատարները 7 գոլով Ալֆրեդո դի Ստեֆանոն և Ֆերենց Պուշկաշն են:
  • 51-րդ վայրկյանին Պաոլո Մալդինիի խփած գոլն ամենաարագն է Չեմպիոնների լիգայի եզրափակչում (2005): 
  • Չեմպիոնների լիգայի կամ Չեմպիոնների գավաթի եզրափակչում կարմիր քարտ են ստացել միայն Յենս Լեմանը («Արսենալ», 2006) և Դիդյե Դրոգբան («Չելսի», 2008):
  • «Յուվենտուսը» կարող է դառնալ ոսկե հեթ-տրիկ ձևակերպող 9-րդ ակումբը։ Վերջին անգամ այդ հաջողությանը 2015-ին «Բարսելոնան» է հասել: Մասիմիլիանո Ալեգրին կարող է միանալ Ալեքս Ֆերգյուսոնին, Պեպ Գվարդիոլային, Ժոզե Մոուրինյուին, Յուպ Հայնկեսին ու Լուիս Էնրիկեին, եթե իր թիմը հեթ-տրիկի հեղինակ դառնա:
  • «Ռեալի» հաղթանակի դեպքում Կրիշտիանու Ռոնալդուն կկրկնի Կլարենս Զեդորֆի ռեկորդը և կդառնա Չեմպիոնների լիգայի քառակի չեմպիոն: 
  • «Յուվենտուսի» հաղթանակի դեպքում Ջանլուիջի Բուֆֆոնը կդառնա ամենատարեց գավաթակիրը: Եզրափակչի օրը իտալացին 39 տարեկան և 126 օրական է։

Աղբուրը` uefa.com

Հետևեք մեզ նաև Telegram-ում