5 «ծուղակ» «Ռեալի» համար Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ

Ժամեր անց Ուելսի քարդիֆյան մթնոլորտը լցվելու է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակչի էներգիայով: Իրենց ազգային առաջնություններում չեմպիոն դարձած «Ռեալը» և «Յուվենտուսը» կորոշեն, թե գավաթն այս անգամ ուր է ուղևորվելու: Տեսնենք, թե մրցակցից բացի էլ ինչի՞ց պետք է զգուշանա մադրիդյան ակումբը, որպեսզի կարողանա պատմական հաջողության հասնել:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը սնահավատների համար չէ: Բանն այն է, որ մի շարք հանգամանքներ բոլորովին էլ «Ռեալի» օգտին չեն «Յուվենտուսի» դեմ առաջիկա եզրափակչի շեմին: «Ծուղակներ» կան, որոնք կարող են Զինեդին Զիդանի թիմին խոչընդոտել 12-րդ գավաթը նվաճելու ճանապարհին: 

Առաջին «ծուղակը» դուբլն է: Դեռևս ոչ մի ակումբ Չեմպիոնների լիգայի գավաթը երկու անգամ անընդմեջ գլխավերևում չի պահել: 3 թիմ տարբեր տարիների մոտ է եղել այդ նպատակին։ 1993-94թթ. «Միլանը» հաղթեց «Բարսելոնային», բայց հաջորդ մրցաշրջանում հանդիպեց «Այաքսին» ու չկարողացավ պաշտպանել տիտղոսը: Հոլանդիան ներկայացնող թիմը ևս չկարողացավ կրկնել հաղթանակն ու հաջորդ մրցաշրջանում «Յուվենտուսին» պարտվեց: Վերջինս իր հերթին 1996-97թթ. երկրորդ անգամ անընդմեջ դուրս եկավ եզրափակիչ ու պարտվեց «Բորուսսիային»: 11 տարի անց Չեմպիոնների լիգայի գավաթը «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճեց: Ֆերգյուսոնի թիմը 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում հաղթեց «Չելսիին», իսկ մեկ տարի անց պարտվեց «Բարսելոնային»:

«Նախկինի» անեծքը

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստներ Գոնսալու Իգուայինն ու Սամի Խեդիրան Քարդիֆում Զիդանի թիմի համար գլխավոր վտանգներն են լինելու: Հենց նրանցից է պետք վտանգավոր գոլեր սպասել: Հիշենք Ալվարո Մորատային, ով 2014-15թթ. «Յուվենտուսի» կազմում խփած գոլով «Ռեալին» դուրս թողեց կիսաեզրափակչից: Մորատայից առաջ մեկ այլ իսպանացի կար՝ Մորյենտեսը․ 2003-04թթ. Ֆերնանդոն վարձավճարի դիմաց «Մոնակոյում» էր խաղում և Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում 2 գոլ խփելով «Ռեալին»՝ թիմին տուն ճանապարհեց:

Կենտ տարի

«Ռեալը» կենտ տարում երբեք Եվրոպական ակումբային առաջնությունների գլխավոր գավաթը չի նվաճել: Մրցաշարի անվանափոխությունից հետո մադրիդյան ակումբը 5 անգամ գավաթակիր է դարձել: 1998-ին «Ռեալը» հաղթել է «Յուվենտուսին», 2000-ին՝ «Վալենսիային», 2002-ին՝ «Բայերին» և 2014, 2016 թվականներին՝ «Ատլետիկոյին»:

Իտալացիները

Պատմությունն ասում է, որ «Յուվենտուսն» է հաղթելու: Բանն այն է, որ 7 տարին մեկ անգամ գավաթն անպայման Իտալիա է գնում: Առաջնության նոր ձևաչափում վիճակագրությունն այսպիսին է՝ 2009-10թթ․ մրցաշրջան՝ «Ինտեր», 2002-03թթ․ մրցաշրջան՝ «Միլան», 1995-96թթ․ մրցաշրջան՝ «Յուվենտուս»:

Մարզահագուստը

Մանուշակագույն մարզահագուստը վերջին «ծուղակն» է, որի հետ «Ռեալը» պետք է առերեսվի: Զիդանի թիմն այդ մարզահագուստով անցնող մրցաշրջանում 2 պարտություն են կրել (ընդհանուր 5-ից, «Վալենսիայի» և «Սևիլյայի» դեմ խաղերում): 

Սրանք ընդամենը սնահավատական ծուղակներ են, որոնց պատմություն կերտել ցանկացող և դրան համապատասխան խաղ ցուցադրող թիմը կարող է ուշադրություն չդարձնել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում