«Յուվենտուս» – «Ռեալ». Նախորդ հանդիպումները (տեսանյութեր)

ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը «Յուվենտուսի» և «Ռեալի» համար 19-րդ պաշտոնական հանդիպումն է լինելու: Թիմերից յուրաքանչյուրը 8-ական հաղթանակ ունի, 2 ոչ-ոքի: Նշենք, որ իտալացիներն իսպանացիներից շատ գոլ են խփել` 21-ը 18-ի դիմաց: Ներկայացնում ենք  55-ամյա հակամարտության պատմությունը։ 

Չեմպիոնների գավաթ – 1961-62թթ․, 1/4 եզրափակիչ
«Յուվենտուս» – «Ռեալ»՝ 0:1
«Ռեալ»-«Յուվենտուս»՝ 0:1
«Ռեալ»-«Յուվենտուս»՝ 3:1 (վերախաղարկում Փարիզում)

1/4 եզրափակչի հաղթողին վճռելու համար 3 խաղ անցկացվեց: Երբ Ալֆրեդո դի Ստեֆանոն Թուրինում շրջանցեց 2 պաշտպանի ու գոլ խփեց, թվում էր, թե հակամարտությունն ավարտված էր: «Ռեալն» այդ ժամանակ եվրագավաթի սեփական դաշտում անցկացրած 22 հանդիպումներից և ոչ մեկում չէր պարտվել, բայց «Յուվենտուսը» խիզախեց հաղթել: Օմար Սիվորին գոլ խփեց Ջոն Չարլզի փոխանցումից հետո և Թուրինում հաղթանակ բերեց «Յուվեին»: Փարիզում վերախաղարկվեց հանդիպումը, որտեղ Ֆելյոյի արագ գոլից հետո Սիվորին հավասարեցրեց հաշիվը, բայց Լուիս դել Սոլի և Խուստո Տեխադայի գոլերի շնորհիվ «Ռեալը» հաղթող դուրս եկավ:

Չեմպիոնների գավաթ-1986-87թթ․ մրցաշրջան, 2-րդ տուր

«Ռեալ» – «Յուվենտուս»՝ 1:0
«Յուվենտուս» – «Ռեալ»՝ 1:0 (լր. ժամանակ, 11-մետրանոց՝ 1:3)

25 տարի անց թիմերը կրկին հանդիպեցին: Սեփական դաշտում «Ռեալի» ֆուտբոլիստ Էմիլիո Բուտրագենյոյի գոլի շնորհիվ տարած հաղթանակից հետո «Կոմունալե» մարզադաշտում «Յուվեի» ավագ Անտոնիո Կաբրինին հաղթանակ բերեց իր թիմին: 1/4 եզրափակչի ճակատագիրը որոշվեց 11-մետրանոց հարվածաշարը: Թիմերն առաջին փորձը ձախողեցին, ապա Բուտրագենյոյի, Վալդանոյի ու Խուանիտոյի գոլերը մադրիդցիներին հաղթանակ բերեցին:

Չեմպիոնների լիգա – 1995-96թթ․ մրցաշրջան, 1/4 եզրափակիչ
«Ռեալ» – «Յուվենտուս»՝ 1:0
«Յուվենտուս» – «Ռեալ»՝ 2:0

Մրցաշարի նորագույն փուլում թիմերի առաջին հանդիպումն ավարտվեց «Յուվենտուսի» հաղթանակով: Մեկնարկային խաղում միակ գոլը Ռաուլ Գոնսալեսը խփեց, բայց այդ ժամանակ ավելի կարևորվեց իտալացիների դարպասապահ Անջելո Պերուցիի դերը, նա թույլ չտվեց մադրիդցիներին մեծացնել առավելությունը։ «Յուվենտուսը» պատասխան խաղում հաղթեց ու Ալեսանդրո դել Պյերոյի, Միկելե Պադովանոյի գոլերի շնորհիվ կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց:

Չեմպիոնների լիգա – 1997-98թթ․ մրցաշրջան, եզրափակիչ
«Յուվենտուս» – «Ռեալ»՝ 0:1

Եզրափակիչն Ամստերդամում անցկացվեց: «Ռեալը» եվրոպական չեմպիոնների գավաթին 32 տարի էր սպասել ու Պրեդրագ Միյատովիչի շնորհիվ նվաճեց այն: Սերբ ֆուտբոլիստը հաղթական գնդակն ուղարկեց Պերուցիի դարպասը:

«Այդ խաղն ու այդ գնդակն ինձ համար տեղ ապահովեցին «Ռեալի» պատմության էջերին։ Հիմա, երբ հայացք եմ գցում կարիերայիս, կարող եմ ասել, որ միայն հանուն այդ պահի արժեր ֆուտբոլ խաղալ»,- ավելի ուշ ասաց Միյատովիչը:

Չեմպիոնների լիգա – 2002-03թթ․ մրցաշրջան,  կիսաեզրափակիչ
«Ռեալ» – «Յուվենտուս»՝ 2:1
«Յուվենտուս» – «Ռեալ»՝ 3:1

Պատասխան խաղից առաջ խոսակցություններ կային Զինեդին Զիդանի Թուրին վերադարձի մասին, իսկ ֆրանսիացին իր համար երբեմնի հարազատ մարզադաշտում ոչնչով աչքի չընկավ: «Յուվենտուսը» Դավիդ Տրեզեգեի ու Դել Պյերոյի գոլերի շնորհիվ 2 գնդակի առավելություն ստացավ, ընդ որում՝ Ջանլուիջի Բուֆֆոնը կարողացավ հետ մղել Լուիշ Ֆիգուի տուգանային հարվածը: Պավել Նեդվեդը երրորդ գնդակն ուղարկեց հյուրերի դարպասը: Հերթը հասավ լեգենդար ֆրանսիացուն․ Զիդանը գոլ խփեց, բայց հենց դրանով էլ սահմանափակվեց: Այդ խաղում «Ռեալի» պարտությունից շատ հիշվեց Նեդվեդի հուսահատությունը, ով զգուշացվելուց հետո զրկվեց եզրափակչում խաղալու հնարավորությունից: Որոշիչ խաղում թուրինցիները պարտվեցին «Միլանին»:

Չեմպիոնների լիգա – 2004-05թթ․, 1/8 եզրափակիչ
«Ռեալ» – «Յուվենտուս»՝ 1:0
«Յուվենտուս» – «Ռեալ»՝ 2:0 (լր. ժամանակ)

«Յուվեն» երրորդ անգամ «Ռեալին» հաղթեց երկխաղյա դիմակայությունոււմ: Առաջին խաղից հետո թուրինցիները Իվան Էլգերայի գոլի արդյունքում 0։1 հաշվով պարտվում էր, բայց պատասխան խաղի ավարտից 15 րոպե առաջ Տրեզեգեի խփած գոլին մեկն էլ ավելացրեց Մարսելո Սալայետան:

«Սովորաբար անվրդով Կապելոն Սալայետայի գոլից հետո ցատկելիս ասես «Յուվենտուսի» շարքային երկրպագու լիներ։ Դա երեկոյի զարդն էր»,- հաջորդ օրը գրեց «Tuttosport»-ը:

Չեմպիոնների լիգա – 2004-05թթ․ մրցաշրջան, խմբային փուլ
«Յուվենտուս» – «Ռեալ»՝ 2:1
«Ռեալ» – «Յուվենտուս»՝ 0:2

Խմբային փուլի ավարտից 2 տուր առաջ «Յուվենտուսը» Մադրիդում տարած հաղթանակի շնորհիվ առաջինն էր քառյակում:

«Տեղացի երկրպագուները ոտքի կանգնած ծափահարում էին ինձ խաղից հետո: Ցանկանում եմ նրանց շնորհակալություն հայտնել։ Մենք շատ ուրախ ենք այդ պահն ապրելու համար հատկապես, երբ «Յուվենտուսը» 46 տարի այստեղ չէր կարողանում հաղթել»,- պատմում է դուբլի հեղինակ դարձած Դել Պյերոն։ Մադրիդցիները երկրորդ տեղով դուրս եկան խմբից, իսկ 1/8 եզրափակչից դուրս մնացին պայքարից:

Չեմպիոնների լիգա – 2013-14թթ․ մրցաշրջան, խմբային փուլ
«Ռեալ» – «Յուվենտուս»՝ 2:1
«Յուվենտուս» – «Ռեալ»՝ 2:2

Չեմպիոնների լիգայի այդ խաղարկությունում ռեկորդային՝ 17 գոլ խփած Կրիշտիանու Ռոնալդուն 3 անգամ աչքի էր ընկել «Յուվենտուսի» դեմ խաղերում՝ երկու գնդակ՝ Մադրիդում և մեկը՝ Թուրինում:

«Բնականաբար գոլերը կարևոր են, բայց ես ռեկորդների մասին չեմ մտածում, այլ փորձում եմ օգնել իմ թիմին»,- ասել է Ռոնալդուն: Խմբային փուլի ավարտին «Յուվենտուսը» ուղևորվեց ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգա, իսկ «Ռեալը» գնաց մինչև վերջ ու 10-րդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի բաղձալի գավաթը:

Չեմպիոնների լիգա-2014-15թթ․ մրցաշրջան, կիսաեզրափակիչ
«Յուվենտուս» – «Ռեալ»՝ 2:1
«Ռեալ» – «Յուվենտուս»՝ 1:1

2003-ից հետո առաջին անգամ «Յուվենտուսը» հասավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: Սեփական դաշտում թուրինցիները նվազագույն առավելության հասան Ալվարո Մորատայի ու Կարլոս Տևեսի ջանքերի շնորհիվ: Աչքի ընկավ նաև Կրիշտիանու Ռոնալդուն: Պատասխան խաղի 23-րդ րոպեին պորտուգալացի հարձակվողն իսպանացիներին առաջ մղեց, բայց վճռորոշ գոլի հեղինակը մադրիդյան թիմից Թուրին տեղափոխված Մորատան էր․․․

Հետևեք մեզ նաև Telegram-ում